ՀԷՑ-ի 18 դրամանոց մարժան և «արդարացված» սակագնի անհեթեթությունը

Ինչպես հայտնի է, օրեր առաջ «Դելոյթ եւ տուշ» կազմակերպությունը ՀԾԿՀ-ին տրված խորհրդատվության սահմաններում Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը գնահատել էր հիմնավոր: Այդ հայտարարությունից հետո հայտնի է դարձել, որ նույն «Դելոյթ եւ տուշը» իրականացնելու է ՀԷՑ-ի աուդիտը:

Այսպիսով, քանի դեռ անհասկանալի եղանակով ընտրված «Դելոյթ և տուշը» հիմնավորում է էլեկտրաէներգիայի սակագինը (որը, հիշեցնենք, ամենաթանկն է ամբողջ ԱՊՀ տարածքում) մենք փորձենք ցույց տալ հակառակը՝ բերելով փաստեր, թե ինչո՞ւ Հայաստանում այն պետք է լիներ էապես ավելի ցածր:

18 դրամանոց մարժա

Թեև Հայաստանում էլեկտրաէներգիա արտադրող կազմակերպություններում խնդիրները շատ են և այդ կազմակերպություններից շատերն արհեստականորեն սակագին են բարձրացնում, սակայն ՀԷՑ-ը միջինում այն գնում է մոտ 24,5 դրամով մեկ կՎտԺ դիմաց: Եվս մոտ 1,5 դրամ ՀԷՑ-ը վճարում է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերին», «Հաշվարկային կենտրոնին» և «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորին»՝ միասին վերցրած:

Արդյունքում ՀԷՑ-ը 1 կՎտԺ դիմաց վճարում է մոտ 26 դրամ, իսկ սպառողներին նոր սակագնով միջինում այն վաճառվում է մոտ 44 դրամով: Այսինքն, 1 կՎտԺ էլեկտրաէներգիայի բաշխման համար ՀԷՑ-ի մարժան կազմում է 18 դրամ:

Հարկ է նկատել, որ Վրաստանում, Ռուսաստանում, Բելառուսում, Ուկրաինայում և Միջին Ասիայի հետխորհրդային 5 երկրներում էլեկտրաէներգիայի սակագները (կամ դրանց մի մասը) 18 դրամից պակաս է: Այսինքն, հետխորհրդային 9 երկրներում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու բաշխումն ավելի էժան է, քան Հայաստանում ՀԷՑ-ի կողմից միայն դրա բաշխումը:

Թեպետ, ՀԷՑ-ի գործունեության չափազանց «թանկությանը» մենք դեռ կանրադառնանք:

Հայաստանի առավելությունները

Սակայն Հայաստանում զարմանալի է նաև էլեկտրաէներգիայի արտադրության սակագինը: Այն, ինչպես նշվեց, միջինում կազմում է 24.5 դրամ և ևս առանձին վերցրած ավելի թանկ է, քան բազմաթիվ այլ երկրներում (հետխորհրդային 10 երկրներում) բնակչին հասնող էլեկտրաէներգիան՝ ի հեճուկս մեր ունեցած բազմաթիվ առավելությունների: Մասնավորապես՝

  • Հայաստանը հետխորհրդային տարածքում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը միջուկային էներգիայի տեսակարար կշռով (զիջելով միայն Ուկրաինային), իսկ այդ էներգիան դասվում է ամենաէժանների թվին (ատոմակայանը 1 կՎտԺ վաճառում է ընդամենը մոտ 5,5 դրամով):
  • Հայաստանի ջերմաէլեկտրակենտրոններում արտադրված էլեկտրաէներգիայի զգալի մասը պարզապես անվճար է, քանի որ գազը ստացվում է Իրանի հետ բարտերային գործարքի միջոցով: Մասնավորապես, Իրանից մատակարարվում է բնական գազ, որի 1 խորանարդ մետրից ստացվում է շուրջ 4,6 կՎտԺ հոսանք: Այդ ստացված էլեկտրաէներգիայի միայն 3 կՎտԺ-ն է վերադարձվում Իրանին, իսկ մնացածը՝ շուրջ 2-3 դրամ ինքնարժեքով, մտնում ներքին ցանցեր:
  • Հայաստանի սահմանին բնական գազի գինը 165 դոլար է 1000 խորանարդ մետրի համար: Թեև բաժանորդին հասցնելուց այդ գինը զարմանալիորեն չափից շատ է աճում, սակայն հետխորհրդային երկրներից շատերը գազը գնում են ավելի թանկ գնով և հետևապես այդ երկրներում (Մոլդովա, մերձբալթյան երկրներ) նաև շատ ավելի թանկ է ջերմակայաններում արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքը:
  • Ի տարբերություն հետխորհրդային այլ երկրների, Հայաստանը ստիպված չէ գնել էլեկտրաէներգիա այլ երկրներից: Անգամ հակառակը՝ Հայաստանը էլեկտրաէներգիա արտահանում է:
  • ՀԷՑ-ում և Հայաստանում էլեկտրաէներգիա արտադրող կազմակերպություններում աշխատողների միջին աշխատավարձը շատ ավելի ցածր է, քան հետխորհրդային բազմաթիվ այլ երկրների էներգետիկայի ոլորտի աշխատողներինը:
  • Հայաստանում բավականին մեծ է բնակչության խտությունը, ինչը համեմատաբար հեշտացնում (էժանացնում) է էլեկտրաէներգիայի բաշխման ու բնակչին հասցման գործընթացը:

Այս ֆոնին, մեղմ ասած, անհասկանալի է «Դելոյթ և տուշի»՝ էլեկտրաէներգիայի թանկացման «արդարացված» գնահատումը, քանի որ թե´ էլեկտրաէներգիայի բաշխումը և թե´ դրա արտադրությունը մեր երկրում շատ թանկ է՝ ի հեճուկս բոլոր առավելությունների ու ողջամիտ տրամաբանության:

 

Դանիել Իոաննիսյան, Կարեն Վարդանյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող