Ռուս-արաբական ապատեղեկատվությունը Հայաստանում

Օրերս տարբեր լրատվամիջոցներ հանդես եկան հրապարակումներով, ըստ որոնց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագել է Հայաստանում գործող ռուսական 102-րդ ռազմակայանը 7000 հազարանոց զորամիավորմամբ և ծանր մարտատեխնիկայով համալրելու հրամանագիր:

Ընդ որում նյութի հեղինակ EurAsiaDaily կայքը առ այսօր facebook սոցիալական ցանցում վճարովի հիմունքներով (facebook-ի վճարովի գովազդի ծառայությամբ) տարածում է այդ նյութը՝ տեղեկատվությունը ներկայացնելով որպես փաստական իրողություն:

EADaily

Ու թեև արդեն մե շաբաթ է այդ նյութը հրապարակել է, սակայն այն որևէ կերպ չի հաստատվել, նման հրամանագրի մասին որևէ տեղեկատվություն չկա Կրեմլի պաշտոնական կայքում, իսկ Հայաստան բերվել են ռուսական միմիայն 6 ուղղաթիռներ:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» որոշեց գնալ այդ հրապարակման հետքերով և պարզել դրա իսկությունը:

Եվրասիական հետքը

Այսպիսով, EADaily-ն, հղում կատարելով լիբանանական Al Mayadeen հեռուստաալիքի «աղբյուրի» վրա, հայտնում է, որ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Հայաստանում տեղակայվելու են 7000 զինվորականներ, ովքեր «սերտորեն համագործակցելու են Սիրիական Լաթաքիայում գործող ռուսաստանյան ռազմակայանի հետ»: Ընդ որում, չի նշվում, թե ինչպե՞ս են Հայաստանում «տեղակայվելիք» զորքերը համագործակցելու Սիրիայում գտնվող ռուսաստանյան զորամիավորումների հետ:

Համացանցում կատարելով հայերեն, ռուսերեն, թուրքերեն ու արաբերեն որոնումներ, պարզ է դառնում, որ նյութը առաջինը հրապարակվել է EADaily-ում, ապա վերջինիս հղումով այլ կայքերում: Իսկ EADaily-ն, ինչպես նշեցինք, հղում էր տվել լիբանանական Al Mayadeen հեռուստաալիքի «աղբյուրի» վրա:

Ու թեև այդ նյութը, իրականին գոնե մի չնչին մասով մոտ լինելու դեպքում լրատվամիջոցների համար, մեղմ ասած, շատ կարևոր է, սակայն այդ տեղեկատվությունը տեղ չգտավ ռուսական որևէ հեղինակավոր ԶԼՄ-ում (որոնք հաճախ Կրեմլին մոտիկ կանգնած իրական աղբյուրներ ունեն):

Հետևապես դժվար է ասել, թե լիբանանական հեռուստաալիքը այդ ի՞նչ աղբյուր կարող է ունենալ Կրեմլում, որը չունեն ռուսական հեղինակավոր ԶԼՄ-ները… Այլ կերպ ասած, կարելի է պնդել, որ կամ լիբանանական Al Mayadeen-ը նման հրապարակում չի ունեցել, կամ էլ այն հորինվածք է եղել:

Ու թեև այդ նյութի՝ Հայաստանում տարածման համար ջանքեր ու գումարներ ծախսում է EADaily-ին, որը, վստահ ենք, գիտակցում է դրա ապատեղակատվական բնույթը, սակայն չի բացառվում, որ տեղեկատվությունը գալիս է Al Mayadeen-ից (ինչը պարզել չհաջողվեց):

Հեզբոլլահի ու ալ Ասադի հետքը

Բանն այն է, որ համաարաբական սփռմամբ Al Mayadeen-ը, ըստ լիբանանական անկախ աղբյուրների, պատկանում է հարևան Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի զարմիկ, բիզնեսմեն Ռամի Մախլուֆին: Մախլուֆը բավականին հայտնի է արաբական աշխարհում և իր ունեցվածքը գերազանցում է 5 միլիարդ դոլարը:

Ու թեև հեռուստաալիքի ղեկավարությունը հրաժավրում է հայտնել  սեփականատիրոջ անունը, սակայն նշվում է, որ նա «արաբ գործարար է»:

Al Mayadeen-ը, ըստ ուսումնասիրությունների, բացի ալ Ասադի թիմից, ֆինանսավորվում է նաև շիա-մահմեդականների «խմբակցության» այլ անդամների կողմից, ինչպիսիքն են Լիբանանում գործող (և շատ ազդեցիկ) «Հեզբոլլահ» խմբավորումը ու Իրանը:

Մասնավորապես, շիաների կողմից այդ ֆինանսավորման պատճառն է լրատվական դաշտում հակակշռել Al Jazeera-ին, սյունի-մահմեդական ուղղվածությամբ սաուդյան Al Arabiya-ին և արևմտյան Sky News Arabia և BBC Arabic Television հեռուստաալիքներին:

Ինչևիցե, պարզ է, որ ենթադրաբար Բաշար ալ Ասադի զարմիկին պատկանող և շիա-մահմեդականներին սատարող Al Mayadeen հեռուստաալիքը կարող է հրապարակումներ անել, որոնցով փորձի ամեն կերպ ցուցանել, որ սյունի-մահմեդական Թուրքիայի դեմ պայքարում իրենց աջակցում է նաև Ռուսաստանը… Այդ թվում, իբր Հայաստանից զորքով «նեղելու» միջոցով:

Սակայն խնդրահարույցն այն է, որ EurAsia Daily ռուսական կայքի միջոցով այդ հրապարակումը մուտք է գործում հայկական լրատվական դաշտ և սկսում լայնամաշտաբ ապատեղեկատվության առիթ դառնալ:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող