«Իրազեկ քաղաքացիների միավորումը» կհետևի Արցախի ընտրություններին

Sorry, this entry is only available in Armenian.

Ինչպես հայտնի է, 2020 թվականի մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում տեղի են ունենալու Նախագահի և Ազգային ժողովի ընտրություններ:
ՀՀ վարչապետի 192-Ա որոշմամբ ստեղծված մրցույթային հանձնաժողովի որոշմամբ «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» ՀԿ-ն հաղթել է դրամաշնորհային մրցույթը և որպես դրամաշնորհ ստացել 60 մլն դրամ ընտրությունների առաջին փուլի համար, իսկ նախագահական ընտրությունների հնարավոր երկրորդ փուլի դեպքում՝ ևս 20 մլն դրամ:

Գումարը կուղղվի կարճաժամկետ դիտորդական առաքելության, ընտրողների իրազեկման արշավին, հանրային մարմինների գործունեության դիտարկման և մեդիա մշտադիտարկման աշխատանքներին:

Ընտրությունների օրը դիտորդական առաքելությունը պատրաստվում է շուրջ 150 դիտորդով դիտարկել ընտրությունները 60 ընտրատեղամասում և 8 տարածքային ընտրական հանձնաժողովում: Դիտորդությունն իրականացվելու է «Անկախ դիտորդ» դաշինքի՝ Հայաստանում ընտրությունների դիտորդության մեթոդաբանության հիման վրա: Նախատեսվում է քարոզարշավի ողջ ընթացքում իրականացնել արցախյան բոլոր և հայաստանյան որոշ լրատվամիջոցների մշտադիտարկում, որն իրականացվելու է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ մեթոդաբանության՝ մեր կողմից Արցախի համար ադապտացված տարբերակով:
Ծրագրի սահմաններում առանձնակի ուշադրություն է դարձվելու Արցախի հանրային մարմինների (Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ոստիկանության ու իրավապահ այլ օղակների) գործունեությանը:
Արցախի ընտրողներին ընտրությունների կարևորության, գաղտնիության, ընտրակաշառքի անթույլատրելիության և կարևորագույն այլ ուղերձները կհասցվեն գովազդային վահանակների (բիլբորդերի) և տեսանյութերի միջոցով: Վերջիններս կտարածվեն թե՛ համացանցով և թե՛ Արցախում գործող հեռուստաընկերություններով:
Ծրագրում ներգրավված հիմնական անձնակազմը թե՛ Հայաստանում և Արցախում, թե՛ այլ պետություններում ընտրությունների դիտորդություն իրականացնելու, այն կազմակերպելու, ղեկավարելու և դրա ճյուղային ոլորտներում աշխատելու բազմամյա փորձ ունի:
Գումարից մոտ 10-ից 14 մլն դրամը «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակի» և կապալառուների կողմից վճարվելու է ՀՀ-ի և Արցախի Հանրապետության պետական բյուջեներ՝ եկամտային, ավելացված արժեքի, շրջանառության և այլ հարկերի տեսքով: Ծրագրի ընթացքում խնայված գումարները վերադարձվելու են Հայաստանի պետական բյուջե:

«Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ»

Related Posts: