Դանիել Իոաննիսյանի հարցը Արսենի Յացենյուկին

Կիևում նոյեմբերի 19-ից 21-ը ընթանում է Եվրոպական Միության Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության 7-րդ տարեկան ֆորումը, որին մասնակցում են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի քաղաքացիական հասարակության հարյուրավոր ներկայացուցիչներ:

Այսօր առավոտյան ֆորումի մասնակիցները հյուրընկալեցին Եվրոպական Միության ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհանես Հաննին և Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկին:

Բարձրաստիճան պաշտոնյաներին տրված 3 հարցերից երկուսը հնչեցրեցին Հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչները: Մասնավորապես, «Իրազեկ քաղաքացիենրի միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հարցրեց, թե ի՞նչ պետք է անեն երկրների կառավարությունները, որպեսզի հակամարտությունները չխանգարեն ժողովրդավարեցման բարեփոխումներին:

Պատասխանելով Իոաննիսյանի հարցին՝ Ուկրաինայի վարչապետը նշեց, որ երկու տարի առաջ տեղի ունեցած արժանապատվության հեղափոխությունը (Եվրոմայդանը), ստիպում էր իրենց իրականացնել բարեփոխումներ՝ ի հեճուկս պատերազմի և դժվարագույն տնտեսական վիճակի: Նա նաև հավելեց, որ Արևելյան գործընկերության երկրներում տեղի ունեցող կոնֆլիկտները (այդ թվում՝ Ղարաբաղյան հակամարտությունը) նախապատրաստվել և ապա դրդվել են Ռուսաստանի կողմից՝ տարածաշրջանում ժողովրդավարեցման գործընթացների խոչընդոտման համար:

Արսենի Յացենյուկը հավելեց, որ ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը էլ ավելի կարևոր է դառնում պատերազմի ժամանակ և որ այդ դժվարագույն պայմաններում երկիրը բարեփոխելու համար պետք է, որ իշխանությունները «սեղմեն բռունցքներն ու շարժվեն առաջ»:

Հաջորդ հարցը հնչեցրեց հաշվանդամների իրավունքներով զբաղվող «Յունիսոն» ՀԿ ղեկավար Արմեն Ալավերդյանը, ով եվրոհանձնակատար Յոհաննես Հաննից հետաքրքրվեց, թե արդյո՞ք Եվրոպական Միությունը մտադիր է հետամուտ լինել, որպեսզի Հայաստանում և արևելյան գործընկերության այլ երկրներում պահպանվեն հաշվանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին Եվրոպական կոնվենցիայով ամրագրված կարգավորումները և ստացավ դրական պատասխան:

Հարկ է նաև նկատել, որ Արսենի Յացենյուկի ու Յոհաննես Հաննի՝ 6 երկրների ՀԿ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավարության անունից ելույթ ունենալու պատիվը ևս բաժին բաժին հասավ հայաստանցու: Մասնավորապես, «Եվրասիա համագործակցության հիմնադրամի» ներկայացուցիչ Միքայել Հովհաննիսյանին, ով ներկայացրեց 6 երկրներում Եվրոինտեգրման հետ կապված առկա մարտահրավերները և այն առաջնային խնդիրները, որոնք պետք է լուծվեն:

Մասնավորապես, Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանի համար շատ կարևոր է, որ գաղտնազերծվի ու հրապարակվի ԵՄ-Հայաստան ասոցացման ու խորը և համապարփակ առևտրի համաձայնագրի նախագիծը:

Առհասարակ, կարելի է նշել, որ 6 երկրների պատվիրակությւոններից ամենաակտիվը հենց հայկական հասարակական կազմակերպությունների պատվիրակությունն է:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող