ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան վերադառնալու ճանապարհները՝ ըստ երկրների (թարմացվող)

Աշխարհում պանդեմիայի պատճառ դարձած նոր կորոնավիրուսի պատճառով բազմաթիվ երկրներ ամբողջությամբ կամ մասնակիորեն սահմանափակում են տեղաշարժն իրենց ցամաքային և օդային տարածքներով։ Իրենց չվերթներում սահմանափակումներ և չեղարկումներ են անում նաև շատ ավիաընկերություններ։ Նման պայմաններում արտերկրում գտնվող և տուն վերադառնալ ցանկացող Հայաստանի քաղաքացիները կարող են բախվել մի շարք դժվարությունների, ինչպես, օրինակ, չեղարկված ավիաչվերթների կամ կարանտինային ռեժիմների։

Համագործակցելով Հայաստանի Արտաքին գործերի նախարարության, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և Առողջապահության նախարարության հետ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ներկայացնում է տեղեկություններ կապված աշխարհի մի շարք երկրներում համաճարակային իրավիճակի հետ՝ ՀՀ քաղաքացիների տեղաշարժման հնարավոր սահմանափակումների վերաբերյալ պատկերացում կազմելու համար։ Երկրների ցանկը հաջորդիվ լրացվելու և թարմացվելու է։

Նշենք, որ ներկայացվածը չի վերաբերում միջպետական պատվիրակություններին և դիվանագիտական անձնագրով անձանց։

Ավստրիա

Երկուշաբթի օրվանից՝ 16.03.2020, ժամը 24:00-ից կդադարեցվի Շվեյցարիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի հետ Ավստրիայի օդային և երկաթուղային հաղորդակցությունը:

Երեքշաբթի օրվանից՝ 17.03.2020, կդադարեցվի Միացյալ Թագավորության, Նիդերլանդների, Ռուսաստանի և Ուկրաինայի՝ Ավստրիայի հետ օդային հաղորդակցությունը:

Չեղարկվել են «Ավստրիական ավիաուղիների»՝ ս․թ․ մարտի 18-ից սկսած բոլոր ուղղություններով կանոնավոր չվերթերը՝ այդ թվում նաև դեպի Երևան։

Մարտի 20-ին, սակայն, կայանալու է Wizz Air ավիաընկերության առաջին չվերթը Վիեննա-Երևան-Վիեննա ուղղությամբ։ Չվերթը մեկնարկելու է «Վիեննա-Շվեխատ» օդանավակայանից Վիեննայի ժամանակով 13։55-ին և Երևան կժամանի Երևանի ժամանակով 20:25-ին:

Արաբական Միացյալ Էմիրություններ

«Ֆլայդուբայ» ավիաընկերությունը չեղարկել է մարտի 18-ից մինչև մարտի 31-ը Դուբայ-Երևան-Դուբայ բոլոր չվերթերը, բացառությամբ՝ մարտի 23, 30-ի չվերթերի։ Բացի սա, «Էյր Արաբիա» ավիաընկերությունը, որն իրականացնում էր Շարժա-Երևան-Շարժա ուղղությամբ շաբաթական 7 կանոնավոր չվերթ, չեղարկել է մարտի 19-ից մինչև մարտի 28-ը բոլոր չվերթերը, բացառությամբ՝ մարտի 20-ի չվերթի։

Բելառուս

«Բելավիա» ավիաընկերությունը չեղարկել է մարտի 18, 31-ի և ապրիլի 3, 5, 10, 14, 19-ի չվերթերը, ավիաընկերությունը իրականացնելու է միայն մարտի 22 և 25-ի չվերթերը։

Գերմանիա

Գերմանիայում մարտի 16-ի առավոտյան ժամը 08:00-ից փակ են 5 հարևան երկրների՝ Ֆրանսիայի, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի, Շվեյցարիայի և Դանիայի հետ սահմանները: Սահմանային անցակետերին իրականացվում են ստուգումներ:

ԳԴՀ քաղաքացիները և ԳԴՀ-ում մշտական կացության իրավունք ունեցող անձինք կարող են մուտք գործել Գերմանիա: Մնացյալ ճամփորդողները, առանց հատուկ կարևորության հիմքերի, չեն կարող նշյալ 5 երկրներից մուտք գործել ԳԴՀ:

Օտարերկրյա պետությունների այն քաղաքացիները, որոնք ժամանակավորապես գտնվում են Գերմանիայում (գործող Շենգենյան մուտքի արտոնագրով՝ զբոսաշրջություն կամ ժամանակավոր գործուղում) և նրանց մուտքի արտոնագրի ժամկետը լրանում է, պետք է դիմեն տվյալ քաղաքի օտարերկրացիների հարցերով պատասխանատու գերատեսչություն (Ausländerbehörde)՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ Գերմանիայում գտնվելու կեցության ժամկետը երկարաձգելու/օրինականացնելու նպատակով։

Եգիպտոս

Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ Շարմ էլ-Շեյխ-Երևան ուղղությամբ թռիչքը տեղի է ունենալու մարտի 19-ին՝ ժամը 02։50-ին։ Դեսպանությունը կոչ է անում Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադառնալ հենց այդ չվերթով։

Հետագա թռիչքների վերաբերյալ տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։

Թայլանդ 

Կորոնավիրուսի ամենամեծ ազդեցությանը ենթարկված երկրներից և տարածքներից (ՉԺՀ՝ ներառյալ Մակաո, Հոնգ Կոնգ, Հվ․Կորեա, Իրան, Իտալիա, Ճապոնիա) բոլոր ժամանողները պարտավոր են ներկայացնել իրենց առողջական վիճակի մասին պաշտոնական տեղեկանք, առանց որի նրանց մուտքը երկիր հնարավոր չի լինի:

Բոլոր մնացած երկրների քաղաքացիները (մարտի 11-ի դրությամբ) սահմանի հատման դեպքում պարտավոր են անցնել ջերմության զննում:

Իտալիա

«ՌայնԷիր» ավիաընկերությունը չեղարկել է բոլոր չվերթները: Վերջին 14 օրում Իտալիայում եղած քաղաքացիները Հայաստան մտնելիս ենթական են պետական պարտադիր կարանտինի:

Իսրայել

Չեղարկվել են «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության՝ Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղությամբ մարտի 26, 29-ի և ապրիլի 2, 5, 16, 28-ի չվերթները։

Իրան

«Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն օդային փոխադրումները չեղարկվել են մինչև ս․թ․ մարտի 31-ը ներառյալ, ինչպես նաև ապրիլի 1-ից մինչև ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում երեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին իրականացվելիք չվերթները։

Լեհաստան

Լեհական LOT ավիաընկերությունը մարտի 17-ից մինչև մարտի 28-ը չեղարկել է դեպի Երևան բոլոր չվերթերը։

Լիբանան

Չեղարկված են «Միդլ Իսթ Էյրլայնզ» ավիաընկերության Բեյրութ-Երևան-Բեյրութ մարտի 21, 24-ի չվերթները։

Լիտվա

Մարտի 16-ից արգելված է Լիտվա օտարերկրացիների մուտքի արգելքը, բացառությամբ Լիտվայի քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների, Լիտվայում բնակվելու և աշխատելու կարգավիճակ ունեցողների: Նույն որոշմամբ նվազելու է նաև Լիտվա մուտք գործելու հնարավորություն ընձեռող սահմանային անցակետերի քանակը։

Wizz Air ավիաընկերությունը չեղարկել է դեպի Լիտվա և Լիտվայից արտերկիր բոլոր ավիաչվերթները։ Ըստ այդմ, ս․թ․ մարտի 20-ից նախատեսված Վիլնյուս-Երևան ուղիղ չվերթի բացումը անորոշ ժամանակով հետաձգվում է։ WizzAir-ն իր պատրաստակամությունն է հայտնել փոխհատուցել բոլոր գնված ավիատոմսերի արժեքը, որոնց վերաբերյալ ուղևորներին ավիաընկերության կողմից կուղարկվի անհատական ծանուցում։

Մոլդովա 

Մարտի 14-ից արգելված է օտարերկրացիների մուտքը Մոլդովա:

Մոնղոլիա

Մարտի 10-ից առնվազն մինչև մարտի 28-ը Մոնղոլիան արգելել է արտերկրից բոլոր օտարերկրյա քաղաքացիների մուտքը, արգելափակված են ինքնաթիռների չվերթները, երկաթուղային հաղորդակցությունը և ավտոերթևեկությունը:

Ղազախստան 

Մարտի 12-ից Ղազախստանի տարածք արգելվում է մուտք գործել այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք վերջին 30 օրվա ընթացքում գտնվել են Չինաստանի, Իրանի, Հարավային Կորեայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի տարածքում։

Չեխիա

Չեխիայում մարտի 16-ից գործում են երկիր մուտք գործելու և երկիրը լքելու հատուկ կարգ և սահմանափակումներ։ Սահմանափակումները տարածվում են բոլոր երկրների վրա։

Չինաստան

Մարտի 17-ի 00։01-ից բոլոր օտարերկրացիները, որոնք ժամանում են Պեկին (բոլոր չվերթները ժամանելու են միայն Պեկինի միջազգային օդանավակայան) համապատասխան նախնական զննումից հետո կենտրոնացված տեղափոխվելու են հատուկ նախատեսված կուտակման կետ՝ (էքսպո կենտրոն) 14 օրյա կարանտին անցնելու նպատակով։ Ընդ որում, կարանտինն իրականացվելու է կառավարության կողմից հաստատված վայրերում՝ հյուրանոցներում, ուղևորների հաշվին։

Այն ուղևորները, որոնք Պեկին են ժամանում տարանցիկ, նույն օրվա ընթացքում մեկնելու պարագայում, սպասում են օդանավակայանի հատուկ վայրում, ապա ուղեկցվում իրենց հաջորդ թռիչքի տերմինալ։ Իսկ հաջորդ օրը մեկնելու պարագայում տեղավորվում են պետության կողմից նշված հյուրանոցում՝ իրենց հաշվին, ապա ուղեկցվում հաջորդ թռիչքի տերմինալ։

Այն ուղևորները, որոնք Պեկին են ժամանում տարանցիկ, ապա ուղևորվում այլ նահանգներ, պարտավոր են ենթարկվել տվյալ նահանգում կամ քաղաքում գործող կարանտինային կարգին։

Շանհայ և Գուանջոու քաղաքներում բոլոր ուղևորները, համապատասխան բժշկական զննումից հետո, պետք է անցնեն 14-օրյա ինքնամեկուսացում, ինչը հնարավոր է իրականացնել ըստ բնակության վայրերի (եթե համատիրությունների կողմից այլ որոշում չկա)։ Բժշկական սպասարկման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են քաղաքացիների կողմից, որի համար հնարավոր է օգտագործել նաև Չինաստանում գործող բժշկական ապահովագրությունը։

Ռուսաստան

Այս պահի դրությամբ երկու շաբաթ ժամկետով Հայաստանի և Ռուսաստանի միջև սահմանափակվում են ուղևորափոխադրումները՝ միաժամանակ ապահովելով երկու երկրների քաղաքացիների վերադարձը։ Դա կարգավորվելու է կառավարության որոշմամբ և առայժմ պարզ չէ, թե դա ինչպես է տարածվելու ՀՀ քաղաքացի չհանդիսացող, բայց ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ հանդիսացող մարդկանց վրա։

Մարտի 18-ից մինչև մայիսի 1-ը սահմանափակվելու է օտարերկրացիների մուտքը Ռուսաստան, բացի այն դեպքերի, երբ քաղաքացիներն այցելում են հարազատների հուղարկավորության համար։

Սահմանափակումները չեն վերաբերելու բեռնափոխադրումներին։

Անհրաժեշտ է նշել, որ Ռուսաստանի տարածքով Հայաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիները պետք է ձեռք բերեն միանգամից տրանզիտ տոմսեր, այլ ոչ թե, օրինակ, դեպի Մոսկվա և Մոսկվայից Երևան առանձին տոմսեր։

Մարտի 17-ին հայտնի դարձավ, որ ռուսական Utair Airlines ավիաընկերությունը կորոնավիրուսի պատճառով դադարեցնում է թռիչքները դեպի Հայաստան, Ադրբեջան, Բելառուս և Տաջիկստան։

Չեղարկվել են նաև «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության կողմից սպասարկվող Երևան-Անապա-Երևան մարտի 2, 5, 9, 12, 16, 19, 23, 26, 30-ի չվերթները, ինչպես նաև ապրիլի 2-ից մինչև ապրիլի 13-ը ընկած ժամանակահատվածում երկուշաբթի և հինգշաբթի օրերին իրականացվելիք չվերթները։ Բացի սա, չեղարկվել են «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության կողմից սպասարկվող Թբիլիսի-Երևան-Մոսկվա/Վնուկովո/-Երևան-Թբիլիսի ուղղությամբ մարտի 17, 18, 19, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 30, 31-ի և ապրիլի 1, 2, 3, 4, 5-ի չվերթները։ «Ուրալ Էյրլայնզ» ավիաընկերությունը չեղարկել է մարտի 11-ի, ինչպես նաև մարտի 18-ից մինչև ապրիլի 29-ը ժամանակահատվածում երկուշաբթի և չորեքշաբթի օրերին իրականացվելիք չվերթերը Երևան-Եկատերինբուրգ-Երևան չվերթները։

Միևնույն ժամանակ, ՀՀ-ի և ՌԴ-ի միջև օդային հաղորդակցությունների սահմանափակումներով պայմանավորված՝ «Աերոֆլոտ» ավիաընկերությունը Մոսկվա-Երևան-Մոսկվա ուղղությամբ մարտի 19-ից մինչև մարտի 23-ը կիրականացնի օրական 4 չվերթ, իսկ մարտի 23-ից մինչև մարտի 28-ը կիրականացնի օրական 2 չվերթ։

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ մարտի 23-ից Ռուսաստանից դեպի Հայաստան թռիչքները կիրականացվեն բացառապես Մոսկվայից։

Մարտի 26-ին ՌԴ կառավարությունը հանձնարարել է «Ռոսավիացիային» ամբողջությամբ դադարեցնել կանոնավոր և չարտերային թռիչքները։ Դեպի Ռուսաստան թռիչքներ կթույլատրվեն միայն հայրենիք վերադարձող ՌԴ քաղաքացիների համար։

Սերբիա

Բելգրադի «Նիկոլա Տեսլա» միջազգային օդանավակայանը մարտի 19-ից ամբողջովին փակել է օդային հաղորդակցությունը։

Սլովակիա

Փակ են բոլոր երեք միջազգային չվերթներ իրականացնող օդանավակայանները։ Մարտի 13-ից Սլովակիա մուտք գործող անձինք պարտավոր են ենթարկվել կարանտինային ռեժիմի 14 օրով։

Վրաստան

Կորոնավիրուսի տարածման վտանգից ելնելով՝ Վրաստանը և Ռուսաստանը մարտի 16-ից (նախնական տեղեկատվությամբ՝ 16։00-ից սկսած) ժամանակավորապես փակում են սահմանը և դադարեցնում քաղաքացիների տեղաշարժը։

Այս որոշումը չի տարածվում բեռնափոխադրումների, ինչպես նաև Վրաստանի ու ՌԴ այն քաղաքացիների վրա, որոնք ցանկանում են վերադառնալ հայրենիք։ ՀՀ քաղաքացիները չեն կարողանալու հատել Վերին Լարսի անցակետը կամ որևէ այլ կերպ մտնել Վրաստան:

Վրացական ավիաուղիները չեղարկել են դեպի Երևան բոլոր չվերթները։ «Արմենիա» ավիաընկերությունը իրականացնում է Երևան-Թբիլիսի թռիչքներ, ինչի շնորհիվ քաղաքացիները կարող են Թբիլիսիի օդակայանն օգտագործել որպես տրանզիտային կետ (առանց օդակայանից դուրս գալու)՝ միայն եթե տրանզիտային տոմսը մեկ միասնական է (հակառակ պարագայում հնարավոր չի լինի նստել դեպի Թբիլիսի օդանավ)։ «Արմենիա» ավիաընկերության Երևան-Թբիլիսի թռիչքների մեծ մասը, սակայն, չեղարկվում է։

Ուկրաինա 

Սկսյալ 2020 թվականի մարտի 16-ի՝ Կիևի ժամանակով 00 ժամ 01 րոպեից երկու շաբաթ ժամկետով Ուկրաինայի պետական սահմանով չի իրականացվելու օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքն Ուկրաինայի տարածք, այդ թվում՝ տարանցիկ երթևեկության ռեժիմով։ Սա չի վերաբերում Ուկրաինայում մշտական կամ ժամանակավոր բնակության իրավունքի փաստաթուղթ ունեցող անձանց:

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը չեղարկել է ս.թ. մարտի 17, 18-ի չվերթերը, ինչպես նաև մարտի 19-ից մինչև մարտի 28-ը ժամանակահատվածում հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ օրերին իրականացվելիք չվերթերը, մարտի 22-ից մինչև մարտի 25-ը ժամանակահատվածում երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի, կիրակի օրերին իրականացվելիք չվերթերը և ապրիլի 1-ի չվերթը։

Բացի սա, չեղարկված են «Սքայ Ափ Էյրլայնզ» ավիաընկերության Կիև-Երևան-Կիև ուղղությամբ մարտի 20, 23, 27-ի չվերթները։

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ այն քաղաքացիները, որոնք Ուկրաինայի շրջաններից պետք է գան Կիևի «Բարիսպոլ» օդակայան մարտի 25-ին Կիև-Երևան թռիչքով Հայաստան վերադառնալու համար, պետք է նկատի ունենան, որ դադարեցված է Ուկրաինայի մարզերի միջև ներքին հաղորդակցությունը՝ ավիաթռիչքները, գնացքները, ավտոբուսները։

Քաթար

Qatar Airways-ը դադարեցնում է բոլոր չվերթերը դեպի Երևան մարտի 17-ից մինչև մայիսի 31-ը։

Ֆրանսիա

Ֆրանսիական Air France ավիաընկերությունը սովորականի պես շարունակում է Փարիզ-Երևան չվերթները։ Թռիչքներն իրականացվում են շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին։

Միևնույն ժամանակ, չեղարկվել են «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության կողմից սպասարկվող Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ մարտի 23, 30-ի, ապրիլի 2, 6, 9, 13-ի չվերթները։

Առնչվող