Ռուսական պրոպագնդայի հրետանին Եվրոպայում

Ռուսաստանը վերջին շրջանում ինտենսիվ քարոզչական գործունեություն է տարածում Եվրոպայում՝ ուղղված փախստականների դեմ: Նպատակը եվրոպական աջ ծայրահեղական ուժերի ակտիվացման հրահրումն է, որոնք իրենց «աջակցությունն են ցուցաբերում» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Պուտինի եվրոպական ֆաշիստները

Այն, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությունը հավանության է արժանանում եվրոպական ծայրահեղ աջակողմյա ազգայնական ուժերի կողմից, հայտնի է արդեն վաղուց: Դրա վառ օրինակներից էր 2013 թվականին Իտալական մայրաքաղաքում իրականացված ակցիան, որի ընթացքում իտալական «Ազգային ճակատ» շարժումը քաղաքով մեկ պաստառներ էր փակցրել ռազմական համազգեստով Պուտինի պատկերով եւ «Ես Պուտինի հետ եմ» գրությամբ: Հետաքրքիր է, որ այս շարժման հիմնադիր Ադրիանո Թիլգերն իր քաղաքական կարիերան սկսել էր նեոֆաշիստական «Ազգայնական ավանգարդ» շարժման շարքերում, իսկ հետո՝ 1990-ականներին, դատապարտվել էր Մոսոլինիի Ֆաշիստական կուսակցության վերաբացման փորձի համար: «Ազգային ճակատ» շարժումն իրենից ներկայացնում է իտալական ծայրահեղ աջական ուժերի միավորում, ուստի՝ հենց իտալացի ֆաշիստներն էին այն ժամանակ հայտնում, որ իրենք  Պուտինի հետ են:

Ռուսաստանի նախագահը մեծ հեղինակություն է վայելում նաեւ Գերմանիայի հասարակության որոշ շերտերի մոտ: Մասնավորապես՝ հիշատակման է արժանի 2007 թվականին Մեքլենբուրգի եւ Առաջավոր Պոմերանիայի դաշնային հողի խորհրդարանի նեոնացիստական խմբակցության ջերմագին ողջույնը՝ ուղղված Մեծ ութնյակի համաժողովին մասնակցելու համար Գերմանիա ժամանած Վլադիմիր Պուտինին: «Ձերդ պայծառություն» բառորով սկսվող նամակում նեոնացիստները Պուտինից խնդրում էին աջակցել Գերմանիայում ժողովրդավարության զարգացմանը:

Ռուսաստանը ու Պուտինի վարած քաղաքականությունը հավանության են արժանանում նաեւ Ֆրանսիայի ազգայնական ուժերի կողմից: Այս դեպքում խոսքը ֆրանսիական «Ազգայնական ճակատի» եւ նրա առաջնորդ Մարի լե Պենի մասին է, ով 2012 թվականի Ֆրանսիայի նախագահական ընտրությունների ժամանակ զբաղեցրել էր երրորդ տեղը: «Ես ուրախ եմ, որ Պուտինը վճռականության եւ միջազգային իրավունքին հետեւելու օրինակ է ծառայում»՝ սա Ֆրանսիայի ազգայնական ուժերի առաջնորդ, ռասիզմի եւ այլատյացության համար բազմիցս մեղադրված Մարի լե Պենի խոսքերն են:

Ռուսական «շառը» Եվրոպայում

Եվրոպայում ծագած միգրացիոն ճգնաժամն ամենախոշորն է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Ճգնաժամը հաղթահարելու եւ ապաստան խնդրողներին ընդունելու համար Եվրոպան ահռելի ջանքեր է գործադրում, փաստացիորեն՝ իր վրա կրելով Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող ռազմական գործողությունների պատճառով առաջացած հումանիտար հետեւանքների մեծ մասը: Այս ֆոնին, սակայն, ռուսական քարոզչական մեքենան առիթը բաց չի թողնում Եվրոպայում ազգայնական հողի վրա խմորումներ առաջացնելու համար ընդդեմ փախստականների՝ այդպիսով, գործնականում, թափ հաղորդելով ազգայնական ուժերին:

Ռուսական այս քարոզչական հնարքն ակնհայտ դարձավ հունվարի 17-ին տարածված այն տեղեկատվությամբ, թե Բեռլինում մի քանի մերձավորարեւելյան փախստականների կողմից 13-ամյա ռուս աղջնակ է բռնաբարվել: Այս տեղեկատվությունը տարածվեց ոչ ավել-ոչ պակաս՝ Ռուսական առաջին ալիքով, այն էլ՝ հատուկ պատրաստված ռեպորտաժով: Ու թեև շատ արագ պարզվեց, որ տեղեկատվությունը ամբողջությամբ սուտ է, միեւնույնն է, Բեռլինում ռուս միգրանտները սկսեցին բողոքի ցույցեր անել արաբ միգրանտների դեմ «Բեռլինը մերն է» վանկարկումներով: Արդյունքում գերմանացի փաստաբան Մարտին Լյուտեն դիմում ներկայացրեց դատախազություն ընդդեմ Ռուսական առաջին ալիքի թղթակցի, ով, ապրելով Բեռլինում, փաստացիորեն, իր ռեպորտաժով ատելություն է սերմանել ազգային հողի վրա:

Ռուսական լրատվականները, ընդհանրապես, առիթը բաց չեն թողնում Եվրոպայում ազգայնական հողի վրա ցանկացած միջադեպ ամենայն մանրամասնությամբ չափազանցնելու համար: Օրինակ՝ ֆրանսիական Կալե քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ: Այդ քաղաքում, որը մոտ է Եվրաթունելին եւ որտեղ մշտապես մեծ քանակությամբ ներգաղթյալներ են լինում (ովքեր փորձում են տեղափոխվել Մեծ Բրիտանիա), մի քանի փախստականների ու տեղացինի միջև ծեծկռտուկ էր եղել, ինչը ռուսական պրոպագանդան մատուցեց  որպես ազգայնական հողի վրա աղետալի առճակատում ու զանգվածային անկարգություններ:

Իսկ օրերս Կրեմլի արեւմտյան խոսափողը համարվող «Russia Today» կայքը հաղորդում էր, որ դանիացի աղջկա են բռնաբարել, իսկ ոստիկանությունը մեղադրանք է ներկայացրել հենց այդ աղջկան՝ ինքնապաշտպանության համար: Նման հրապարակումների օրինակները շատ են եւ աղբյուրի՝ ռուսական լինելու պարագայում կարելի է նկատել նվազագույնը, գույների ակնհայտ մգացում, իսկ որպես կանոն՝ ակնհայտ սուտ:

Տխուր փորձը

Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի ֆոնին սադրիչ ապատեղեկատվության տարածումը ռուսական քարոզչամեքենայի համար առաջին նման գործողությունը չէ: Մասնավորապես՝ 2014 թվականի հուլիսին կրկին Ռուսական առաջին ալիքը տեղեկատվություն էր տարածել, թե Ուկրաինայի Սլավյանսկ քաղաքում ուկրաինացի զինվորականները երեքամյա տղայի են կենդանի-կենդանի խաչել: Հետգայում ապացուցվեց, որ տեսանյութը սուտ է: Ավելին, պարզվեց, որ Սլավյանսկ մտած ուկրաիանական ստորաբաժանումների առաջին գործը այդ քաղաքում հաց և այլ պարենամթերքի բաժանումն էր: Սակայն հեռուստաալիքը դիտող միլիոնավոր մարդիկ թշնամաբար տրամադրվեցին ուկրաինական բանակի հանդեպ… Իսկ Ուկրաինայում ապրոզ ռուսները սկսեցին պատերազմել ուկրաինական բանակի դեմ, մտածելով, որ վերջինը գալու է և իրենց երեխաներին էլ է խաչելու:

Ռուսաստան քարոզչամեքենան աշխատել է նաեւ ռուս-վրացական պատերազմի ժամանակ՝ 2008 թվականի օգոստոսին: Մասնավորապես՝ ռուսական աղբյուրները, ի դեմս լրատվամիջոցների եւ գերատեսչությունների, այն ժամանակ հայտնում էին, թե վրացական բանակի գործողությունների հետեւանքով Ցխինվալիում 1400-1600 մարդ է սպանվել: Որոշ դեպքերում այդ թիվը հասցվում էր մինչեւ 2100-ը և որակվում էր որպես ծրագրված ցեղասպանություն: Սակայն իրականությունն այս դեպքում էլ, մեղմ ասած այլ էր: Համաձայն նույն ՌԴ դատախազության և քննչական կոմիտեի տվյալների՝ Ցխինվալիում ռազմական գործողությունների հետեւանքով սպանվել էր միմիայն 133 հոգի: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, օրինակ՝ Human Rights Watch-ը, արձանագրում էին, որ Ցխինվալիում իրականում խոսքը գնացել է մի քանի տասնյակ՝ շուրջ 50-ից  60 զոհերի մասին:  Սակայն այս դեպքում ևս, քարոզչությունն իր նպատակին հասավ և Ռուսաստանում հակավրացական տրամադրությունները զարգացան, իսկ պատերազմը ունեցավ հանրային սատարում:

Վրաստանի եւ Ուկրաինայի օրինակները ցույց են տալիս, թե ինչի է ունակ ռուսական քարոզչությունը: Հետեւապես, Եվրոպան այժմ, միգրացիոն ճգնաժամի պայմաններում, բախվել է եւս մեկ մարտահրավերի: Ու անհրաժեշտ է գիտակցել, որ նեոնացիստական պրո-ռուսական ուժերի մասով տարվող ռուսական քարոզչությունը կարող է հեռու գնացող նպատակներ ունենալ՝ հանգեցնելով աղետալի հետեւանքների:

Վահե Ղուկասյան
«Իրազեկ
քաղաքացիների միավորում»

Առնչվող