Պարեկայինը արդարացնում է սպասելիքները․ 8 ամիսները՝ թվերով

ՀՀ ոստիկանական բարեփոխումների շրջանակներում արդեն 2021 թ․ հուլիսի 7-ից Երևանում գործարկվել է ոստիկանության նոր Պարեկային ծառայությունը, որը փոխարինում է Ճանապարհային ոստիկանությանն ու Պարեկապահակակետային ծառայությանը:

Պարեկային ծառայության գործարկումից հետո մեծ քննարկումներ սկսվեցին մասնավորապես այն մասին, թե որքանով օգտակար կլինեն պարեկները հանրությանը, արդյոք զերծ կմնան կոռուպցիոն ռիսկերից և արդյոք նոր համազգեստով ոստիկաններն այն նույն համակարգի ոստիկանները չեն լինելու, և որն է տարբերությունը։

Հետևյալ նյութում ամփոփում ենք Երևան քաղաքի Պարեկային ծառայության առաջին ութ ամիսները՝ համեմատելով դրանք Երևան քաղաքի ոստիկանության նախկին ծառայությունների արդյունքների հետ։

Պարեկների կատարած աշխատանքը՝ թվերով

Այսպես, ՀՀ ոստիկանությանն ուղղված հարցումների միջոցով մենք համեմատել ենք Երևան քաղաքում ոստիկանության նախկին ծառայությունների և Պարեկային ծառայության աշխատանքների տվյալները՝ ըստ նախորդող տարիների նույն ութ ամիսների (հուլիսի 7-ից մարտի 7-ը ընկած ժամանակահատվածը)։

Մասնավորապես, պարեկների կողմից 2021 թ․ հուլիսի 7-ից մինչև 2022 թ․ մարտի 7-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերված հետախուզվող անձանց քանակի, բացահայտված հանցագործությունների և ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու դեպքերի մասին տեղեկությունները համեմատել ենք Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի և ՃՈ ՃՊԾ առաջին սպայական գումարտակի (Երևանի ճանապարհային ոստիկանություն)՝ 2019 թ․ հուլիսի 7-ից 2020 թ․ մարտի 7-ը և 2020 թ․ հուլիսի 7-ից մինչև 2021 թ․ մարտի 7-ն ընկած ժամանակահատվածների տվյալների հետ։

Հայտնաբերված հետախուզվողների քանակով պարեկները առաջատարն են

Երևանի պարեկային ծառայողների կողմից մարտի 7-ի դրությամբ արդեն իսկ հայտնաբերվել է 75 հետախուզվող անձ։ Մինչդեռ ՃՈ առաջին սպայական գումարտակը 2019-2020 թթ․ և 2020-2021 թթ․ նույն 8 ամիսներին չի բացահայտել և ոչ մի հետախուզվող անձի։ Իսկ Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գունդը 2019-2020 թթ․ 8 ամիսների ընթացքում բացահայտել է ընդամենը 19 անձի, 2020-2021 թթ․ 8 ամիսներին՝ 8 անձի։

Անդրադառնանք բացահայտված հանցագործություններին, որտեղ նույնպես պարեկները բավականին բարձր ցուցանիշների են հասել։

Այսպես, 2019 թ․ հուլիսի 7-ից 2020 թ․ մարտի 7-ն ընկած ժամանակահատվածում ՃՈ Երևանի գումարտակը հայտնաբերել է թվով ընդամենը 29 հանցագործություն, իսկ 2020-2021 թթ․ նույն ամիսներին՝ ընդամենը 32 հանցագործություն։

Միևնույն ժամանակ, 2019-2020 թթ․ ութ ամիսների ընթացքում Երևանի ՊՊԾ գունդը բացահայտել է 358, իսկ 2020-2021 թթ․ նույն ամիսներին՝ 338 հանցագործություն։ Ընդհանուր առմամբ՝ այս երկու ծառայությունները նախորդող երկու տարիների ընտրված ամիսներին հայտնաբերել են 757 հանցագործության դեպք։

Գրաֆիկում տեսանելի է, որ պարեկային ծառայողների գունդը այս փոքր ժամանակահատվածում գերազանցել է նույնիսկ նախորդող երկու տարիների նույն ամիսներին մյուս ոստիկանական ծառայություններին՝ գրանցելով, ընդհանուր առմամբ, 803 բացահայտված հանցագործություն։

Թերևս, գրեթե նույն պատկերին ենք ականատես լինում ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու հայտնաբերված դեպքերի ուսումնասիրության ժամանակ։ Նորից՝ պարեկները գերազանցում են ոստիկանության նախկին ծառայություններին հայտնաբերած դեպքերի քանակով։

Ավելին՝ հատկանշական է, որ պարեկների բացահայտած դեպքերի թիվը գրեթե կրկնակի գերազանցում է ոչ սթափ վիճակում գտնվող վարորդների հետ նախկինում ամենաշատը առնչվող Ճանապարհային ոստիկանության՝ նույն ժամանակահատվածի ցուցանիշները։

Անդրադառնանք բուն ցուցանիշներին․ 2019-2020 թթ․ ութ ամիսների ընթացքում ՃՈ ՃՊԾ առաջին սպայական գումարտակը հայտնաբերել է ոչ սթափ վիճակում վարելու 1532 դեպք, իսկ 2020-2021 թթ․ ութ ամիսներին՝ 1211 դեպք։

Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գունդը 2019-2020 թթ․ դիտարկվող ժամանակահատվածում հայտնաբերել է ոչ սթափ վիճակում վարելու 54 դեպք, իսկ 2020-2021 թթ․ 8 ամիսների տվյալներով՝ ընդամենը 25 դեպք։

Համեմատենք վերևի ցուցանիշները պարեկների կողմից բացահայտված՝ ոչ սթափ վիճակում վարելու ընդհանուր 3353 դեպքերի հետ:

Ամփոփում 

Ներկայացված վերլուծությամբ կարող ենք համոզվել, որ Երևանում նոր Պարեկային ծառայության ներդրումը արդարացնում է սպասելիքները՝ գրանցելով հանցագործությունների բացահայտման բարձր ցուցանիշներ:

Լիլիթ Ղազարյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող