Հայաստանի արտահանման կառուցվածքը 2021 թվականին

2020 թվականի կորոնավիրուսային համաճարակի ու պատերազմի հետևանքով խորը ճգնաժամի մեջ հայտնված հայրենի տնտեսությունը նախորդ տարի սկսեց «կենդանության» նշաններ ցույց տալ։ Դրա վկայություններից մեկն էլ արտաքին առևտրի աշխուժացումն էր։ Մասնավորապես, արտահանման ոլորտում Հայաստանը 2021 թվականին գրանցեց աննախադեպ ցուցանիշ՝ հատեց 3 մլրդ դոլարի շեմը․ նախորդ տարի երկրից արտահանումը կազմեց 3 մլրդ 22 մլն դոլար, ինչը 2020-ի համեմատ ավել է մոտ 480 մլն դոլարով կամ 19 տոկոսով։

Արտահանումն ըստ ամիսների

Նախորդ տարվա գրեթե բոլոր ամիսներին արտահանումը գերազանցել էր 2020 թվականի համադրելի ամսվա ցուցանիշը։ Բացառություն են կազմում, թերևս, հունվար և սեպտեմբեր ամիսները։

Նախորդ տարվա վերջին երկու ամիսներին արձանագրվեց արտահանման ռեկորդային ցուցանիշ, համապատասխանաբար՝ 299 և 303 մլն դոլար։

Ինչպես նշեցինք, 2020 թվականի համաճարակն ու պատերազմը էական նշանակություն ունեցան տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի վրա։ Դա առավել ակնհայտ է դառնում նաև, երբ համեմատում ենք նախորդ տարվա ցուցանիշների հետ։

Արտահանման առավել մեծ աճ է արձանագրվել հենց այն ամիսներին, երբ Հայաստանը գտնվում էր լոքդաունի կամ պատերազմի մեջ։ Օրինակ՝ ապրիլ ամսին արտահանման ցուցանիշն ավելի քան 66 տոկոսով գերազանցել է 2020-ի ապրիլինը, նոյեմբերինը՝ 42 տոկոսով, և այլն։

Արտահանման ապրանքային կառուցվածքը

Ինչպես նշեցինք, նախորդ տարի Հայաստանից ապրանքների արտահանումն աճել է մոտ 20 տոկոսով։ Եթե դա դիտարկենք ըստ առանձին ապրանքային բաժինների, ապա աճ է արձանագրվել գրեթե բոլոր ճյուղերում։

Արտահանման մեջ ամենամեծ մասնաբաժին ունեցող հանքահումքային արտադրանքի արտահանումն աճել է 20․6 տոկոսով, պատրաստի սննդինը՝ 10․8 տոկոսով։

Խոշոր ապրանքային խմբերից, թերևս, բացառություն է կազմում թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, մետաղների ու դրանցից պատրաստված իրերի արտահանումը, որը 2020-ի համեմատ նվազել է 9․8 տոկոսով՝ 369 մլն դոլարից դառնալով 333 մլն դոլար։

Ի հակադրություն սրա՝ 59 տոկոսով աճել է ոչ թանկարժեք մետաղների ու դրանցից պատրաստված իրերի, մոտ 37 տոկոսով՝ կենդանի կենդանիների, բուսական ծագման արտադրանքի և մանածագործական իրերի արտահանումը։

Ի դեպ, արտահանման աճին մեծապես նպաստել է ապրանքների, մասնավորապես՝ հանքահումքային արտադրանքի համաշխարհային գնաճը։

Արտահանման աշխարհագրությունը

Նախորդ տարի արտահանման աճ է գրանցվել գրեթե բոլոր խոշոր առևտրային գործընկերների ուղղությամբ։ Դրա արդյունքում, օրինակ, դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է մոտ 180 մլն դոլարով կամ 25․2 տոկոսով։ ԵԱՏՄ երկրներ արտահանվող ապրանքները կազմում են Հայաստանից արտահանվող արտադրանքի 29․4 տոկոսը։ Համեմատության համար նշենք, որ 2020 թվականին այս ցուցանիշը 28 տոկոս էր։

Դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանվող ապրանքների առյուծի բաժինը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը՝ 847 մլն դոլար, ինչը նախորդող տարվա համեմատ աճել է մոտ 167 մլն դոլարով կամ 24․5 տոկոսով։ Դեպի ՌԴ արտահանվում է հիմնականում թարմ և պահածոյացված ձկնամթերք, պտուղ-բանջարեղեն, կաթնամթերք, ալկոհոլային խմիչքներ, սիգարետ, տրիկոտաժ, քարե սալիկներ, ադամանդ և այլն։

Վերջին մի քանի տարիներին անկում գրանցելուց հետո նախորդ տարի առաջին անգամ աճել է դեպի ԵՄ անդամ երկրներ արտահանումը։ Եթե 2020 թվականին Հայաստանից դեպի ԵՄ երկրներ արտահանվել էին ընդամենը 430 մլն դոլարի ապրանքներ, ապա նախորդ տարի այս ցուցանիշն աճել է ավելի քան 1․5 անգամ՝ կազմելով 656 մլն դոլար։

Աճել է նաև ԵՄ արտահանվող ապրանքների մասնաբաժինը՝ 16․9 տոկոսից դառնալով 21․7 տոկոս։

ԵՄ անդամ երկրներից հայկական արտադրանքն ամենից շատ արտահանվում է Բուլղարիա (198 մլն դոլար) և Նիդեռլանդներ (191 մլն դոլար): Մյուս երկրներից խոշոր առևտրային գործընկերներն են Գերմանիան (78 մլն դոլար), Իտալիան (63․5 մլն դոլար), Բելգիան (52 մլն դոլար), Լեհաստանը (20 մլն դոլար), Ֆրանսիան (11 մլն դոլար)։

Այս երկրները Հայաստանից գնում են առավելապես մոլիբդենի, պղնձի, ցինկի հանքաքար ու խտանյութ, ալյումինի փայլաթիթեղ, հագուստ և մանածագործական այլ իրեր, ադամանդ, երկաթամիահալվածք։

Այլ երկրներից Հայաստանի խոշոր առևտրային գործընկերը նախորդ տարի Չինաստանն էր՝ 393 մլն դոլար արտահանման ցուցանիշով։ 2020 թվականի համեմատ արտահանումը դեպի Չինաստան աճել է ավելի քան 100 մլն դոլարով կամ 35․7 տոկոսով։ Հայաստանը Չինաստանին վաճառում է հիմնականում պղնձի և մոլիբդենի հանքաքար և խտանյութ։

Մյուս խոշոր առևտրային գործընկեր Շվեյցարիան նախորդ տարի Հայաստանից գնել է մոտ 360 մլն դոլար արժողությամբ ապրանք (հիմնականում՝ պղնձի հանքաքար, խտանյութ), ինչը 2020 թվականի համեմատ պակաս է մոտ 100 մլն դոլարով կամ 20․8 տոկոսով։

Ի հակադրություն Շվեյցարիայի՝ աճել է արտահանումը դեպի Իրաք։ 2020 թվականի 164 մլն դոլարի փոխարեն նախորդ տարի այս երկիր են արտահանվել ավելի քան 177 մլն դոլարի ապրանքներ (մեծ մասը սիգարետ ու ծխախոտային այլ արտադրատեսակներ)։

Ավելի քան 72 տոկոսով աճել է դեպի Հնդկաստան արտահանումը։ Եթե 2020 թվականին այս երկիր էր արտահանվել 73 մլն դոլարի ապրանք, ապա նախորդ տարի այս ցուցանիշը կազմել է 127 մլն դոլար։ Հնդկաստանը Հայաստանից գնում է հիմնականում անմշակ կամ կիսամշակ ոսկի։

Ավելի քան 20 տոկոսով աճել է նաև դեպի Միացյալ Նահանգներ արտահանումը՝ 68 մլն դոլարից դառնալով 82 մլն դոլար։ Դեպի ԱՄՆ արտահանվում են առավելապես ոսկերչական իրեր և ալյումինի փայլաթիթեղ։

Բավական մեծ ծավալով ապրանքներ են արտահանվում նաև Արաբական Միացյալ Էմիրություններ (74 մլն դոլար), Վրաստան (68 մլն դոլար), Իրանի Իսլամական Հանրապետություն (66 մլն դոլար)։ Այս երկրները Հայաստանից գնում են ծխախոտ, երկաթե և պողպատե կիսապատրաստուկ, էլեկտրաէներգիա, ապակե շշեր և տարաներ։

Սևադա Ղազարյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող