ԵՄ արտաքին քաղաքականությամբ զբաղվելու են նոր հանձնակատարներ

Sorry, this entry is only available in Armenian.

Եվրոպական հանձնաժողովի նոր կազմն աշխատանքի կանցնի այս աշնանը։ Հայաստանի համար ԵՄ հետ հարաբերություններն արտաքին քաղաքական առաջնահերթություն են, և կարևոր է հասկանալ, թե ում հետ է աշխատելու Հայաստանը հատկապես Արևելյան գործընկերության ֆորմատում։

Եվրոպական հանձնաժողովը Եվրոպական Միության բարձրագույն գործադիր մարմինն է, որը զբաղվում է օրենսդրական նախագծերի մշակմամբ, պատասխանատու է Եվրախորհրդարանի և Եվրոպական խորհրդի որոշումների իրականացման համար, ինչպես նաև վերահսկում է ԵՄ պայմանագրերի և այլ իրավական ակտերի կատարումը։

Հինը

Եվրոպական հանձնաժողովի գործող կազմն իր աշխատանքները սկսել է 2014 թվականի նոյեմբերից՝ Ժան Կլոդ Յունկերի գլխավորությամբ։ Այս հանձնաժողովում ԵՄ արտաքին հարաբերությունների պատասխանատուն արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին էր՝ Իտալիայից։ ԵՄ արտաքին մյուս ուղղվածության՝ հարևանության եվրոպական քաղաքականության և ընդլայնման պատասխանատուն ավստրիացի հանձնակատար Յոհաննես Հանն էր։

Եվրոպական այս հանձնաժողովի հետ Հայաստանի հարաբերությունները կարելի է գնահատել դրական և հաջողված, քանի որ նույնիսկ 2013-ի սեպտեմբերից հետո, երբ Հայաստանը հայտարարեց ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը չստորագրելու և Ռուսաստանի հետ Մաքսային միությանը միանալու մասին, արդեն Յունկերի հանձնաժողովի օրոք մշակվեց և ստորագրվեց ՀՀ և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Նորը

Եվրոպական հանձնաժողովի նոր կազմն իր աշխատանքները սկսելու է 2019 թ. նոյեմբերից։ ԵՄ արտաքին քաղաքականության վերոնշյալ երկու ուղղություններով հանձնակատար են նշանակվելու Իսպանիայի և Հունգարիայի առաջադրած թեկնածուները, որոնք երկուսն էլ իրենց երկրներում հայտնի են արտաքին քաղաքականության վերաբերյալ ոչ միանշանակ դիրքորոշումներով։

Նախ, Եվրահանձնաժողովի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հանձնակատար է առաջադրվել Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսեպ Բորելը, որն աչքի է ընկել իր հակառուսական հռետորաբանությամբ և Ղրիմի հարցով Մոսկվայի հասցեին հնչեցրած քննադատությամբ։ Ուշագրավ է, որ այս տարվա մայիսին ՌԴ-ում Իսպանիայի դեսպանը կանչվել էր ռուսական արտգործնախարարություն՝ բացատրություն տալու Բորելի այն խոսքերի համար, որ Ռուսաստանը «հին թշնամի» է։ Բորելը հետագայում պարզաբանել էր, որ «հին թշնամի» ասելով՝ նկատի է ունեցել Խորհրդային Միությունը։

Համենայն դեպս, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի պաշտոնում Բորելի առաջադրումը նշանակում է, որ ԵՄ-ն առաջիկայում պատրաստվում է պահպանել Ռուսաստանի հարցում իր սկզբունքային և կոշտ դիրքորոշումը։ Միևնույն ժամանակ, սակայն, նույն տրամաբանությամբ Բորելի առաջադրումը նշանակում է, որ ԵՄ-ն, ամենայն հավանականությամբ, կշարունակի աջակցել հատկապես Արևելյան գործընկերության երկրներին՝ տարածաշրջանում ռուսական ազդեցության սահմանափակման նպատակով։

Ինչ վերաբերում է ԵՄ հարևանության և ընդլայնման քաղաքականությանը, որի մաս է կազմում նաև Արևելյան գործընկերության ծրագիրը, ապա այստեղ նոր եվրահանձնակատարի թեկնածությունը բավական խնդրահարույց է։ Այդ հանձնակատարի պաշտոնում առաջադրվել է Հունգարիայի սահմանադրական դատարանի նախկին անդամ, արդարադատության նախկին նախարար Զասլո Տրոչանին։ Վերջինս հայտնի է նրանով, որ Հունգարիայում հեղինակել է մի շարք օրենքներ, որոնցով, մասնավորապես, քրեականացվել է փախստականներին օգնություն ցուցաբերելը։

Ընդհանուր առմամբ, Հունգարիայի իշխանությունները ԵՄ տարածքում փախստականների նկատմամբ որդեգրել են բավական կոշտ քաղաքականություն, և ԵՄ հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատարի պաշտոնում հենց Հունգարիայի առաջադրած թեկնածուի և հատկապես հենց Զասլո Տրոչինիի առաջադրումը, անշուշտ, չի կարող մտահոգիչ չլինել։ Նման գաղափարախոսությամբ գործիչը, թեև գործելու է ոչ թե ի շահ հատկապես Հունգարիայի, այլ ի շահ Եվրոպական Միության ընդհանրապես, կարող է բավական մեծ լարվածություն առաջացնել Արևելյան գործընկերության երկրների ինտեգրացիոն գործընթացում, այդ թվում՝ Հայաստանի համար։

Ընդ որում, հարկ է նշել, որ Հայաստանի և հավանական եվրահանձնակատար Զասլո Տրոչանիի հարաբերություններում կարող են ի հայտ գալ այլ բարդություններ ևս՝ կապված Հունգարիայում հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովի արտահանձնման տխրահռչակ գործի հետ։ Զասլո Տրոչինին 2012-ին, երբ Հունգարիան Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին, եղել է Հունգարիայի սահմանադրական դատարանի անդամ, այսինքն՝ մաս է կազմել այդ երկրի արդարադատության համակարգի, իսկ հունգարական կողմի նման քայլից հետո Հայաստանը դադարեցրել էր դիվանագիտական հարաբերություններն այդ երկրի հետ։

Ակնարկ

Հետաքրքիր է նաև նշել, որ Սաֆարովի արտահանձնման պահին Հունգարիայի արդարադատության նախարարը հանդիսացող Թիբոր Նավրաչիչը դեռևս գործող Եվրոպական հանձնաժողովի անդամ է՝ կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնակատար։ Նավրաչիչը, որպես եվրահանձնակատար, 2015-ին այցելել է Հայաստան՝ մասնակցելու Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովին և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ համաժողովին։ Նավրաչիչի այդ այցի ժամանակ, համենայն դեպս ըստ մամուլի հրապարակումների, չի արծարծվել Սաֆարովի տխրահռչակ հարցը։ Սակայն որպես Հունգարիայի փոխվարչապետ և արդարադատության նախարար՝ Նավրաչիչն առիթ ունեցել է անհարմար դրության մեջ հայտնվել վերոնշյալ հարցի պատճառով։ Մասնավորապես, 2012 թվականի սեպտեմբերին Լեհաստանի Կրինիցա Զդրույ քաղաքում տեղի ունեցած տնտեսական համաժողովի ժամանակ ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց էր ուղղել Նավրաչիչին այն մասին, թե արդյո՞ք վերջինս դատապարտում է Ադրբեջանի նախագահին Սաֆարովին ազատություն շնորհելու համար, արդյո՞ք ադրբեջանցիները վճարել են իրեն Սաֆարովին արտահանձնելու համար, և արդյո՞ք Հունգարիան պատրաստվում է հետախուզում հայտարարել Սաֆարովի նկատմամբ։ Ի պատասխան՝ Նավրաչիչը հայտարարել էր, որ այդ հարցերը պետք էր ուղղել Ադրբեջանի նախագահին։

Այս փոքրիկ ակնարկը վկայում է այն մասին, որ ՀՀ գործող իշխանությունների և ԵՄ հարևանության քաղաքականության հունգարացի հանձնակատար Զասլո Տրոչինիի հարաբերություններում կարող են ի հայտ գալ լարվածության նշաններ՝ կապված Սաֆարովի գործի հետ։

Ամեն դեպքում, սակայն, հարկ է մեկ անգամ ևս արձանագրել, որ եվրահանձնակատարները գործում են բացառապես ԵՄ շահերից ելնելով, իսկ Հայաստան-ԵՄ հարաբերությունները և ԵՄ Արևելյան գործընկերության ծրագիրը կարևոր առաջնահերթություններ են թե՛ Հայաստանի, թե՛ Եվրոպական Միության և թե՛ ԱլԳ մյուս անդամ-պետությունների համար։

Վահե Ղուկասյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Related Posts: