Տեղի ունեցավ «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ասուլիսը

Երեկ՝ հունիսի 18-ին, Երևանի «Հիլթոն» հյուրանոցում տեղի ունեցավ «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության մամուլի ասուլիսը, որին մասնակցեցին «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցը:

Ներկայացնելով նախընտրական շրջանում դիտորդական առաքելության նախնական դիտարկումները՝ բանախոսներն ուշադրություն հրավիրեցին վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ տեղեկություններին՝ նշելով, որ ի տարբերություն նախկինում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ արձանագրված դեպքերի, այս անգամ նման ահազանգեր եղել նաև ընդդիմության կողմից վարչական ռեսուրսի չարաշահումների կապակցությամբ:

Բացի սա, բանախոսներն իրենց մտահոգությունը հայտնեցին այն մթնոլորտի առնչությամբ, որի պայմաններում անցել է նախընտրական քարոզարշավը՝ լի ատելության խոսքով, մանիպուլյացիաներով և ոչ պատշաճ բառապաշարով:

Բանախոսները նաև ներկայացրել են բուն քվեարկության օրը դիտորդական առաքելության գործունեությունը, որն իր մեջ ներառելու է թե՛ դիտորդների ներկայություն 300 ընտրատեղամասերում, թե՛ շրջիկ դիտորդների առաքելություն և թե՛ մեդիայի մշտադիտարկում:

Ամփոփվեց նաև հանրային իրազեկման արշավը, որի սահմաններում պատրաստված տեսանյութերն ունեցել են 1․4 միլիոն դիտում, ավելի քան 120 անգամ հեռարձակվել են հեռուստատեսությամբ, իսկ պաստառները փակցվել են 1000-ից ավելի վերելակներում, ինչպես նաև մետրոյի ու ավտոբուսային կանգառներում:

Իսկ «Անկախ դիտորդի»՝ 2021 թ․ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության երկարաժամկետ դիտարկման ամփոփմանը կարող եք ծանոթանալ այստեղ:

 

 

Առնչվող