Ոստիկանական էլեկտրամոբիլների հեռանկարը Հայաստանում

Ոստիկանության Պարեկային ծառայությունը Երևանում գործարկվեց 2021 թ․ հուլիսի 7-ից, և քաղաքում ծառայություն իրականացնող՝ քաղաքացիների համար սովորական դարձած ոստիկանական ստորաբաժանումների ծառայողներին փոխարինելու եկան լրիվ այլ տեսք, հագուստ և գործառույթներ ունեցող ոստիկաններ։

Պարեկային ծառայությունը տարբերվում է նաև սպասարկող մեքենաներով։ Սովորական դարձած Toyota Corolla մակնիշի մեքենաների փոխարեն  ոստիկաններին սպասարկում են Skoda Octavia մակնիշի մեքենաները:

Այս ամսվանից սկսած՝ նախատեսվում է Պարեկային ծառայության գործարկումը արդեն Լոռու և Շիրակի մարզերում, սակայն ի տարբերություն Երևան քաղաքի՝ Շիրակի և Լոռու մարզերում գործարկվող  ծառայությանը կսպասարկեն Toyota մակնիշի մեքենաներ` Camry և Rav4, որոնք և հաղթել էին հայտարարված մրցույթում (այս մրցույթի խնդիրներին «Իրազեկ քաղաքացիների միավորումը» կանդրադառնա առաջիկայում)։

Այսինքն՝ բացի Երևան քաղաքից, մարզերում մեքենաների առումով էական որևէ փոփոխություն տեղի չունեցավ, և ոստիկանությունը շարունակում է օգտվել «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի ծառայություններից։ Հիշեցնենք, որ պետական կառավարման համակարգը և հատկապես ոստիկանական համակարգում հիմնական օգտագործվող մեքենաները Toyota մակնիշի են՝ Camry, Corolla և Land Cruiser Prado։

Հետաքրքրական է այն հանգամանքը, որ այս երեք մոդելներից զատ՝ ոստիկանական համակարգը կրկին «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ից դեռ 2011 թ․-ին ձեռք էր բերել նաև Toyota Prius հիբրիդային մոդելի մեքենաներ՝ ընդամենը 2 օրինակ, դրանց արդյունավետությունը հասկանալու և հետագայում դրանցից պատվիրելու նպատակով։ Ենթադրաբար, այդ մեքենաներն արդյունավետ չհամարվեցին, և ոստիկանությունը չշարունակեց դրանց գնումը, սակայն այս երկու մեքենաները շարունակում են շահագործվել ոստիկանության պաշտոնյաների կողմից։

Առհասարակ, աշխարհը վերջին տարիներին անցում է կատարում դեպի էկոլոգիապես ավելի մաքուր և պակաս ծախսատար մեքենաների՝ հիբրիդների և էլեկտրական մեքենաների։ Նույն Toyota Prius մեքենաները բավականին լայն տարածում ունեն հետսովետական երկրներից Ուկրաինայի ոստիկանությունում: Ուկրաինայում նաև օգտագործում են Mitsubishi մակնիշի հիբրիդային մեքենաներ։ Իսկ հիբրիդային Kia Nio մակնիշի մեքենաներ օգտագործվում են Վրաստանում։

Վրաստանում և Ուկրաինայում վերջին տարիներին նույնպես տեղի ունեցան ոստիկանության բարեփոխումներ, որոնք, որոշակի առումով, օրինակ են դարձել հայաստանյան բարեփոխումների համար: Սակայն ի տարբերություն մեզ, այս երկրներում զգալի չափով անցում կատարվեց առավել ծախսարդյունավետ և շրջակա միջավայրի համար անվտանգ մեքենաների։

Ընդհանրապես, էլեկտրամոբիլների արտադրությունը և դրանց սպառումը ողջ աշխարհում գնալով ավելանում է՝ շուկայից աստիճանաբար դուրս մղելով դասական այրման շարժիչով մեքենաներին։ Այսպես, օրինակ, եթե 2015 թ․-ին էլեկտրամոբիլների և հիբրիդային մոբիլների վաճառքի թիվը աշխարհում կազմում էր մոտ 1 միլիոն, ապա 2018 թ․-ին այդ ցուցանիշն արդեն 5 միլիոնի էր հասնում,  իսկ 2021 թ․-ին՝ 17․5 միլիոնի։

Եվրոպական երկրներում 2021 թ․-ին էլեկտրամոբիլները շուկայում կազմում էին վաճառված մեքենաների զգալի տոկոսը, օրինակ, Նորվեգիայում՝ 86․2 տոկոսը: Եվրոպական այլ երկրներում պատկերն ավելի համեստ է․ Շվեդիա՝ 45 տոկոս, Հոլադիա՝ 29․8 տոկոս, Գերմանիա՝ 26 տոկոս։ Բայց հետաքրքրական է նաև այն փաստը, որ այս էլեկտրամոբիլների և հիբրիդների շահագործման համեմատական պատկերը ցույց է տալիս, որ շուկայից դուրս են մղվում նաև հիբրիդները՝ իրենց տեղը զիջելով էլեկտրամոբիլներին։ Այսպես, եթե տոկոսային համեմատությամբ 2012 թ․-ին 56/44 էր ի օգուտ էլեկտրամոբիլների (հիբրիդների համեմատ), ապա 2015-ին՝ 60/40, 2019՝ 74/26, իսկ 2021-ին՝ արդեն 71/29։

Այս ցուցանիշներն ավելի իրատեսական են դարձնում միջազգային այն փորձագետների կարծիքը, ըստ որոնց՝ համավարակից հետո, երբ ավտոարտադրողները նորից սկսեն նույն թափով աշխատել, ապա հիբրիդային մեքենաներն ավելի արագ տեմպերով դուրս կմղվեն շուկայից՝ տեղը զիջելով էլեկտրամոբիլներին։

Շուկայում էլեկտրամոբիլների քանակի ավելացման տենդենցից ետ չի մնում նաև Հայաստանը, որը մի շարք արտոնություններ է սահմանել էլեկտրամոբիլներ ներկրողների համար, այդ թվում՝ ԱԱՀ-ից ազատումը, որին անդրադարձել ենք նախորդ հոդվածում։ Մտահոգիչ է, սակայն, ոչ միայն ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներկրումների հնարավորությունների սահմանափակումը, այլ նաև ներկայումս ծավալվող ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներկրման հնարավոր սահմանափակումները։

Այնուամենայնիվ, էլեկտրամոբիլների նման տեմպերով աճը չի կարող չանդրադառնալ նաև ոստիկանական համակարգի վրա՝ հաշվի առնելով ոչ միայն այն առավելությունները, որոնց հիման վրա ընտրում են այդ մեքենաները՝ քիչ ծախսատար, հարմարավետ, անձայն, էկոլոգիապես ավելի մաքուր՝ անվնաս շրջակա միջավայրի համար, այլ նաև ոստիկանության համար կարևոր այլ տեխնիկական հնարավորությունները՝ արագացում, անվտանգություն, արագություն։ Ընդ որում, Հայաստանի դեպքում դրանց նաև ավելանում է այն, որ ի տարբերություն ներմուծվող բենզինի, էլեկտրաէներգիան արտադրվում է Հայաստանում և դրա համար վճարված գումարը մնում է երկրում:

Մի շարք երկրների ոստիկանություններ արդեն անցում են կատարել հիբրիդների ու էլեկտրամոբիլների և բարձր են գնահատում դրանց կարողություններն ու արդյունավետությունը։ Հաջորդիվ կանդրադառնանք ամենատարածված ոստիկանական էլեկտրամոբիլներին։ Նշենք նաև, որ Հայաստանում վերջին ամիսների ընթացքում Պարեկային ծառայության կողմից՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» աջակցությամբ, տեղի են ունենում էլեկտրական շարժիչով մեքենաների փորձարկումներ, որոնց նույնպես կանդրադառնանք էլեկտրամոբիլների նկարագրություններում։

Էլեկտրամոբիլների կիրառությունն արտասահմանյան ոստիկանական համակարգերում՝ ըստ մոդելների

Tesla Model 3

Արագացում 0-ից 100 կմ/ժ – 5.2 վրկ (որոշ կոմպլեկտացիաներ՝ ավելի արագ)

Մարտկոցի տարողունակություն – սկսած 54 կՎտ/ժ

Մարտկոցի լիցքի նոմինալ վազք – 575 կմ

Ոստիկանության կողմից մասսայաբար օգտագործվում է – Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Թաիլանդում

Փորձարկում է անցել Հայաստանում՝ Պարեկային ծառայության համար:

Գործում է որպես ոստիկանական արագ արձագանքման պարեկային մեքենա Մեծ Բրիտանիայում՝ բրիտանական կառավարության՝ 2018 թ․-ի «զրո արտանետման» ռազմավարության շրջանակներում։ Ի դեպ, Մեծ Բրիտանիայում այս ծրագրի իրագործման համար նախատեսվում է բոլոր փրկարարական ծառայությունների ավտոմեքենաների համար վերջնական անցում կատարել էլեկտրական շարժիչի մինչև 2030 թվականը։

Այս մոդելի «Տեսլաները» պարեկային ոստիկանության հիմնական մեքենա են դարձել նաև Թաիլանդում՝ սկսած 2019 թ․-ից, ինչի համար պետությունը ծախսել է մոտավոր $2․7 մլն:

Ամերիկյան Կոննեկտիկուտ նահանգի Ուեսթպորտի ոստիկանության բաժնի տվյալներով, որտեղ այս մոդելները 2-րդ տարին են օգտագործվում, ի համեմատ նախկինում գնված Ford Explorer մեքենաների վերանորոգման և վառելիքի ծախսերի՝ Tesla 3 մոդելը խնայել է տարեկան $6100՝ հաշվի առնելով նաև այս էլեկտրամոբիլի և Ford Explorer-ի գնային տարբերությունը։

Teslа 3 մոդելը փորձարկվել է նաև Հայաստանում՝ որպես Պարեկային ծառայության ավտոմեքենա։ Փորձարկման արդյունքում, 8 ժամում մոտ 170 կմ երթևեկելով, այն ծախսել է ընդամենը 32կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը փաստում է այս ավտոմեքենայի խնայողական լինելու մասին՝ ի համեմատ նույն ճանապարհն անցած բենզինային շարժիչով ավտոմեքենայի։ Պարեկների կողմից այս ավտոմեքենաները դրական են գնահատվել ծառայության արդյունավետ իրականացման և խնայողական լինելու համար։

Tesla Model Y 

Արագացում 0-ից 100 կմ/ժ – 3․7 վրկ

Մարտկոցի տարողունակություն – 75 կՎտ/ժ

Մարտկոցի լիցքի նոմինալ վազք – 525 կմ

Ոստիկանությունների կողմից օգտագործվում է – ԱՄՆ-ում

Առհասարակ, «Տեսլա» մակնիշի էլեկտրամոբիլները վերջին տասնամյակում ծառայում են որպես հիմնական ոստիկանական ավտոմեքենաներ ԱՄՆ ողջ տարածքում և հատկապես՝ ռազմավարական նշանակություն ունեցող շրջաններում, մասնավորապես՝ Նյու Յորքում։

Իսկ Կալիֆոռնիա նահանգի Ֆրեմոնտ քաղաքում այս մոդելը եկել է փոխարինելու նախկին՝ Tesla Model S ոստիկանական էլեկտրամոբիլներին, որոնցից ոստիկանության աշխատակիցները բավականին գոհ էին, քանի որ, իրենց տեղեկացմամբ՝ այս մոդելի մեքենաները մեկ լիցքավորմամբ կարող են ծառայել մինչև երկու պարեկային հերթափոխ։

Tesla Model X

Արագացում 0-ից 100 կմ/ժ – 3,8 վրկ

Մարտկոցի տարողունակություն – 75 կՎտ/ժ

Մարտկոցի լիցքի նոմինալ վազք – 470 կմՈստիկանությունների կողմից օգտագործվում է – Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում և Կանադայում

Այս մեքենաները անվանում են «ապագայի ոստիկանական ավտոմեքենաներ», քանի որ որակի և ծախսատարության իմաստով հարմարավետ են պարեկային ծառայությունների համար։ Օգտագործվում են Շվեյցարիայում՝ սկսած 2019-ից, ինչի համար «Տեսլայի» հիմնադիր Իլոն Մասկը Շվեյցարական ոստիկանությունն անվանել էր «առաջին սմարթ ոստիկանություն»։

Ավստրալիայի Վիկտորիա քաղաքի ոստիկանությունում այս մոդելի մեքենաները նույնպես սկսել են օգտագործվել 2019 թ․-ից։ Հատկանշական է, որ Model X ավտոմեքենաներն Ավստրալիական քաղաքներում, ինչպես նաև ԱՄՆ Կալիֆոռնիա և Դենվեր նահանգներում, եկել են փոխարինման ոստիկանական Model S սեդաններին՝ որպես ավելի հարմարավետ և արդյունավետ ոստիկանական մեքենաներ։

Skoda Enyaq IV 

Արագացում 0-ից 100 կմ/ժ – 8․6 վրկ

Մարտկոցի տարողունակություն – 77 կՎտ/ժ

Մարտկոցի լիցքի նոմինալ վազք – 420 կմ

Ոստիկանությունների կողմից օգտագործվում է – Մեծ Բրիտանիայում, Չեխիայում

Սա «Տեսլայից» հետո մյուս ամենատարածված էլեկտրական ոստիկանական մեքենան է Մեծ Բրիտանիայում: «Շկոդաները» ողջ աշխարհում համարվում են ոստիկանության համար ամենատարածված մեքենաներ, այդ թվում՝ Հայաստանում։ Բայց հենց Skoda Enyaq IV մոդելը, ոստիկանների գնահատմամբ, ամենաարդյունավետն է թափքի և ծախսատարության տեսանկյունից։ Հատկանշական է, որ այս մոդելն արտադրողի կողմից առաջարկվել է հենց որպես արտակարգ իրավիճակների արագ արձագանքման ծառայությունների աշխատանքին հարմարեցված մոդել։

Hyunadi Kona

Արագացում 0-ից 100 կմ/ժ – 9․7 վրկ

Մարտկոցի տարողունակություն – 64 կՎտ/ժ

Մարտկոցի լիցքի նոմինալ վազք – 484 կմ

Ոստիկանությունների կողմից օգտագործվում է – Շվեյցարիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Նիդերլանդներում

Այս մոդելի ավտոմեքենաների է նախատեսում անցնել նաև Իտալիայի ոստիկանությունը։ Հոլանդական ոստիկանները մոդելին նախապատվություն են տալիս հատկապես շարժիչի ցածր ձայնի համար, քանի որ այն թույլ է տալիս անաղմուկ բացահայտել հանցագործներին։

Volkswagen ID.4

Արագացում 0-ից 100 կմ/ժ – 8․5 վրկ

Մարտկոցի տարողունակություն – 82 կՎտ/ժ

Մարտկոցի լիցքի նոմինալ վազք – 410 կմ

Ոստիկանության կողմից օգտագործվում է – Հունաստանում

Փորձարկում է անցել Հայաստանում՝ Պարեկային ծառայության կողմից:

Հունաստանը, համագործակցելով Volkswagen Group-ի հետ, մեկնարկել է միջերկրածովյան Աստիպալեա տուրիստական կղզու էլեկտրականացման ծրագիրը, որով պետությունը նախատեսում է ողջ կղզու տրանսպորտային համակարգն ամբողջությամբ էլեկտրական մեքենաներով փոխարինել։ Այս նախաձեռնությամբ՝ նախորդ տարի Volkswagen Group-ը ներկրել էր 2021 թ․-ի արտադրության Volkswagen ID.4 էլեկտրական մարտկոցով մեքենաներ՝ քաղաքի ոստիկանության համար։

ID շարքի նախորդ էլեկտրական մոդելը՝ VW ID.3-ը, արդեն իսկ ոստիկանության ծառայության մեջ է Գերմանիայում և Բելգիայում: Սակայն ի տարբերություն նախորդ մոդելի՝ VW ID.4-ը ավելի արդիականացված տարբերակ է՝ ավելի հարմար երթևեկելու համար, ավելի բարձր արագացման ցուցանիշով (8․5 վրկ՝ VW ID.3-ի 8.9 վրկ-ի փոխարեն) և ավելի շատ մարտկոցի լիցքի նոմինալ վազքով (360 կմ՝ VW ID.3-ի 330 կմ-ի փոխարեն)։

Այս մեքենաները, ինչպես Tesla 3 մոդելները, նույնպես անցել են փորձարկում Պարեկային ծառայության կողմից՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախաձեռնությամբ։ VW ID.4 մեքենաները, չնայած թանկ գնին, Պարեկային ծառայության գնահատմամբ շահագործման համար նպատակահարմար են և խնայողական։ Մեքենաները չունեն բենզինային շարժիչի տեխնիկական սպասարկումը ապահովելու համար հավելյալ ծախսի պահանջ, ունեն դիմացկուն մարտկոցներ, որոնք լիցքավորված են մնում նույնիսկ 1 պարեկային հերթափոխի դեպքում։ Մոդելը հարմարավետ է նաև պարեկայինի ծառայողական պահանջների համար։

Այլ հայտնի էլեկտրամոբիլներ, որոնք հարմարեցված են պարեկային ծառայությունների համար

Hozon Neta U 

Արագացում 0-ից 100 կմ/ժ – 6․6 վրկ

Մարտկոցի տարողունակություն – 68 կՎտ/ժ

Մարտկոցի լիցքի նոմինալ վազք – 500 կմ

Փորձարկում է անցել Հայաստանում՝ պարեկային ծառայության համար:

2021 թ․-ին արտադրված չինական Hozon Auto ընկերության այս էլեկտրական մեքենաները հարմարավետ համակարգ ունեն ինչպես տաքսի ծառայության, այնպես էլ ոստիկանական օգտագործման համար։ Մասնավորապես՝ մարտկոցի մեկ ամբողջական լիցքավորումն այս մեքենաների համար գնահատվում է 2700 ՀՀ դրամ՝ ապահովելով վառելիքի հնարավոր նվազագույն ծախս։

Մեքենայի արժեքը տատանվում է 21,700$-ից 33,000$-ի սահմաններում։

Hozon Neta U կոմպակտ քրոսովերներն արտադրվել են «Շտիգեն» ընկերության հետ համագործակցությամբ։ Վերջինիս տեղական ներկայացուցիչն էլ ապահովում է Հայաստանում այս մեքենաների մատակարարումը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախաձեռնությամբ մարտի 22-ին այս մեքենաներն անցել են փորձարկում Պարեկային ծառայության կողմից և ստացել դրական արձագանք։ Թեստ-դրայվի ընթացքում պարեկները հայտնել են, որ այս մեքենաներն առնվազն 9-10 անգամ ավելի խնայողական են, քան պարեկայինի «Շկոդա» ավտոմեքենաները։ Բացի դրանից, փորձարկված էլեկտրամոբիլներն աչքի են ընկնում մարտկոցների դիմացկունությամբ և շատ քիչ սպասարկման ծախսեր են պահանջում։

MG ZS EV

Արագացում 0-ից 100 կմ/ժ – 8.5 վրկ

Մարտկոցի տարողունակություն – 50․3 կՎտ/ժ

Մարտկոցի լիցքի նոմինալ վազք – 461 կմ

Անգլիական MG Motors ավտոարտադրողի MG ZS EV էլեկտրամոբիլները սկսել են արտադրվել 2018 թ․-ից Չինաստանում։ Այս մեքենաներն ամենահարմարն են հենց քաղաքային տրաֆիկում երթևեկելու համար։

Մեքենայի անվտանգության համակարգերը, կահավորումը և պրակտիկ AI համակարգը հարմարեցված են ոստիկանական ծառայության մարտահրավերներին։ Այս մեքենաներն արժեն մոտավորապես $40-45,000 և ապահովում են վառելիքի հնարավոր նվազագույն ծախս և արդյունավետություն։

Համեմատական

Հաշվի առնելով միջազգային փորձը և Պարեկային ծառայությունում արված փորձարկումները՝ ստորև ներկայացնում ենք մեր կողմից առանձնացված հայտնի մոդելների և այլ երկրների ոստիկանական համակարգերում դրական արձագանքներ ստացած մի քանի էլեկտրամոբիլների և ՀՀ ոստիկանության վերջին մրցույթով հաստատված ծառայողական մեքենաների, այդ թվում, գնային սահմանի համեմատականը․

Աղյուսակից պարզ է դառնում, որ մի շարք էլեկտրամոբիլներ, սպասարկման էժանության հաշվին, իրենց գնի թանկությունը շատ արագ «ետ կբերեն»: Այսպես, օրինակ, VW ID.4-ը մոտավորապես 4600 դոլարով է թանկ ոստիկանության կողմից վերջերս ձեռք բերված Toyota Raf4-ից, և այդ 4600 դոլար գնային տարբերությունը դուրս կգա ընդամենը 35 հազար կիլոմետրից, ինչը, Պարեկային ծառայությունում մեքենաների միջին վազքը հաշվի առնելով, մոտ կես տարի է:

Այսպիսով՝

Ուսումնասիրելով համաշխարհային տենդենցները, ինչպես նաև ՀՀ կառավարության 2022-2026 թթ․ գործողության միջոցառումների ծրագիրը, որի համաձայն նախատեսվում է էլեկտրական շարժիչով մեքենաների մասնաբաժինը հասցնել մինչև 10%-ի և զարգացնել դրանց սպասարկող ենթակառուցվածքները, իրատեսական է ենթադրել, որ հենց կառավարությունը կնախաձեռնի գործուն քայլեր պետական ենթակառուցվածքներում էլեկտրական շարժիչով մեքենաների ներդրման ուղղությամբ, մասնավորապես` ընդօրինակելով միջազգային տենդենցները՝ Պարեկային ծառայության համար ձեռք կբերի էլեկտրամոբիլներ։

Արտաշես Սերգոյան և Լիլիթ Ղազարյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող