Դանիել Իոաննիսյանի ելույթը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ում՝ խոսքի և տեղեկատվության ազատության վերաբերյալ

«Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը մասնակցել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) Մարդկային չափման հարցերով հանձնաժողովի՝ խոսքի և լրատվամիջոցների ազատության վերաբերյալ հեռակա քննարկմանը։

Ստորև ներկայացնում ենք խոսքի և տեղեկատվության ազատության իրավունքի վերաբերյալ Դանիել Իոաննիսյանի ելույթներն ամբողջությամբ։

Խոսքի ազատություն

ԵԱՀԿ անդամ մի շարք պետություններում խոսքի ազատության մակարդակը էական անկում է ապրել՝ Նոր կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների արդյունքում: Ընդ որում, առավել խիստ են սահմանափակումներն այն երկրներում, որտեղ ավանդաբար ժողովրդավարական արժեքներն ավելի քիչ են հարգված, ինչպիսիք են Ռուսաստանը, Հունգարիան կամ Ադրբեջանը։

Մարտի 16-ին, կորոնավիրուսով պայմանավորված, Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն և սահմանափակվեց խոսքի ազատությունը։

Խոսքի ազատության սահմանափակումը լուրջ քննադատության արժանացավ թե՛ հայաստանյան հասարակական կազմակերպությունների, թե՛ խորհրդարանական ընդդիմության և թե՛ միջազգային հանրության կողմից: Եվ այս առումով ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել նաև ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեսիրին:

Այս քննադատության ֆոնին, ընդամենը օրեր անց, խոսքի ազատության սահմանափակումը մեղմացվեց, իսկ ապրիլի 13-ին ընդհանրապես վերացվեց:

Ես ուզում եմ ընդգծել, որ հնարավոր չէ կանխել խուճապի տարածումը խոսքի ազատության սահմանափակմամբ: Դա հակառակ ազդեցությունը կունենա։ Խուճապի և խուճապ առաջացնող ապատեղեկատվության դեմ պայքարը պետք է բաղկացած լինի հետևյալ բաղադրիչներից՝

  • Օբյեկտիվ տեղեկություններ տարածողների և փաստերի ստուգմամբ զբաղվողների հաղորդակցային կարողությունների ավելացում (սա նաև վերաբերում է Նոր կորոնավիրուսին առնչվող հարցերին)։
  • Անկախ լրատվամիջոցների զարգացման ու հանրության լայն շերտերի մեդիագրագիտության աճի խրախուսում։
  • Երկարաժամկետ կտրվածքով՝ կրթության և քննադատական մտածողության զարգացում։

Միաժամանակ, խիստ մտահոգիչ է անդամ պետությունների կողմից ապատեղեկատվության տարածման խթանումը:

Հայաստանում մենք պարզ տեսնում ենք, որ մի շարք աղբյուրներ, որոնք կորոնավիրուսի և պատվաստման վերաբերյալ ապատեղեկատվություն են տարածում, նաև զբաղվում են կորոնավիրուսին չվերաբերող և պաշտոնական Կրեմլին հաճո այլ թեզերի տարածմամբ։

ԵԱՀԿ-ն և դրա անդամ պետությունները, որոնք որդեգրել են ժողովրդավարական արժեքներ, պետք է ոչ միայն միասին աշխատեն կորոնավիրուսի համաճարակի դեմ, այլև համաճարակի մասին ապատեղեկատվության դեմ՝ օգտագործելով վերոնշյալ մեխանիզմները:

 Տեղեկատվության ազատության իրավունք

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» զբաղվում է տեղեկատվության ազատության հետ կապված օրենսդրությամբ ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում, որը վիճելի տարածք է: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում օրենսդրությունը բավականին ազատական է: Պետական գերատեսչությունները պարտավոր են 5 օրվա ընթացքում տեղեկատվություն տրամադրել, եթե այն գաղտնի չէ կամ չի պարունակում անձնական տվյալներ կամ առևտրային գաղտնիք:

Բայց մենք դեռ որոշակի խնդիրներ ունենք կապված օրենքի կիրարկման հետ: Հայաստանում մենք նկատել ենք մի շարք դեպքեր, երբ զգայուն տեղեկատվությունը դասակարգվում է որպես գաղտնի՝ առանց որևէ օբյեկտիվ անհրաժեշտության և նույնիսկ հարցի կարգավորմամբ զբաղվող Սահմանադրական դատարանի որոշման խախտմամբ։ Երբեմն մենք ականատես ենք լինում առևտրային գաղտնիքի ինստիտուտի չարաշահման փաստերի` հանրության համար կարևոր տեղեկատվության հրապարակումը մերժելու նպատակով:

Լեռնային Ղարաբաղում կիրարկման խնդիրը հիմնականում առնչվում է հեռահաղորդակցության ոլորտի կանոնակարգումներին և հանքարդյունաբերությանն առնչվող պետական աջակցությանը՝ առևտրային գաղտնիքի կարգավորման չարաշահման միջոցով:

Հայաստանում ևս մեկ խնդիր կապված է դատարաններում տեղեկատվության ազատության իրավունքի պաշտպանության հետ: Սովորաբար դատական վճիռները կայացվում են հայցադիմումը ներկայացնելուց ավելի քան մեկ տարի հետո, քանի որ դատարանները ծանրաբեռնված են:

Միևնույն ժամանակ, ես կցանկանայի ընդգծել իշխանությունների թափանցիկության ամենաբարձր աստիճանը կորոնավիրուսի հետ կապված հարցերում ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում: Ամեն օր մանրամասն զեկույցներ են հրապարակվում այն բոլոր տեղեկություններով, որոնք չեն ներառում անձնական տվյալներ:

Օրինակ՝ յուրաքանչյուր հիվանդանոցի համար զբաղված և անվճար հիվանդանոցային մահճակալների և վերակենդանացման բաժանմունքների մահճակալների քանակը հասանելի է առցանց: Անգամ համաճարակի ամենավատ օրերին կառավարությունը շատ անկեղծ էր, ներառյալ՝ առողջապահական համակարգի գերծանրաբեռնվածության հետևանքով զոհվածների թվի մասին տեղեկատվություն տրամադրելիս։

Բայց վերադառնալով հիմնական խնդրին՝ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ցանկանում է ընդգծել, որ հանրային ֆինանսների հետ կապված ցանկացած տեղեկատվություն պետք է լինի որքան հնարավոր է թափանցիկ: Այն կարելի է գաղտնի պահել բացառապես այն դեպքում, երբ դրա հրապարակումը կարող է իսկապես վտանգել հանրային անվտանգությունը կամ կարող է հանգեցնել այլ հիմնարար իրավունքների խախտման:

Միևնույն ժամանակ, մենք տեղեկատվության ազատության հարցերին վերաբերող դատական նիստերի համար առաջարկում ենք նախատեսել հատուկ ընթացակարգ, որպեսզի դատարանի որոշումները կայացվեն ողջամիտ ժամկետներում:

Առնչվող