Հայաստան կապիտալի ներհոսքն ու արտահոսքը

Ռուսական ուղղակի ներդրումները մեր տնտեսությունում նվազել են 70 տոկոսով՝ այս տարվա առաջին երեք եռամսյակներին՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։ Սա երևում է Ազգային վիճակագրական ծառայության վերջերս հրապարակած տվյալներից։ Նախորդ տարվա 48.7 միլիարդ դրամի փոխարեն այս տարվա հունվար-սեպտեմբերին Ռուսաստանից եկող ուղղակի ներդրումները կազմել են 14.4 միլիարդ դրամ։

Դրամով արտահայատված ընդհանուր օտարերկրյա ուղղակի ներդրումները (ՕՈՒՆ), սակայն, աճ են գրանցել՝ նախորդ տարվա 107.2 միլիարդ դրամի փոխարեն այս տարի կազմելով 125.2 միլիարդ դրամ։ ԱՎԾ-ն, չգիտես ինչու, փոխել է ներդրումների հաշվարկման մեթոդաբանությունը և այժմ տվյալները դրամով է հրապարակում։ Բայց, եթե հաշվի ենք առնում դրամի արժեզրկումը, ստացվում է, որ նախորդ տարվա հունվար սեպտեմբերի մոտ 261 միլիոն դոլար ուղղակի ներդրումների փոխարեն այս տարվա ցուցանիշը 263 միլիոն դոլար է, այսինքն՝ չնչին աճ կա ։

Ռուսական ներդրումներին Հայաստանում փոխարինելու են եկել հատկապես շվեյցարական (մոտ 36.7 միլիոն դրամով աճ) ու լյուքսեմբուրգյան (20.5 միլիոն դրամով աճ) ուղղակի ներդրումները։ Արդյունքում, այդ երկրները դարձել են Հայաստանում ուղղակի ներդրումներ ապահովող առաջատար երկները (Գծագիր 1)։

kapitalarm

Թե ինչո՞վ է բացատրվում շվեյցարացի ու լյուքսեմբուրգցի գործարարների հետաքրքրվածությունը Հայաստանով, դժվար է ասել։ Հավանաբար, այդ գումարների մի մասը հենց հայկական ծագման փողեր են, որոնք պահվել են «ապահով» տեղում։

Սակայն, այսքանով հանդերձ, պետք է արձանագրել, որ բավականին անբնական է այն, որ ի հեճուկս Հայաստանում գործող ռուսական բազմաթիվ մեծ կորպորացիաների («Գազպրոմ», «ՄՏՍ», «Բիլայն», «ԻնտեռՌաոԵՍ», «Ռոսնեֆտ» և այլն), Շվեյցարիայից ու Լուքսեմբուրգից ավելի շատ ներդրումներ են գալիս, քան ՌԴ-ից:

Հետաքրքիր է նաև այն, որ շարունակվում է Հայաստանից կապիտալի արտահոսքը օֆշորային երկրներ՝ Կիպրոս և Վիրջինյան կղզիներ։ Այդ երկրներ Հայաստանից ավելի շատ փող է գնում, քան գալիս է։ Վիրջինյան կղզիներ այս տարի Հայաստանից գնացել է մոտ 27.7 միլիարդ դրամ կամ մոտ 58 միլիոն դոլար, իսկ Կիպրոս մոտ 2 միլիարդ դրամ կամ 4 միլիոն դոլար։ Ակնհայտորեն, այս գումարները անօրինական ճանապարհով աշխատած փողերի լվացում են, քանի որ Վիրջինյան կղիներն էլ, Կիպրոսն էլ օֆշորային գոտիներ են՝ նախատեսված հենց ծագման օրինականության ապացուցման կարիք չունեցող փողերի համար։

Կապիտալի արտահոսքը պայմանավորված է տարբեր հանգամանքներով, այդ թվում՝ տնտեսության վատ վիճակով:

Հրայր Մանուկյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող