Հակահամաճարակային միջոցառումները Հայաստանում և Վրաստանում. համեմատական վերլուծություն

Վերջին օրերին Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվն աճում է երկրաչափական պրոգրեսիայով։ Միևնույն ժամանակ, հարևան երկրում՝ Վրաստանում, կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման դեպքերի թիվը նվազում է։ Այս հանգամանքը սոցիալական ցանցերում և մեդիայում ակտիվ քննարկման պատճառ դարձավ։

Ըստ այդմ, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» որոշեց ուսումնասիրել Հայաստանի և Վրաստանի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի փորձը։

Մանրամասն անդրադարձել ենք հարցին, թե ինչ կանխարգելման միջոցներ են ձեռնարկել երկու երկրները, ներկայացրել ենք Հայաստանի Էջմիածնի հայտնի դեպքը՝ համեմատելով Վրաստանի Մառնեուլիի դեպքի հետ, համեմատել ենք երկու երկրներում արտակարգ դրության ժամանակ մտցված սահմանափակումները, ցույց ենք տվել, թե ինչպիսի ռազմավարությամբ են վերացվել արտակարգ դրության ժամանակ սահմանված արգելքները, ինչպես նաև ներկայացրել ենք միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կանխատեսումները Հայաստանի և Վրաստանի տնտեսությունների վերաբերյալ։

Ուսումնասիրության արդյունքում եկել ենք եզրակացության, որ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում Հայաստանի ձախողման հիմնական պատճառներից էր ժամանակի սխալ կառավարումը։ Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքի գրանցման ու վարակի նոր օջախների բռնկման միջև ընկած ժամանակահատվածը (գրեթե կես ամիս), կարող էր ավելի նպատակահարմար օգտագործել վիրուսի կանխարգելման միջոցառումներ ձեռնարկելու համար։

Բացի այդ, կորոնավիրուսի արագ տարածմանը նպաստել են քաղաքացիների կողմից կարանտինային խիստ պայմաններին չենթարկվելը, ոստիկանության թույլ վերահսկողությունը, միջմարզային երթուղու գործարկումը և կառավարության գործիքակազմի մասնակի օգտագործումը։

Վերլուծությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող