ՀՌԱՀ 2 անդամները բավականին տարօրինակ են քվեարկել հեռարձակողների մրցույթի ժամանակ

Sorry, this entry is only available in Armenian.

Հեռուստաալիքների լիցենզավորման՝ 2021-ի հունվարին կայացած մրցույթի արդյունքում հանրապետության ամբողջ տարածքում հեռարձակվելու իրավունք էին ստացել «Արմենիա թիվի», «Երկիր մեդիա», «Շանթ», «A TV», «Կենտրոն թիվի» հեռուստաալիքները:

Իսկ մայրաքաղաքում հեռարձակվելու են «5-րդ ալիքը», «Արմնյուզը», «Առփի մեդիան», Freenews-ը, «Դար 21»-ը և  «Նոր Հայաստանը»: Մայրաքաղաքային սփռման սլոթում մեկ տեղ բաց էր մնացել, քանի որ մրցույթի միակ մասնակից «Շանթ սպորտը» չէր հավաքել անհրաժեշտ նվազագույն շեմի միավորը, 2021-ի ապրիլի 4-ին ՀՌԱՀ-ը նոր մրցույթ հայտարարեց այդ տեղի համար։ Մրցույթին մասնակցելու համար Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով հայտեր ներկայացրեցին «Փաստինֆո» ՍՊ, «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊ և «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունները։

Նշենք, որ «Փաստինֆո» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2019 թվականին։ Ընկերության հիմնադիրը նախկին գլխավոր դատախազ ու Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի նախկին խորհրդական Սոնա Տռուզյանն է։

«Հայկական երկրորդ հեռուստաալիքը» հիմնադրվել է 2000 թվականին, 50%-ի բաժնետերը Նատալյա Մարտինյանն է, մյուս 50%-ը պատկանում է գործարար Սամվել Մայրապետյանին։ Մայրապետյանը բաժնեմաս ունի նաև Ռոբերտ Քոչարյանի որդու հետ կապվող «Տոյոտա Երևան» ընկերությունում։

Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը, թեև ունի համապետական սփռման՝ բոլորիս հայտնի սլոթ, բայց նաև դիմել էր մայրաքաղաքային սփռման լրատվական հեռուստաալիք հիմնելու հայտով:

Մրցույթի արդյունքում հաղթել է Հանրայինը, իսկ Հ2-ը զրկվել է եթերից: Մենք ուսումնասիրել ենք հանձնաժողովի անդամների՝ հայտ ներկայացրած ընկերություններին տրված գնահատականները՝ հասկանալու, թե որքանով են մրցույթի արդյունքներն օբյեկտիվ։

Գնահատման կարգը

Անդրադառնալով ՀՌԱՀ-ում հայտերի գնահատմանը՝ նշենք, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտ ներկայացրած ընկերությունները գնահատում է հաշվի առնելով հետևյալ 7 կետերը՝ մեդիածառայություն մատուցողի նախանշված նպատակների իրագործման հիմնական ուղղությունների և միջոցառումների ընդհանրական նկարագիրը, ֆինանսական աղբյուրների հիմնական փաստաթղթերը, օգտագործվելիք տեխնիկական միջոցների վերաբերյալ տվյալները, աշխատակազմի քանակի, նրանց կրթության և մասնագիտության վերաբերյալ տեղեկությունները, էթիկայի կանոնագիրը, էթիկայի կանոնագրի դրույթների ապահովման ինքնակարգավորման միջոցները, գործող լիցենզավորված տեսալսողական մեդիածառայություն մատուցողի դեպքում՝ գործունեության իրականացման ընթացքում սլոթի օգտագործման լիցենզավորման հայտով ստանձնած պարտավորությունների համապատասխանությունը։

Մրցույթի արդյունքում հանձնաժողովն ամենաբարձր միավորները տվել է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ին՝ ընդհանուր 646 միավոր, Հ2-ը ստացել էր 635 միավոր, իսկ «Փաստինֆոն»՝ 595 միավոր։

Ընկերությունների ներկայացրած հայտերը գնահատում է հանձնաժողովը՝ 20 բալանոց համակարգով։ Հանձնաժողովի կազմի մեջ են մտնում ՀՌԱՀ-ի 6 անդամները՝ Արմեն Մկրտչյանը, Դավիթ Ամալյանը, Կորյուն Առաքելյանը, Հայկ Քոթանյանը, Ռոլանդ Շառոյանը, Վլադիմիր Օհանյանն ու ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։

Լուսանկարը՝ ՀՌԱՀ-ի էջից

Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամին տրվել է մեկական գնահատման թերթիկ՝ իր համարով։ Այսպիսով, հանձնաժողովի անդամները քվեարկել են հետևյալ համարների ներքո՝ 1. Վլադիմիր Օհանյան, 2. Կորյուն Առաքելյան, 3. Արմեն Մկրտչյան, 4. Դավիթ Ամալյան, 5. Տիգրան Հակոբյան, 6. Հայկ Քոթանյան, 7. Ռոլանդ Շառոյան։

Հասկանալու համար, թե արդյո՞ք հանձնաժողովի անդամների գնահատականներն օբյեկտիվ էին, ՀՌԱՀ-ին խնդրել էինք առանձին տրամադրել յուրաքանչյուր չափորոշիչի համար գնահատման արդյունքները, ինչպես նաև վերը նշված 7 կետերից յուրաքանչյուրի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունները։

Սեփական արտադրության գերակայությունը

«Փաստինֆո» ՍՊԸ-ի ներկայացրած փաստաթղթերի համաձայն՝ հաղորդացանցում ներառված հաղորդումների 80%-ը կազմելու էին սեփական արտադրության հաղորդումները, «Հայկական երկրորդ հեռուստաալիքը» նշել էր, որ հեռուստադիտողի պահանջմունքները բավարարելու նպատակով զգալիորեն ավելացրել է սեփական արտադրության հաղորդումների ծավալը՝ հասցնելով այն մոտ 80%-ի, իսկ ինչ վերաբերում է Հանրային հեռուստաընկերությանը, ապա 2020 թվականի տվյալներով՝ սեփական արտադրության հաղորդումներն արդեն իսկ կազմել են 85%-ը։ Ստացվում է, որ սեփական արտադրության հաղորդումների գերակայության մասով ամենալավ ցուցանիշները Հանրային հեռուստաալիքն է ապահովել (ընդ որում՝ ոչ թե խոստանում է, այլ արդեն ապահովել է)։ Չնայած դրան, 3-րդ և 4-րդ թվանշանի ներքո քվեարկած հանձնաժողովի անդամները` Արմեն Մկրտչյանը և Դավիթ Ամալյանը, Հանրային հեռուստաընկերությամբ սեփական արտադրության գերակայությունը գնահատել են, համապատասխանաբար, 17-ական միավոր, փոխարենը՝ 18-ական միավոր են տվել «Փաստինֆո» և «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ընկերություններին։

Ընդ որում՝ հատկանշական է այն հանգամանքը, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն արձանագրել է, որ թեև «Հայկական երկրորդ հեռուստաալիքը» նշել է սեփական արտադրության հաղորդումների գերակայության մասին, այնուամենայնիվ, ընկերությունը դեռ 2010 թվականի մրցութային հայտով էր պարտավորվել վերջին երկու տարիներին՝ 2019 և 2020 թվականներին ապահովել, համապատասխանաբար, 99.3% և 98.8% ծավալով հայրենական արտադրության հաղորդումներ և 80.7% և 80.2% ծավալով սեփական արտադրության հաղորդումներ, սակայն 2019 և 2020 թվականների համար փաստացի հեռարձակման ծավալները կազմել են, համապատասխանաբար, 58.2 % և 61.3% հայրենական արտադրության հաղորդումներ, իսկ 80.1% և 68.3%-ը՝ սեփական արտադրության հաղորդումներ: Այսինքն, անգամ իր կողմից ստանձնած պարտավորությունը «Հայկական երկրորդ հեռուստաալիքը» չի պահպանել:

Նկատենք, որ հանձնաժողովի մյուս անդամները, միջինում, այս ցուցանիշով Հանրայինը գնահատել են 18 միավոր, Հ2-ը՝ 14 միավոր, իսկ «Փաստինֆոն»՝ 13 միավոր:

Հայերեն հաղորդումների գերակայությունը

«Փաստինֆո» ՍՊԸ-ն նշել էր, որ հաղորդումների ամսական ընդհանուր ժամաքանակի 90%-ը կազմելու են հայերեն հաղորդումները։

«Հայկական երկրորդ հեռուստաալիքը» ընդգծել էր, որ կարևորելով արտասահմանյան կոնտենտի առկայությունը եթերում՝ միշտ կարևորվել է օրենքի պահանջին համապատասխան ծավալով այն հայերեն թարգմանված մատուցելը, և որ ֆիլմերի կրկնօրինակումը կատարվում է որակյալ, որը սկզբունք է, որպեսզի չվնասվի մեդիա կոնտենտի օրիգինալը, իսկ որպես թարգմանության ոչ ենթակա արտադրանք նշվել են արտասահմանյան համերգներն ու տեսահոլովակները։ Սակայն ՀՌԱՀ-ի կողմից եթերի փաստացի դիտարկման համաձայն, 2019 և 2020 թվականներին հեռարձակված, համապատասխանաբար, 190 ֆիլմերից միայն 6-ը և 181 ֆիլմերից միայն 10-ն է հեռարձակվել հայերեն: «Հայաստանի հանրային հեռուստաընկերության» 2019 և 2020 թթ․ յուրաքանչյուր տարվա կտրվածքով հեռարձակված հաղորդումների առնվազն 98%-ը կազմել են հայերեն հաղորդումները։

Այս դեպքը միակն է, երբ հանձնաժողովի բոլորն անդամներն ամենաբարձր միավորները տվել են Հանրայինին: Այդուհանդերձ, հանձնաժողովի անդամներից Արմեն Մկրտչյանը նույն գնահատականն է տվել և՛ «Փաստինֆոյին», և՛ Հ1-ին՝ 19 միավոր, Հ2-ում հայերեն հաղորդումների գերակայության վերաբերյալ չափորոշիչը Արմեն Մկրտչյանը գնահատել է 18 միավոր: Հանձնաժողովի մյուս անդամներն իրենց քվեարկությամբ հստակ ընդգծել են Հանրայինում`հայալեզու հաղորդումների գերակայությունը՝ տալով Հանրայինին միջինում 19 միավոր, իսկ Հ2-ին և «Փաստինֆոյին»՝ միջինում 14-ական միավոր:

Բազմակարծությունը խթանելու կարողությունը

Այս դրույթի վերաբերյալ «Փաստինֆոն» նշել էր միայն, որ երաշխավորելու է կարծիքների արտահայտման ազատությունը:

«Հայկական երկրորդ հեռուստաալիքը» բազմակարծությունը ապահովելու էր լրատվական, հասարակական-քաղաքական, գիտակրթական, սոցիալական, երիտասարդական, մշակութային, սպորտային և երաժշտական ծրագրերի, գեղարվեստական և վավերագրական ֆիլմերի միջոցով։ Ընկերությունն ընդգծել էր նաև, որ անցած ավելի քան 20 տարիների ընթացքում հեռուստաընկերությունն ապացուցել է իր՝ բազմակարծությունը խթանելու կարողությունը, ինչպես նաև բազմակարծությունը խթանելուն են ուղղված եղել «Լրաբեր», «Խոսքի իրավունք», «Պրոֆֆակտ», «Ժողովրդի ձայն», «Հետաքննություն», «Չէին սպասում», «Զրույց Գայանե Փայտյանի հետ», «Համով զրույց», «Ինչ է ուզում կինը», «Ճանապարհ դեպի քեզ», «Մագավտո պլյուս», «Մի մեդալի պատմություն», «Պերսոնա» հաղորդաշարերը։

Ինչ վերաբերվում է Հանրայինին, ապա «Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը» բազմակարծությունն ապահովելու է հասարակական-քաղաքական հաղորդումների, Հանրային քննարկումների, խորհրդարանական լսումների, Հանրային կարծիքի ներկայացման, ինչպես նաև տեղեկատուների, հարցազրույցների, բանավեճերի, վերլուծությունների, մասնագիտական կարծիքների և քննարկումների միջոցով:

Այս չափորոշիչի գնահատման առումով ոչ միայն կարևոր են զուտ խոստումները, այլ նաև այն, թե նախկինում որքանով են իրագործվել դրանք: ՀՌԱՀ-ը նշված երեք հեռուստաալիքները դիտարկել է 2020 թվականի հունիսի 25-ից մինչև սեպտեմբերի 2-ը և արձանագրել, որ «Հայկական երկրորդ հեռուստաալիքի» բազմակարծությունը խթանելու կարողությունը բավարար չէ, իսկ «Հայաստանի Հանրային հեռուստաալիքը» ունի բավարար կարողություն բազմակարծության խթանման համար: ՀՌԱՀ-ի դիտարկման հետ դարձյալ համաձայն չեն եղել հանձնաժողովի անդամներ Արմեն Մկրտչյանը և Դավիթ Ամալյանը։ Նրանք Հանրային հեռուստաընկերության՝ բազմակարծությունը խթանելու կարողությունը գնահատել են 5 և 8 միավորներով։ Արմեն Մկրտչյանը 17-ական միավոր է տվել մյուս երկու ընկերություններին, իսկ Դավիթ Ամալյանը 18-ական միավոր է տվել «Փաստինֆոյին» և «Հայկական երկրորդ հեռուստաալիքին»։

Այլ կերպ ասած, ըստ ՀՌԱՀ անդամ Արմեն Մկրտչյանի, «Փաստինֆոն» ու Հ2-ը ավելի քան եռապատիկ ավելի մեծ կարողություն ունեն բազմակարծության ապահովման, քան Հանրայինը: Իսկ Դավիթ Ամալյանն այս տարբերությունը գնահատել է 2․5-ապատիկ:

Տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները

Որպես ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթեր՝ «Փաստինֆոն» ներկայացրել էր ներդրում կատարելու մտադրության մասին գրություն, գովազդային ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրեր կնքելու մտադրության մասին հինգ գրություն, ծառայությունների վճարովի մատուցման երեք պայմանագիր: Ընկերությունը ներկայացրել էր նաև ձեռք բերվելիք սարքավորումների ցանկը՝ նշելով դրանց ընդհանուր արժեքը, որը կազմում է 190 մլն դրամ: Սակայն ներկայացված փաստաթղթերը գնահատելիս հանձնաժողովն արձանագրել է, որ «Փաստինֆո» և «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ընկերությունների կողմից ներկայացված պայմանագրերից մի մասի ժամկետները լրացել են։

Հ2-ը ներկայացրել էր անշարժ գույքի սեփականության վկայական, տեղեկանք և գրություն՝ կատարված և կատարվելիք ներդրումների մասին, հաշվապահական հաշվեկշիռ, ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն, պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին, գովազդային ծառայությունների, ծառայությունների վճարովի մատուցման, համագործակցության և լիցենզիոն մի շարք պայմանագրեր։ Այս ընկերության դեպքում էլ ՀՌԱՀ-ն արձանագրել էր, որ որոշ պայմանագրերի ժամկետների վերաբերյալ տվյալները բացակայում են, պայմանագրերի մի մասը կնքված և ստորագրված է միակողմանի՝ միայն հեռարձակողի կողմից։ Բացի այդ, ընկերության կողմից ներկայացված տեխնիկայի մասին տվյալների ուսումնասիրությունից հանձնաժողովն արձանագրել էր, որ սերվերը և արբանյակի համար սարքավորումները նոր են՝ 2017-2020 թվականների, իսկ հիմնական աշխատանքային տեխնիկան հին է՝ 2001-2014 թվականների:

«Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը» ներկայացրել էր տեղեկանք բանկի կողմից՝ ֆինանսավորման պատրաստակամության մասին: Նշվել էր լրատվական նոր տեսալսողական ծրագրի գործարկման համար անհրաժեշտ գումարի չափը, որը Հանրայինը կհատկացնի իր տարեկան բյուջեից: Ներկայացվել էր նաև բյուջեի ընդհանրացված բացվածքը: Հավելենք, որ կառավարության 2021 թ․ ապրիլի 15-ի թիվ 570-Ն որոշմամբ Հանրային հեռարձակողը լրացուցիչ ֆինանսավորում է ստացել:

Չնայած Հանրայինի տեխնիկական և ֆինանսական ակնհայտ առավելությանը, այնուամենայնիվ, հանձնաժողովի նույն անդամները` Արմեն Մկրտչյանը և Դավիթ Ամալյանը, այս ցուցանիշով դարձյալ ցածր էին գնահատել Հանրայինը՝ փոխարենն անհասկանալի կերպով բարձր գնահատականներ տալով մյուս երկու ընկերություններին։

ՀՌԱՀ-ի վերը նշված երկու անդամները Հանրայինի տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները գնահատել են, համապատասխանաբար, 10 և 14 միավոր, «Փաստինֆոյինը»՝ 17 և 19, իսկ Հ2-ինը՝ 17 և 18։ Նկատենք, որ հանձնաժողովի մյուս անդամները, միջինում, այս ցուցանիշով Հանրայինը գնահատել են 17, Հ2-ը՝ 16, իսկ «Փաստինֆոն»՝ 13 միավոր:

Թեև այստեղ հարկ է նկատել, որ ժողովրդավարական հասարակությունում պետության կողմից լրատվամիջոցների ուղիղ ֆինանսավորումը կարող է խնդրահարույց լինել, այդուհանդերձ, դա քննարկման առանձին հարց է:

Աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը

Աշխատակազմի վերաբերյալ ընկերությունները ներկայացրել էին հետևյալ տվյալները. «Փաստինֆո»՝ 20 անձ, «Հայկական երկրորդ հեռուստաալիք»՝ 119 անձ և «Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը»՝ 170 անձ: Այնուամենայնիվ, հանձնաժողովի անդամներից Արմեն Մկրտչյանը գտել էր, որ Հանրայինի աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը բավարար չէ, արդյունքում «Փաստինֆոյին» տվել էր 16 միավոր, Հ2-ին՝ 18, իսկ Հանրայինին տվել էր ամենացածր միավորները՝ 12։ Այսինքն, ըստ Արմեն Մկրտչյանի, Հանրայինի՝ 170 անձանցից կազմված աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունն ավելի ցածր էր, քան՝ «Փաստինֆոյի» 20 անձանցից կազմված աշխատակազմինը։

Հանձնաժողովի մյուս անդամները «Փաստինֆոն» գնահատել են միջինում 13 միավոր, Հ2-ի և Հ1-ի աշխատակազմի պատրաստվածությունը գնահատել են միջինում 17 միավոր։

Ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունը

Ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայության վերաբերյալ գնահատականներն ամենահակասականն էին։

Այս չափորոշիչի վերաբերյալ «Փաստինֆո» ընկերությունը նշել էր, որ նախատեսում է հաղորդումների միջոցով հնարավորություն ստեղծել առնչվելու մշակութային արժեքներին, անդրադառնալ մշակութային խնդիրներին, մշակել հեղինակային ծրագրեր։ Հաղորդացանցը համալրվելու էր արտասահմանյան արտադրողներից գնված պատմական, մշակութային, գեղարվեստական ֆիլմերով: Մշակույթի տարբեր ներկայացուցիչների աշխատավայրերում նկարահանվելու էր «Արվեստանոց» հաղորդաշարը: Ընկերության հաղորդացանցում մանկական, կրթական, մշակութային և մարզական թեմատիկ ուղղվածության տեսալսողական հաղորդումները կկազմեին շաբաթական եթերաժամի առնվազն 20%-ը: Նշենք, որ oրենքով արդեն իսկ ամրագրված է, որ հեռարձակողների ծրագրերում մանկական, կրթական, մշակութային և մարզական թեմատիկ ուղղվածության տեսալսողական հաղորդումները պետք է կազմեն շաբաթական եթերաժամի առնվազն 20%-ը: Այսինքն, ընկերությունն ընդամենը պարտավորվում է ապահովել օրենքով սահմանված նվազագույն պահանջը:

Հ2-ը նշել էր, որ ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված ջանքերը ներդրված են լինելու նախ և առաջ լրատվական թողարկումներում՝ հեղինակային ռեպորտաժների և իրադարձային լուսաբանումների միջոցով, արտադրվելու են նաև այնպիսի հաղորդումներ, որոնք հաշվի կառնեն հասարակության տարբեր շերտերի ազգային, կրոնական և քաղաքական առանձնահատկություններն ու նախասիրությունները, հաղորդակից են դարձնելու համաշխարհային մշակութային և համամարդկային արժեքներին, ազգային ավանդույթներին, հայոց պատմությանը, հասարակական կյանքին: Նախատեսվում էր նոր նախագիծ երիտասարդ սերնդի համար՝ ուղղված այս արժեքների ապահովմանը, ներկայացվելու էին հայոց պատմության կարևոր դրվագները և հայ գրականության գոհարները: Նշված արժեքների ապահովմանն էին լինելու ուղղված նաև «Հոգևոր անվտանգություն», «Կարճ կարևորի մասին» և այլ հաղորդումները, հայոց պատմության հերոսական դրվագներին նվիրված վավերագրական ֆիլմերը:

«Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն» այս չափորոշչի վերաբերյալ նշել էր, որ «Հանրային ժամանակ» ծրագրի ստեղծման հիմքում դրված է լինելու տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման անհրաժեշտությունը: Նախատեսվում են նաև մշակութային թեմատիկ թողարկումներ, ինչպես նաև հանրային արխիվի հիման վրա տեղեկատվական-ճանաչողական բնույթի վավերագրության ներկայացում:

Ընդգծենք նաև, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հանրային մուլտիպլեքսը դիտարկում է որպես ազգային մեդիահարթակ, որի սլոթերով հեռարձակվող տեսալսողական ծրագրերի բովանդակությունը պետք է արտացոլի հանրային պահանջմունքների և հետաքրքրությունների բազմազանությունը։

Այնուամենայնիվ, հանձնաժողովի անդամներից Դավիթ Ամալյանն ու Արմեն Մկրտչյանը դարձյալ ցածր միավորներ են տվել Հանրայինին՝ 5-ական միավոր։ Ըստ հանձնաժողովի անդամների՝ «Փաստինֆոն», որը պարտավորվել էր ընդամենն ապահովել օրենքով սահմանված նվազագույն պահանջը, ավելի է համապատասխանում այս չափորոշիչին, քան Հ1-ը։ Դավիթ Ամալյանն ու Արմեն Մկրտչյանը «Փաստինֆոյին» տվել են, համապատասխանաբար, 18 և 17 միավոր, իսկ Հ2-ին՝ 19 և 17։ Այլ կերպ ասած՝ ՀՌԱՀ այս երկու անդամները համարում են, որ «Փաստինֆոն» ու Հ2-ը այս ցուցանիշով 3․5 անգամ «ավելի լավն են», քան Հանրայինը:

Հանձնաժողովի մյուս անդամների գնահատականներն այս չափորոշիչի վերաբերյալ «Փաստինֆոյի» դեպքում կազմել են միջինում 12 միավոր, Հ2-ի դեպքում՝ 13, Հանրայինի դեպքում՝ 15 միավոր։

Այսպիսով, Հեռուստաալիքների լիցենզավորման՝ 2021-ի հունիսին կայացած մրցույթի քվեարկության արդյունքների վերլուծությունն ի հայտ է բերում ՀՌԱՀ-ի որոշ անդամների կողմից մի շարք անտրամաբանական և ՀՌԱՀ-ի՝ նախօրոք իրականացված դիտարկումներին հակասող գնահատականներ, որոնք, թերևս, խոսում են ՀՌԱՀ-ի նշված անդամների սուբյեկտիվության, այլ ոչ օբյեկտիվության մասին:

Շուշան Ստեփանյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Related Posts: