Ընտրացուցակներում չեն հայտնվելու մարդիկ, որոնց անձնագրերի վավերականության ժամկետն անցել է․Դ․ Իոաննիսյանը՝ ընտրացուցակների մաքրման մասին

Ընտրացուցակներում չեն հայտնվելու մարդիկ, որոնց անձնագրերի վավերականության ժամկետն անցել է։ NewArmenia.am-ի հետ զրույցում նման հայտարարություն արեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող,  Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանն՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխություններին ու ընտրացուցակների մաքրման խնդրին։

«Բավականին դժվար է հստակ ասել՝ ով է երկրում, ով երկրում չէ, այսինքն՝  կոնցեպտուալ շատ դժվար է։ Երբ խոսքը կոնկերտ անձի մասին է, ԱԱԾ-ն կարողանում է պարզել, բայց երբ խոսքը հազարավոր մարդկանց մասին է, մենք ճշտություն ենք հարցնում ու հնարավոր չի լինում բացահայտել՝ մարդը երկրում է, թե՝ ոչ։ Դրա համար գնում ենք ճանապարհով, որ այն անձինք, որոնց անձնագրերի վավերականության ժամկետն ավարտվել է, ավելին՝ վավերականության ժամկետն ավարտելուց հետո երկար ժամանակ է անցել, այդ մարդկանց հանենք ցուցակներից, քանի որ նրանց զգալի մաս այն մարդիկ են, որոնք շատ վաղուց արտագաղթել են ու երկրում չեն»,- ասաց նա։

Իոաննիսյանը չի հերքում, որ տարիներ շարունակ մահացած անձանց անունները հայտնվել են ընտրացուցակներում, սակայն այս խնդրի կարգավորումն ավելի բարդ է համարում։ Նրա խոսքով՝ այն մարդիկ, որոնք մահացել են Հայաստանում, ընտրացուցակներում չկան՝ բացառությամբ  հատուկենտ դեպքերի, բայց այն մարդիկ, որոնք ՀՀ սահմաններից դուրս են մահանում, ՀՀ Ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչությունը չի կարող իմանալ, որ նրանք մահացել են։

«Եթե մահացել են դրսում, պետք է հարազատները բերեն ու մահվան վկայականը ներկայացնեն, հակառակ դեպքում ինչպե՞ս անձնագրային բաժին իմնանա։ Իսկ մենք գիտենք, որ մարդիկ այս կերպ չեն վարվում, ո՞վ է բերում, միայն նրանք, որոնք ժառանգության հետ կապված հարցեր ունեն լուծելու և այլն։ Այդ պատճառով  նման մարդկանց ցուցակներից  հանելու միակ մեթոդը անձնագրերի վավերականության ժամկետն է»,- շարունակեց  Իոաննիսյանը։

Խոսելով ԸՕ-ում կատարված առանցքային փոփոխություններից,  որոնք կարող են  ընտրութունների որակի վրա շեշտակի դրական ազդեցություն թողնել, Դանիել Իոաննսյանն ասաց, թե փոխվել են «խաղի» կանոնները։

«Հաշվի առնելով առկա իրողությունները՝ այդ թվում հեղափոխությունից հետո ՀՀ-ում ստեղծված իրողությունները, արվել են փոփոխություններ, որոնք խաղի կանոնների հետ են կապված։ Օրինակ՝ փոփոխություններ, որոնք վերաբերում են նախընտրական քարոզարշավի խաղի կանոններին, ֆինանսավորմանը և այլն։ Այդ փոփոխություններն ընտրությունները կվերածեն ավելի շատ քաղաքական պայքարի, ոչ թե ռեսուրսների։ Սա է թե՛ ԸՕ-ի, թե՛ Կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունների հիմնական առանցքը, որը պետք է ապահովի ընտրական գործընթացների իրապես ժողովրդավար լինելը։ Ընտրապայքարը, երբ դառնում է ռեսուրսների պայքար, լինում է ինչ-որ օլիգարխների մրցակցություն, ինչը որևէ աղերս չունի ժողովրդավարության հետ»,-ընդգծեց Դանիել Իոաննսիյանը։

Ինչ վերաբերում է հարցին՝ ՀՀ-ում առկա քաղաքական իրավիճակն ու կուսակցությունների կայացվածությունը թույլ կտա՞ն, որ օրենքի փոփոխությունները կիրակվեն, Իոաննիսյանը նշեց, թե փոփոխություններն անելիս ամեն բան հաշվի է առնվել։ Միևնույն ժամանակ նա  չբացառեց, որ ՀՀ քաղաքական դաշտում առկա ու ակտիվ որոշ կուսակցություններ կարող են խնդիրներ ունենալ։

«Այո, հնարավոր է, որ որոշ կուսակցություններ լուրջ խնդիրներ ունենան, որովհետև կան կուսակցություններ, որոնք մի հոգուց են ֆինանսավորվում, իսկ մենք փակելու ենք այդ ճանապարհը։ Այսինքն՝ չի կարողանալու կուսակցությունը մի հոգուց կամ մի փոքր խումբ մարդկանցից  ֆինանսավորվել։ Այս արգելքը հիմա էլ կա, բայց շրջանցման ճանապարհները բազմաթիվ են, որոնք մենք փակելու ենք»,- հավելեց նա։

Դիտարկմանը, որ շատ անգամ բոլորին հայտնի իրականությունը փաստաթղթերով ապացուցել հնարավոր չի լինում, Դանիել Իոաննիսյանն արձագանքեց․ «Մենք բազմաթիվ մեխանիզմներ ենք նախապատրաստում այդ արգելքի շրջանցման ուղիները փակելու համար։ Օրինակ՝ նախատեսում ենք, որ եթե մեկն ուրիշի անունից փող մուտքագրի կուսակցության նախընտրական հիմնադրամի հաշվին ու դա բացահատվի, ապա քրեական պատասխանատվության կենթարկվի»։

Առնչվող