Ռուս-Թուրքական պատերազմների պատմությունը և հայերը

Ինչպես հայտնի է, երեկ թուրքական օդուժը կործանեց Սիրիայում մարտական գործողությանը մասնկցող ռուսական օդանավ, ինչը էականորեն վատթարացրեց ռուս-թուրքական հարաբերությունները: Արդ, եկեք քննարկենք ռուս-թուրքական նախկին պատերազմներն ու հայերիս մասնակցությունը դրանց (թեև, համոզված ենք, որ այս անգամ պատերազմի գործը չի հասնի):

18-րդ դար

Ռուս-թուրքական բախումների մասին առաջին հիշատակություններն առկա են դեռևս 16-րդ դարից սկսած, բայց էականորեն դրանք մեզ վերաբերվում են 18-րդ դարի եզրագծից: Սա այն փուլն է, երբ Պետրոս Առաջինն, ավարտելով պատերազմը Բալթիկ ծովի համար, որոշեց հայտնվել նաև Կովկասում: Այդ նպատակի համար, հանդես գալով քրիստոնյա տիրակալի դիրքերից, նա գրգռեց մի քանի շարժումներ Հարավային Կովկասում` հայերի և վրացիների մասնակցությամբ: Ավելին, հայ-վրացական համատեղ ուժերը հավաքվեցին և սպասում էին Պետրոսի ժամանմանը Գանձակի Չոլակ վայրում: Երեք ամիս անիմաստ սպասելուց հետո նրանք վերադարաձան իրենց տները, իսկ Պետրոսը կնքեց Կ. Պոլսի 1724 թվականի պայմանագիրը, որով ճանաչեց Թուրքիայի իշխանությունը Հարավային Կովկասի մեծագույն մասի վրա: Թուրքերն անմիջապես անցան գործի. գրավեցին Թիֆլիսը, Երևանը, Արցախը, Սյունիքը և ընդհանրապես Հարավային Կովկասի զգալի մասը` դրանից բխող բոլոր հետևանքներով:

19-րդ դարի սկիզբ

Հաջորդ ռուս-թուրքական բախումը, որն անմիջականորեն վերաբերվում էր մեզ, դա 1806-1812 թվականների պատերազմն է: Այստեղ անենք մի միջանկյալ դիտարկում: Ռուս-թուրքական պատերազմները, որպես կանոն ընթանում էին երկու ճակատով` Բալկանյան և Կովկասյան: Կովկասյան ճակատում ռուսների հիմնական աջակիցները քրիստոնյա հայերն են: Շատ են դեպքերը, երբ վրացիները, մեգրելական կամ քարթլիի թագավորության ներկայացուցիչները ոչ միայն չեն աջակցել ռուսներին, այլ շատ դեպքերում նաև խոչընդոտել են:

Այսպես, խնդիր չդնելով մանրամասն նկարագրել ռուս-թուրքական պատերազմների ընթացքը մենք պարզապես կանդրադառնանք այն հարցին, թե ինչ տվեցին մեզ այդ պատերազմներն՝ առանձին-առանձին վերցրած: Այդպես, օրինակ 1810 թվականին, երբ Տորմասովը տապալեց Ախալցխայի գործողությունը, նա որոշեց յուրատեսակ կերպով փոխհատուցել և հրաման արձակեց  թալանել գավառի այն բոլոր գյուղերը, որոնք ժանտախտով վարակված չէին, իսկ դրանք հիմնականում հայկական գյուղերն էին: Չբավարարվելով սրանով, նա 1500 հայ ընտանիքների վերաբնակեցրեց Վրաստանի այլ մասերում, մասնակի հայաթափման ենթարկելով Ախալցխայի գավառը: Ինչևէ, 1812 թվականի մայիսի 16-ին Բուխարեստում հայ դիվանագետ Մանուկ բեյի միջնորդությամբ կնքված ռուս-թուրքական հաշտության պայմանագրով ռուսական արքունիքը նախապատմությունը տվեց դանուբյան տարածքներին: Բեսարաբիան զիջելու թուրքերի համաձայնությանը ռուսական դիվանագիտությունը պատասխանեց Անդրկովկասում գրաված Ախալքալաքի գավառը, Անապան ու Փոթին թուրքերին վերադարձնելու որոշմամբ: Ռազմաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ թուրքապատկան գավառներում տեղի ունեցան էթնիկական տեղաշարժեր՝ հայերի արտագաղթ ու բռնագաղթ: Այս տարածքում ապրող հայությունը, անկախ ռուսական զինվորական իշխանությունների հաճախակի անհեռատես, ոչ հայանպաստ քայլերից, պատերազմում իր նպաստը բերեց ռուսների հաջողություններին՝ օգնելով ինչպես սննդամթերքով, անպես էլ անձամբ պատերազմներին մասնակցելով:

Այս մասին դիպուկ է գրում նաև Լեոն. «Բազմատանջ, ստրկության և բնաջնջման մատնված աշխատավոր ժողովուրդը բնազդորեն, տարերային մղումով փրկություն էր որոնում ռուսական արշավանքի մեջ, դիմավորում էր ռուս զինվորին իբրև իր ազատարարի: Բայց այս վերաբերմունքի համար նա պատժվում էր սաստկապես: Նրա դրությունն ավելի ևս վատթարանում էր, երբ ռուսական զորքերը թողնում էին իրենց գրաված տեղերը և հայերը, ռուսներին աղ ու հացով, խաչով-խաչվառով ընդունելուց հետո, նորից մնում էին երես առ երես իրենց տերերի՝ օսմանցիների հետ: Պատերազմենը բերում էին թուրքահայերին կոտորած, գաղթականություն: Բնաջնջման գործն արագանում էր, և ռուսական հպատակություն ընդունելը ժողովրդական գիտակցւթյան մեջ դառնում էր ավելի և ավելի հրամայողական անհրաժեշտություն, իբրև միակ միջոց ֆիզիկական գոյություն պահպանելու»:

Հաջորդը դա 1828-1829թթ. ռուս-թուրքական պատերազմն էր: Այս պատերազմից սկսած, հայերը չբավարարվելով միայն նյութական օգնություն, գիշերակացի կայաններ տրամադրելուց, հետախուզական տվյալներ հաղորդելուց, սկսում են արդեն կազմել կամավորական խմբեր, որոնք պետք է մասնակցեին պատերազմին՝ ռուսական զորքերի կազմում: Սա չէր կարող իր խիստ բացասական հետևանքները չթողնել Օսմանյան Կայսրությունում բնակվող հայերի վրա, ուր յուրաքանչյուր պատերազմի ավարտից հետո հիշում էին «թշնամուն» աջակցած հայերիս մասին: Այս պատերազմի ընթացքում, կարճ  ժամանակահատվածում ռուսների տիրապետության տակ են անցնում այնպիսի տարածքներ, ինչպիսիք էին` Ախալքաղաքը, Ախալցխան, Արդահանը, Բայազետը, Ալաշկերտը, Էրզրումը, Օլթին, Խնուսը, Մուշը և այլ բնակավայրեր։ Սկայն, պատերազմի ավարտից հետո բացի Ախալքալակից, Ախալցխաից և Փոթիից, մնացյալ տարածքները` Կարսը, Արդահանը, Էրզրումը, Մուշը, Բայազետը ռուսները վերադարձնում են թուրքերին: Արդյունքում այդ տաածքներում ապրող հայերը հայտնվեցին հալածանքների կիզակետում:

Ղրիմի պատերազմն ու դրանից հետո

1853-1856 թվկաներին Ղրիմի պատերազմում բավականին էական է եղել հայերիս մասնակցությունը (բնականաբար, ռուսական կողմից): Սակայն Ռուսաստանի պարտության արդյունքում ստորագրված  հաշտության պայմանագրով ի հավելումն այլ տարածքների, Ռուսաստանը Թուրքիային է վերադարձրել Արևմտյան Հայաստանում գրաված բոլոր տարածքները՝ հայերիս համար դրանից բխող բոլոր հետևանքներով:

1877-1878 թթ պատերազմի մինչ բուն սկիզբը, ռուսները ամպստամբական բռնկումներ հովանավորեցին Բալկաններում և Արևմտյան Հայաստանում: Սակայն, եթե այս պատերազմների արդյունքում սերբերը, բուլղարները, ռումինացիները կստանան անկախություն, Հունաստանը կհայտնվի կիսաանկախ վիճակում, ապա մենք կհայտնվենք կոտրած թաշտակի առջև:

Բալկանյան ապստամբության կայծը խանդավառեց նաև հայ ժողովրդին. 1875 թվականին նորից ապստամբեց Զեյթունը, նաև՝ Վանը, որը մատնվեց հրի։ Այս պատերազմում մասնակցում էին  7 հայ գեներալ և ավելի քան 500 բարձրաստիճան սպա։ Երևանի նահանգի հայությունը ռուսական զորքերին տրամադրեց հազարավոր սայլեր, ձիեր և ուղտեր։ Երևանում և Ղարաքիլիսայում հայերն իրենց տները տրամադրում էին ռուսական զորքերին իբրև հոսպիտալներ, ստանձնում վիրավոր ռուս զինվորների բժշկական օգնության գործը։ Արևմտահայերը ստույգ տեղեկություններ էին հաղորդում թուրքական ռազմական ուժերի վերաբերյալ, կատարում էին ուղեկցորդի դեր, ստեղծում էին կամավորական ջոկատներ և այլն։ Սակայն պատերազմն ավարտվեց Սան Ստեֆանոյի պայմանագրով, իսկ ապա Բեռլինի վեհաժողովով, որոնց արդյունքում Ռուսաստանը և կորցրեց Արևմտյան Հայաստանի զավթված տարածքների զգալի մասը` հայերին նորից միայնակ թողնելով թուրքական բռնատիրության դեմ:

20-րդ դարասկիզբ

Առանձին գրքի թեմա է նաև առաջին աշխարհամարտի ռուս-թուրքական ճակատը: 1914-1916 թթ. ռուսական զորքերի վայրիվեր արշավանքների` հարձակումների և նահաջների, իսկ 1917-ի բոլշևիկյան հեղաշրջումից հետո ընդհանրապես ճակատից դուրս գալու արդյուքնում հնարավոր եղավ ցեղասպանության իրագործումը: Թուրքերը և նրանց կողմից հովանավորվող ջարդարարներն առանձնակի հաճույքով էին կոտորում հայերին, քանզի հայերը աջակցում էին իրենց ոխերիմ թշնամիներին` ռուսներին:

Այսպիսով, ինչպես տեսանք, ռուս-թուրքական բոլոր պատերազմների ընթացքում, որոնք ընթացել են Կովկասյան ճակատում, ռուսներին ամենահավատարիմը եղել են հայերը, և դրա համար բացառապես փոխհատուցել են կրած մարդկային միլիոնավոր և տարածքային հսկայական կորուստներով: Ծառայել են հեզորեն` չստանալով ոչինչ:

Վահրամ Թոքմաջյան,

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող