Ռուսաստանյան ռազմական կայանը խոչընդոտում է Հայաստանում արդարադատության իրականացումը

Sorry, this entry is only available in Armenian and Russian.

2018 թվականի դեկտեմբերին Գյումրիում տեղացի կնոջը ծեծած ու սպանած ռուս զինծառայողի գործն արդեն մեկ տարի է, ինչ քննվում է Շիրակի մարզի ընդանուր իրավասության առաջին ատյանի դատարանում։

ՌԴ քաղաքացի, 102-րդ ռազմակայանի զինծառայող Ա Ռազգիլդյաևը մեղադրվում է այն բանի համար, որ 2018 թվականի դեկտեմբերի 2-ին` ժամը 07-ի սահմաններում, ալկոհոլի ազդեցության տակ փողոցում հետևել է գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանին, դիտավորությամբ հարվածներ հասցրել նրան, ինչն անզգուշությամբ առաջացրել է մահ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում 24-ամյա զինծառայողին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ 2019 թ օգոստոսի 16-ին քրեական գործի նախաքննությունն ավարտվել էր և քրեական գործն ուղարկվել էր դատարան։ 

Հայաստանի տարածքում գործող ռուսաստանյան ռազմաբազայի և ՀՀ հանրային մարմինների, այդ թվում՝ իրավապահ և դատական համակարգերի միջև փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված՝ ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին 1995 թվականի պայմանագրով և ռուսաստանյան ռազմաբազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ հայ-ռուսական 1997 թվականի համաձայնագրով։ 

Այսպես, ըստ վերոնշյալ պայմանագրի 1-ին հոդվածի, ռուսաստանյան ռազմաբազի զինվորական կազմավորումները պետք է գտնվեն հստակ նշված տարածքներում։  Իսկ համաձայնագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ ռուսաստանյան ռազմական բազայի կազմի մեջ մտնող անձանց և այդ անձանց ընտանիքների անդամների կողմից ՀՀ տարածքում կատարված հանցագործությունների և այլ իրավախախտումների վերաբերյալ գործերով կիրառվում է ՀՀ օրենսդրությունը, գործում են ՀՀ իրավասու մարմինները։  

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածը, իր հերթին, սահմանում է, որ Հայաստանի տարածքում՝ անկախ հանցանքի կատարման վայրից, բոլոր քրեական գործերի վարույթն իրականացվում է բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգքով։ Այսինքն, համաձայն այս կարգավորումների, ռուսաստանյան ռազմաբազայի զինծառայողների գործերը պետք է քննվեն ՀՀ օրենսդրության համաձայն։ 

Սակայն ինչպես երևում է գյումրեցի կնոջ սպանության գործից, քննության ընթացքի հենց սկզբից ՌԴ պաշտպանության նախարարությունը չի համագործակցել ՀՀ իրավապահ մարմինների հետ, այլ արհեստական խոչընդոտներ է ստեղծել գործի քննության համար։ 

Մասնավորապես, թեև ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ ձերբակալվածներին պահելու վայրերը և կալանավորվածներին պահելու վայրերը գործում են ՀՀ պետական կառավարման լիազորված մարմինների կառուցվածքներում, ամբաստանյալ Ռազգելդյաևը պահվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի տարածքում։ 

Ավելին, ի պատասխան դատարանի՝ ամբաստանյալ Ռազգիլդյաևի ներկայությունը դատական նիստերին ապահովելու պահանջին, ՌԴ պաշտպանության նախարարությունը պահանջում է Ռազգիլդյաևի անվտանգության գրավոր երաշխիքներ տրամադրել։ 

Հարկ է նշել, որ ՀՀ օրենսդրությունը, մասնավորապես՝ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը, արդեն իսկ երաշխավորում է կալանավորվածի անվտանգությունն ու հասարակական հետաքրքրվածությունից պաշտպանվածությունը, և դատարանը պարտավոր չէ լրացուցիչ երաշխիքներ ներկայացնել։ 

Հետևապես՝ ռուսաստանյան կողմի վերոնշյալ գործողությունները ոչ միայն հակասում են ռազմաբազայի մասին հայ-ռուսական պայմանագրին, համաձայնագրին և ՀՀ օրենսդրությանը, այլև կարող են հանցակազմ պարունակել՝ արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու մասով։ 

Սա առավել ուշագրավ է ռազմաբազայի մասին հայ-ռուսական պայմանագրի 9-րդ հոդվածի ֆոնին, որի համաձայն կողմերը պետք է ամեն կերպ աջակցեն հայաստանցիների ու ռազմաբազայի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների միջև բարյացակամ հարաբերությունների ամրապնդմանը, իսկ ռուսական կողմը պետք է պահպանի հայկական օրենսդրությունն ու չմիջամտի Հայաստանի ներքին գործերին։

Պատմությունը, սակայն, ցույց է տալիս, որ Գյումրիի ռուսաստանյան ռազմակայանի զինծառայողների կողմից կատարված հանցագործությունների դեպքում ՌԴ կողմը ոչ թե հետևում է հայ-ռուսական պայմանագրին ու փորձում համագործակցել հայկական կողմի հետ, այլ հակառակը՝ խախտում է ՀՀ օրենսդրությունն ու խոչընդոտում հայկական արդարադատության իրականացումը։ Նման խախտումների մենք անդրադարձել ենք բազմիցս, այդ թվում՝ կապված նաև Պերմյակովի և 2018-ի հուլիսին Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպի հետ։

Վաղարշ Աղաբեկյան,

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Related Posts: