Կորոնավիրուսի ազդեցությունը արտաքին առևտրի վրա

2020 թվականն աշխարհում սկսվեց Նոր կորոնավիրուսի համաճարակով, որը սկզբում Չինաստանին, ապա և ամբողջ աշխարհին ստիպեց գնալ տնտեսության գրեթե բոլոր ոլորտների սահմանափակումների։ Հայաստանը ևս բացառություն չէր, և մարտի կեսերից երկրում հայտարարվեց արտակարգ դրության ռեժիմ, որը պահպանվում է մինչ օրս։

Այս սահմանափակումներն էական ազդեցություն ունեցան տնտեսության, մասնավորապես՝ արտաքին առևտրի վրա։

Ազդեցությունն արտահանման վրա

Եթե հունվար ամսին դեռևս հատուկենտ երկրներ էին զգում վիրուսի հետևանքները, ապա փետրվար ամսից արդեն Հայաստանում սկսեցին նկատվել դրա բացասական հետևանքները։ Դրա ապացույցն է այն, որ այս տարվա հունվար ամսին արտահանումը ավելի քան 20 տոկոսով գերազանցել էր նախորդ տարվա հունվարի ցուցանիշը (ինչը ընդհանուր տնտեսական աճի արդյունք էր)։ Փետրվար ամսից սկսած, սակայն, այն սկսեց նվազել և արդեն մարտ ամսին (արտակարգ դրության ռեժիմի մասին որոշումից հետո) արտահանումը սկսեց էականորեն զիջել 2019-ի արտահանման ծավալներին։

Արտահանման նվազումը շարունակվեց նաև ապրիլ ամսին՝ նախորդ տարվա համեմատ մոտ 28․5 տոկոսով։

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ մայիս ամսին արտահանման նվազումը թեև շարունակվում է, սակայն ոչ այն տեմպերով, ինչպես նախորդող ամիսներին։ Մայիս ամսին Հայաստանից արտահանվել է ավելի քան 192 մլն դոլարի արտադրանք, ինչը մոտ 16 մլն-ով կամ 7․8 տոկոսով պակաս է 2019-ի մայիսի ցուցանիշից։

Արտահանման աշխարհագրությունը

Այս տարվա առաջին 5 ամիսներին Հայաստանից արտահանվել է մոտ 886 մլն դոլարի արտադրանք։ Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշը նվազել է մոտ 78 մլն դոլարով կամ 8․1 տոկոսով։ Նախորդ տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանից արտահանվել էր 964 մլն դոլարի արտադրանք։

Արտահանված ապրանքների 25 տոկոսը (221․6 մլն դոլար) բաժին է ընկնում ԵԱՏՄ անդամ երկրներին, որտեղ, բնականաբար, խոշորագույն գործընկերը Ռուսաստանի Դաշնությունն է։ Այս երկիր է արտահանվել հայկական ապրանքների 24․1 տոկոսը (213․2 մլն դոլար)։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանված ապրանքները կազմում էին արտահանման 26․7 տոկոսը (257․3 մլն դոլար), իսկ դեպի Ռուսաստան՝ 25․9 տոկոսը (249․5 մլն դոլար)։

Հայաստանից դեպի Ռուսաստան և ԵԱՏՄ այլ երկրներ արտահանվող ապրանքներից շարունակում են գերակշռող մնալ ալկոհոլային խմիչքները, ծխախոտը, պատրաստի սնունդը, տեքստիլ արտադրանքը, պտուղ-բանջարեղենը և այլն:

Արտահանման ծավալները նվազել են նաև դեպի Եվրամիության անդամ երկրներ։ Այս տարի դեպի ԵՄ անդամ երկրներ արտահանվել է 180․5 մլն դոլար արժեքով արտադրանք (20․4 տոկոս), մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ուղղությամբ արտահանվել էր 226․3 մլն դոլարի արտադրանք (23․5 տոկոս)։

ԵՄ անդամ երկրներից Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներ շարունակում են մնալ Բուլղարիան՝ 71․3 մլն դոլար (8 տոկոս), Նիդեռլանդները՝ 49․4 մլն դոլար (5․6 տոկոս), Գերմանիան՝ 20․4 մլն դոլար (2․3 տոկոս), Իտալիան՝ 13․9 մլն դոլար (1․6 տոկոս) և Բելգիան՝ 12․1 մլն դոլար (1․4 տոկոս)։ Բացառությամբ Բուլղարիայի, որտեղ արտահանվող ապրանքների ծավալն ավելացել է 6․3 տոկոսային կետով, մյուս եվրոպական երկրներ արտահանումն էականորեն նվազել է նախորդ տարվա հունվար-մայիս ժամանակահատվածի համեմատ։

Դեպի այս երկրներ Հայաստանից արտահանվում են գլխավորապես թանկարժեք ու կիսաթանկարժեք քարեր, մետաղներ և դրանցից պատրաստված իրեր, մանածագործական իրեր և այլն։

Եթե նախորդ տարվա առաջին 5 ամիսներին Հայաստանից արտահանված ապրանքների 48․5 տոկոսն էր ուղևորվում ԵԱՏՄ և ԵՄ անդամ չհանդիսացող երկրներ, ապա այս տարի արդեն այս ուղղությամբ արտահանվել է ապրանքների կեսից ավելին՝ 53․3 տոկոսը։ Այս երկրներ արտահանումը դրամային արտահայտությամբ կազմել է 472․8 մլն դոլար, ինչը 1 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից։

ԵԱՏՄ և ԵՄ անդամ չհանդիսացող՝ Հայաստանի առևտրային գործընկերներից կարելի է առանձնացնել Շվեյցարիան՝ 166․6 մլն դոլար (18․8 տոկոս), Չինաստանը՝ 80․5 մլն դոլար (9․1 տոկոս), Արաբական Միացյալ Էմիրությունները՝ 64․7 մլն դոլար (7․3 տոկոս), Իրաքը՝ 57․6 մլն դոլար (6․5 տոկոս), Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ 34․5 մլն դոլար (3․9 տոկոս), Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ 23․4 մլն դոլար (2․6 տոկոս) և Վրաստանը՝ 20․4 մլն դոլար (2․3 տոկոս)։

Հատկանշական է դեպի ԱՄԷ արտահանվող ապրանքների մոտ 2․5 անգամ և դեպի Իրան արտահանման 35 տոկոսանոց աճը։

Դեպի այս երկրներ Հայաստանից արտահանվում է հիմնականում հումք և խտանյութ, ժամացույցներ և ժամացույցի մասեր, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր ու մետաղներ, շինանյութ, պլաստմասսե և ապակյա իրեր, ծխախոտ, քաղցրավենիք, կենդանիներ և այլն։

Արտահանման կառուցվածքը

Չնայած տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից բնական պաշարների արտահանումից կախվածության նվազման մասին խոստումներին՝ կորոնավիրուսի պայմաններում հանքահումքային արտադրանքի արտահանումը ոչ միայն չի նվազել նախորդ տարվա համեմատ, այլ նաև ավելացել է։ Ինչպես տեսնում ենք գրաֆիկում՝ եթե նախորդ տարվա առաջին 5 ամիսներին այս արտադրատեսակի արտահանումը զբաղեցնում էր ընդհանուրի 26․7 տոկոսը (257․4 մլն դոլար), ապա այս տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանից արտահանվել է 307 մլն դոլարի հումք և խտանյութ, ինչը կազմում է ընդհանուր արտահանման 34․6 տոկոսը։

Մյուս բոլոր խոշոր ապրանքային խմբերի դեպքում արտահանումը նվազել է ոչ միայն բացարձակ արժեքով, այլ նաև արտահանման կառուցվածքում ունեցած մասնաբաժնով։

Օրինակ՝ պատրաստի սննդի մասնաբաժինը նվազել է և այս տարի կազմել է արտահանման 22․7 տոկոսը (200․8 մլն դոլար) նախորդ տարվա 23․2 տոկոսի դիմաց (224 մլն դոլար)։ Նույն պատկերն է թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի դեպքում։ Նախորդ տարի այս ապրանքախմբի արտահանման ծավալը կազմել էր 165․5 մլն դոլար, իսկ այս տարի արդեն 114․2։ Այլ կերպ ասած՝ այս ապրանքային խմբի արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 31 տոկոսով։

Փոքր-ինչ ավելացել է բուսական ծագման արտադրանքի արտահանումը։ Եթե նախորդ տարվա առաջին 5 ամիսներին արտահանվել էր ընդհանուր 36․1 մլն դոլար արժողությամբ բուսական ծագման արտադրանք, ապա այս տարի այն կազմել է 37․7 մլն դոլար։

Ամփոփելով՝ փաստենք, որ արտահանման մասով կորոնավիրուսի հետևանքները Հայաստանում սկսեցին նկատվել դեռևս փետրվար ամսից, և տարվա առաջին 5 ամիսների արդյունքում արդեն ունենք 8․1 տոկոս արտահանման անկում։

Արտահանման ծավալների կտրուկ աճ է գրանցել հանքահումքային արտադրանքը, որը նախորդ տարվա համեմատ աճել է 19․2 տոկոսով։ Մյուս գրեթե բոլոր ապրանքատեսակների դեպքում արտահանման ծավալների անկում է գրանցվել, որոշների դեպքում անկումն արտահայտվել է նույնիսկ երկնիշ թվերով։

Ազդեցությունը ներմուծման վրա

Այժմ դիտարկենք դեպի Հայաստան ներմուծումը, համեմատենք նախորդ տարվա ցուցանիշների հետ, ինչպես նաև տեսնենք, թե ինչպես է փոխվել ներմուծման աշխարհագրությունն ու ապրանքային կառուցվածքը։

Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, այս տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստան են ներմուծվել 1 մլրդ 652․8 մլն դոլարի ապրանքներ, ինչը 12․8 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Նախորդ տարի ներմուծվել էին մոտ 1 մլրդ 900 մլն դոլար արժողությամբ ապրանքներ։

Գրաֆիկում տեսնում ենք, որ հունվար ամսին, երբ դեռ համաճարակը չէր հասցրել էապես ազդել համաշխարհային տնտեսության վրա, Հայաստանում արտահանման ծավալները գերազանցում էին նախորդ տարվա ցուցանիշը մոտ 4 տոկոսով։

Սակայն արդեն փետրվար ամսից սկսեց նկատվել կորոնավիրուսի ազդեցությունը, որն առավել նկատելի դարձավ մարտ ամսից։ Սրան առավելապես նպաստեցին նաև արտակարգ դրության ռեժիմն ու տնտեսության լոքդաունը, ինչի հետևանքով ներմուծումը մարտ ամսին նվազեց 12․2, իսկ արդեն ապրիլ ամսին՝ 30․3 տոկոսով։ Մայիս ամսին Հայաստան են ներմուծվել 312․6 մլն դոլարի ապրանքներ, մինչդեռ նախորդ տարվա մայիս ամսին ներմուծվել էին մոտ 400 մլն դոլարի ապրանքներ։

Ներմուծման աշխարհագրությունը

Ինչպես նշեցինք, այս տարվա առաջին հինգ ամիսներին մոտ 13 տոկոսով կամ ավելի քան 240 մլն դոլարով նվազել է այլ երկրներից ապրանքների ներմուծումը, սակայն ԱՊՀ երկրների դեպքում պատկերն այլ է։ Եթե նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ԱՊՀ անդամ երկրներից Հայաստանը գնել էր ընդհանուր 650 մլն դոլար արժողությամբ ապրանքներ (ներմուծման 34․3 տոկոսը), ապա այս տարի ներմուծման ծավալները կազմել են ավելի քան 713 մլն դոլար (43․2 տոկոսը)։ Այստեղ, բնականաբար, ներմուծվող ապրանքների մեծ մասը գալիս է ԵԱՏՄ անդամ երկրներից` 656․6 մլն դոլար (39․7 տոկոս), իսկ ավելի կոնկրետ՝ Ռուսաստանի Դաշնությունից։ Ռուսաստանից նախորդ տարվա այս ժամանակահատվածում Հայաստանը ներմուծել էր 572 մլն դոլարի ապրանքներ, իսկ այս տարի ցուցանիշն ավելացել է մոտ 11 տոկոսով՝ կազմելով 634 մլն դոլար (ներմուծման 38․4 տոկոսը)։ ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստանը հիմնականում ներմուծում է նավթամթերք և գազ, փայտանյութ, սնունդ, հացահատիկ, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր և մետաղներ և այլն։

Ի հակադրություն ԵԱՏՄ անդամ երկրներից ապրանքների ներմուծման ծավալների աճի՝ Եվրամիության անդամ երկրներից այս տարվա հունվար-մայիս ժամանակահատվածում ներմուծվել են մոտ 330 մլն դոլարի ապրանքներ, ինչն ավելի քան 60 մլն դոլարով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից։ ԵՄ անդամ երկրներից այս տարի ներմուծված ապրանքները կազմում են ներմուծման ընդամենը 19․9 տոկոսը։ Այս երկրներից Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներն են Գերմանիան՝ 68․2 մլն դոլար (ընդհանուր ներմուծման 4․1 տոկոսը), Իտալիան՝ 59․1 մլն դոլար (3․6 տոկոս), Ֆրանսիան՝ 30․4 մլն դոլար (1․8 տոկոս), Նիդեռլանդները` 25․5 մլն դոլար (1․5 տոկոս) և Բելգիան՝  19․7 մլն դոլար (1․2 տոկոս)։ Այս շարքում, բացառությամբ թերևս Ֆրանսիայի, որտեղից ունեցել ենք ներմուծման մոտ 25 տոկոսանոց աճ, մյուս երկրներից ներմուծման ծավալները զգալիորեն պակաս են նախորդ տարվա ցուցանիշներից։

ԵՄ անդամ երկրներից Հայաստանը ներմուծում է սննդամթերք, դեղորայք, մեքենաներ, տեքստիլ արդյունաբերության ապրանքներ, քիմիական արտադրանք, օծանելիք և այլն։

ԵԱՏՄ և ԵՄ անդամ չհանդիսացող այլ երկրներից այս տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստան է ներմուծվել մոտ 610 մլն դոլարի ապրանք, ինչն ավելի քան 240 մլն դոլարով կամ 28․6 տոկոսով պակաս է նախորդ տարվանից։ Այլ երկրներից ներմուծված ապրանքների ծավալը ներմուծման կառուցվածքում նվազել է՝ 45 տոկոսից դառնալով 36․9 տոկոս։

Այս երկրներից են Չինաստանը՝ 144․2 մլն դոլար (8․7 տոկոս), Վրաստանը՝ 103․2 մլն դոլար (6․2 տոկոս), Իրանը՝ 98․9 մլն դոլար (6 տոկոս), Արաբական Միացյալ Էմիրությունները՝ 43․9 մլն դոլար (2․7 տոկոս), Թուրքիան՝ 34․8 մլն դոլար (2․1 տոկոս) և Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ 19․5 մլն դոլար (1․2 տոկոս)։ Նշված բոլոր երկրներից ներմուծման ծավալների նվազումը արտահայտվում է երկնիշ թվերով, իսկ, օրինակ, ԱՄՆ-ի դեպքում ապրանքների ներմուծման ծավալները նվազել են ավելի քան 4 անգամ (պատճառը նախորդ տարի մեծ քանակությամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն էր ամերիկյան շուկաներից)։

Այս երկրներից Հայաստանը գնում է հիմնականում նավթամթերք, քիմիական նյութեր և պլաստմասսա, սև մետաղներ, բնական քարեր, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր ու մետաղներ, սարքեր և սարքավորումներ, էլեկտրական և կենցաղային տեխնիկա, հագուստ, սնունդ և այլն։

Ներմուծման կառուցվածքը

Նախորդ տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստան ներմուծվող ապրանքախմբերի ցանկում ամենից մեծ բաժինն ուներ «սարքեր, սարքավորումներ» ապրանքային խումբը՝ մոտ 312 մլն դոլար արժողությամբ։ Այս տարի արդեն այդ ապրանքախմբի ներմուծման ծավալները նվազել են մինչև 271 մլն դոլարի, ինչը կազմում է ներմուծման 16․4 տոկոսը։ Այս տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանն ամենից շատ կարիք է ունեցել հանքահումքային արտադրանքի, իսկ ավելի կոնկրետ՝ նավթի, գազի և այլ էներգակիրների։ Այս տարի ներմուծվել է 316 մլն դոլարի հանքահումքային արտադրանք, ինչը 11 մլն դոլարով կամ 3․6 տոկոսով ավելի է նախորդ տարվանից։ Բացի սրանից, ավելի քան 16 տոկոսով աճել է պատրաստի սննդի ներմուծումը։ Եթե նախորդ տարվա առաջին հինգ ամիսներին ներմուծվել էր մոտ 132 մլն դոլարի սնունդ, ապա այս տարի արդեն ներմուծվել է 153․5 մլն դոլարի պատրաստի սնունդ։

Մյուս բոլոր խոշոր ապրանքային խմբերում ներմուծման ծավալներն էականորեն կրճատվել են, որոշների դեպքում նույնիսկ երկնիշ թվերով։ Հատկապես ակնառու է վերգետնյա տրանսպորտային միջոցների ներմուծման ծավալների մոտ 2․5 անգամ և վերջին ամիսներին բազմաթիվ անգամներ քննարկված՝ թանկարժեք քարերի ու մետաղների ներմուծման ծավալների կրկնակի կրճատումը։

Սևադա Ղազարյան,

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող