ՀԱՊԿ՝ դաշինք առանց հավաքական նպատակների ու արժեքների

Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում ստեղծված իրավիճակը նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արդյունավետության շուրջ քննարկումների առիթ է դարձել։

Մայիսի 12-ից, ինչպես հայտնի է, Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածք՝ Սյունիքի մարզի Սև լճի հատվածում առաջ գալով շուրջ 3.5 կիլոմետր։ Ադրբեջանցիները խախտել են Հայաստանի սահմանը նաև Գեղարքունիքի մարզում՝ Վերին Շորժայի հատվածում՝ նույնպես զգալի առաջ գալով։

Ստեղծված իրավիճակում Հայաստանը մայիսի 14-ին հայտարարեց, իսկ մայիսի 15-ին պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ՝ կազմակերպության կանոնադրության 2-րդ հոդվածով նախատեսված գործընթացները սկսելու համար։

ՀԱՊԿ կանոնադրության երկրորդ հոդվածը, մասնավորապես, նախատեսում է, որ եթե անդամ երկրներից որևէ մեկի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անվտանգությունը և կայունությունը վտանգվում են, անդամներն անմիջապես գործարկում են համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը՝ իրենց դիրքորոշումները համակարգելու, առաջացած սպառնալիքը վերացնելու նպատակով, այդ երկրին օգնություն տրամադրելու միջոցներ են ձեռնարկում և զարգացնում:

ՀԱՊԿ-ն, սակայն, սույն հոդվածի պատրաստման պահի՝ մայիսի 24-ի դրությամբ դեռևս ոչ մի գործնական միջամտություն կամ հասցեական հայտարարություն չի արել։

Ի՞նչ է ՀԱՊԿ-ը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ստեղծվել է 1992 թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից: 1993 թ. սեպտեմբերին պայմանագրին միացել էին Ադրբեջանը, Բելառուսը և Վրաստանը: Սակայն հետագայում Վրաստանն ու Ադրբեջանը հրաժարվել են անդամակցությունը երկարաձգելուց: Կազմակերպությունից հեռացել է նաև Ուզբեկստանը: Ներկայում կազմակերպության անդամներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Տաջիկստանը, Ղազախստանը և Ղրղզստանը:

ՀԱՊԿ-ն, ըստ էության, ստեղծվել է Խորհրդային Միության փլուզումից հետո ձևավորված անկախ պետությունների համար անվտանգային ընդհանուր միջավայր ստեղծելու համար՝ որպես այլընտրանք այն անվտանգային միջավայրի, որը կար Խորհրդային Միության կազմում։ Կազմակերպության հռչակված նպատակներն են խաղաղության, միջազգային և տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդումը, անդամ-պետությունների անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հավաքական պաշտպանությունը։ Ընդ որում, առաջնահերթությունը տրվում է վերոնշյալ նպատակների իրագործման քաղաքական միջոցներին։

ՀԱՊԿ գաղափարախոսության հիմքում ոչ թե հավաքական հակազդեցությունն է որևէ կոնկրետ սպառնալիքի, այլ պարզապես նախկին խորհրդային երկրների համագործակցությունը ռազմական ու ռազմաքաղաքական ոլորտում։ ՀԱՊԿ անդամ-պետությունները չունեն ընդհանուր թշնամիներ, հակառակորդներ, սպառնալիքներ կամ արժեքներ։ Այն, ինչ, ենթադրենք, սպառնում է ՀԱՊԿ անդամ Տաջիկստանին, չի սպառնում, օրինակ, Հայաստանին, իսկ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները նույնը չեն, ասենք, Ղազախստանի համար։ Ավելին, ՀԱՊԿ անդամ-պետություններից շատերը՝ նույն Ղազախստանը կամ Բելառուսը, շատ ավելի ամուր կապեր ու փոխադարձ շահեր ունեն Հայաստանի հակառակորդ Ադրբեջանի, քան հենց Հայաստանի հետ։

Հայաստանի հակառակորդ Ադրբեջանը, նույնպես լինելով նախկին խորհրդային հանրապետություն, հանդիսանում է նաև Խորհրդային Միության փլուզումից հետո ստեղծված Անկախ պետությունների համագործակցության՝ ԱՊՀ անդամ։ Այս կառույցի անդամները միմյանց հետ ունեն օրգանիկ կապեր՝ պայմանավորված նախկին կայսրության կազմում ընդհանուր պատմությամբ, պատմամշակութային ընդհանրություններով և տնտեսական հարաբերություններով։ Նման միջավայրը, անշուշտ, էլ ավելի է, այսպես ասած, մեղմում հայ-ադրբեջանական հակամարտությունը ՀԱՊԿ անդամ-պետությունների «աչքերում» և ավելի մշուշոտ դարձնում Հայաստանի ակնկալիքներն այս կառույցից՝ Ադրբեջանի հետ ունեցած խնդիրների կարգավորման հարցում։

Հատկանշական է, որ օրերս ռուսական «Նովայա գազետա» թերթին տված հարցազրույցում ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլ Բորդյուժան բառացի ընդգծել էր, որ «հավաքական ուժերի կիրառումը ցանկացած պետության դեմ, որը նախկինում եղել է ԽՍՀՄ կազմում, ամենածայրահեղ միջոցն է։ Միշտ պետք է ձգտել լուծել հակամարտությունը քաղաքական միջոցներով, ինչը և հիմա տեղի է ունենում»։

Ավելին, վերջերս «Իզվեստիային» տված հարցազրույցում Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն նշել է, որ ՀԱՊԿ-ի դռները միշտ բաց են Ադրբեջանի համար, ինչին, նրա խոսքով, խոչընդոտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը։ «Երբ դրանք (հարաբերությունները,- խմբ․) հաստատվեն, իսկ դա, մենք հուսով ենք, վաղ թե ուշ կլինի, ապա այդ հարցը կարող է գործնական հարթություն բերվել՝ այս կամ այն կերպով»։

Ընդհանուր առմամբ՝ ՀԱՊԿ-ի ընդլայնումը՝ այդ թվում Ադրբեջանի հաշվին, ձեռնտու է Ռուսաստանին, որը այդ կերպ նաև ցույց է տալիս աշխարհին, որ ունի դաշնակիցներ և պահպանում է այն ազդեցությունը, որն ուներ Խորհրդային Միության ժամանակ։

Ի տարբերություն

Աշխարհում գործող ամենաարդյունավետ ռազմաքաղաքական կառույցն է համարվում Հյուսիսատլանտյան դաշինքը՝ ՆԱՏՕ-ն, որի մաս են կազմում Եվրոպայի գրեթե բոլոր պետությունները, Թուրքիան, ինչպես նաև ԱՄՆ-ն և Կանադան։

ՆԱՏՕ-ն ստեղծվել է 1949 թվականի ապրիլի 4-ին։ Ի սկզբանե կառույցի անդամ են հանդիսացել ԱՄՆ-ն, Կանադան, Իսլանդիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Բելգիան, Նիդերլանդները, Լյուքսեմբուրգը, Նորվեգիան, Դանիան, Իտալիան և Պորտուգալիան։ ՆԱՏՕ-ի ստեղծման նպատակն է եղել Եվրոպայի պաշտպանությունը Խորհրդային Միության ազդեցությունից։ Այժմ կազմակերպության հռչակած նպատակներից է ՆԱՏՕ անդամ ցանկացած պետության դեմ ցանկացած ագրեսիայի զսպումը։

Ի տարբերություն ՀԱՊԿ-ի, ՆԱՏՕ-ն ստեղծվել է ոչ թե որպես այլընտրանք որևէ նախկին անվտանգային համակարգի, այլ որպես պաշտպանության միջոց կոնկրետ մարտահրավերից։ Ընդ որում, այդ մարտահրավերն ընդհանուր է եղել կառույցի անդամ-պետությունների համար։

Հետագայում, իհարկե, կառույցի ընդլայնմանը զուգահեռ (ի դեպ, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ՆԱՏՕ-ն մշտապես ընդլայնվում է, այլ ոչ՝ փոքրանում), առաջացել են բազմաթիվ շահերի բախումներ կառույցի ներսում, ինչպես, օրինակ, Թուրքիայի և Հունաստանի դիմակայությունը՝ հատկապես Կիպրոսի հարցում, ինչը, սակայն, չի ազդել կառույցի միասնականության վրա։ Դա, մասնավորապես, դրսևորվել է Հարավլավիայում, Աֆղանստանում, Իրաքում ՆԱՏՕ-ի ուժերի միասնական գործողություններով և միասնական դիրքորոշումներով։ Բացի դա, պակաս կարևոր չեն այս կառույցի անդամ-պետությունների դավանած արժեքները, և, թերևս, բացի Թուրքիայից մյուս բոլոր երկրները միմյանց են կապում ընդհանուր մշակութային, պատմամշակութային և ժողովրդավարական արժեքները։

Այսպիսով, ներկա իրավիճակում ՀԱՊԿ-ից Հայաստանի ակնկալիքները չպետք է լինեն չափից դուրս մեծ կամ լավատեսական։ ՀԱՊԿ-ը, դատելով և՛ իր հռչակած նպատակներից, և՛ այն միջավայրից, որում ստեղծվել և գործում է, չի կարողանալու կոշտ դիրքորոշումներ արտահայտել հօգուտ Հայաստանի։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ անդամ-պետությունների առանձին դիրքորոշումներին, ապա դրանց դեպքում ևս առաջնային կդիտվեն «խորհրդային անցյալն» ու պատմաքաղաքական ընդհանրությունները, քան պայմանագրային պարտավորությունները։ Հետևաբար, ՀԱՊԿ-ը միանգամայն անարդյունավետ է Հայաստանի համար Ադրբեջանի դեմ հակամարտությունում։

Վահե Ղուկասյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող