Հավաքի մասնակիցների կողմից փողոց փակելու համաչափությունը ՄԻԵԴ որոշումներում

Հայաստանում՝ Երևանում, արդեն շուրջ մեկ ամիս է ամենօրյա ռեժիմով տեղի են ունենում ընդդիմության բողոքի ակցիաներ, որոնց շրջանակներում անցկացվում են երթեր, փակվում են փողոցներ և այլն: Հատկապես այս իրադարձությունների ֆոնին նորից արդիական են դարձել հավաքների ազատության, այդ ազատությունն իրացնելու ժամանակ այլոց ազատությունները չսահմանափակելու վերաբերյալ քննարկումները:

Ստորև կփորձենք անդրադառնալ վերոնշյալ թեմայի վերաբերյալ ՄԻԵԴ որոշումներին և միջազգային պրակտիկայում ընդունված մոտեցումներին:

ՄԻԵԴ որոշումները

Նախ անհրաժեշտ է նշել, որ հավաքների ազատությունը ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով։ Նույն օրենքով ամրագրված են նաև հավաքների մասին տեղեկացման, կազմակերպման, անցկացման կարգերը, ինչպես նաև հավաքների մասնակիցների և պետության իրավունքները, պարտականություններն ու լիազորությունները։

Ընդ որում, պետք է նշել, որ հավաքների ազատության իրավունքը, թեկուզ ունի ինքնուրույն նշանակություն և ուրույն գործածման առարկա, սակայն անմիջականորեն փոխկապակցված է խոսքի ազատության և արտահայտման իրավունքի հետ, իսկ խոսքի ազատության և ազատ կամարտահայտման իրավունքը հանդիսանում է հավաքների ազատության իրավունքի իրացման նպատակներից մեկը (տե՛ս ՄԻԵԴ որոշում՝ Էզելինն ընդդեմ Ֆրանսիայի 26.04.1991 թ. § 37)։ Այսինքն՝ հավաքներ կազմակերպելու և դրանց մասնակցելու միջոցով իրացվում է նաև խոսքի ազատության և արտահայտման իրավունքը։

Հավաքների տեսակներից են երթերը, ցույցերը, քաղաքացիական անհնազանդությունները, այդ թվում՝ նաև ավտոերթերը, որոնք իրենց բնույթով կարող են հանդիսանալ քաղաքական ակցիաներ։ Այդ իրավունքի, ինչպես ցանկացած այլ իրավունքի իրացման ընթացքում պետք է հաշվի առնել նաև այլ քաղաքացիների ու անձանց իրավունքներն ու ազատությունները։ Մասնավորապես՝ փողոցներ, ճանապարհներ,  մայրուղիներ փակելը ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի իմաստով հանդիսանում է վարչական իրավախախտում և ենթակա է պատասխանատվության, և եթե իր մասնակցության ընթացքում հավաքի մասնակիցը խախտում է այլոց իրավունքները, կատարում է զանցանք, ապա այդ դեպքում նրա նկատմամբ կարող է կիրառվել հարկադրանքի միջոց՝ զանցանքը դադարեցնելու և հետագայում վարչական պատասխանատվության ենթարկելու համար (տե՛ս ՄԻԵԴ որոշում՝ Էզելինն ընդդեմ Ֆրանսիայի 26.04.1991թ. § 53)։

Ճանապարհները փակելու դեպքում քաղաքացիների նկատմամբ հարկադրանքի միջոցներ կիրառելու հնարավորության մասին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արտահայտվել է նաև այլ գործերով։ Եվա Մոլնարն ընդդեմ Հունգարիայի գործով (07.10.2008 թ.) ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ հավաքների ազատությունը անսահմանափակ չէ, դա չի կարող ունենալ ճանապարհներ փակելու կամ երթևեկությունը պարալիզացնելու նպատակ, այլ կարող է հանդիսանալ արտահայտման իրավունքի միջոց: Տվյալ գործով ճանապարհը փակվել էր 2-ից 6 ժամ (տարբեր տեղերում տարբեր էր տևողությունը) ժամկետով, որը Եվրոպական դատարանը գնահատել էր բավարար՝ կարծիք արտահայտելու համար։ Նման մոտեցում ՄԻԵԴ-ը արտահայտել է նաև մի շարք այլ գործերով՝ (Բառակոն ընդդեմ Ֆրանսիայի, Կուդրևեչիուսն ընդդեմ Լիտվայի և այլն)։

Համաչափության գնահատումը

Ի վերջո, ինչպե՞ս պետք է գնահատել հավաքների սահմանափակման սահմանները։ Այստեղ պետք է քննարկել համաչափության հասկացությունը և մեկնաբանման տարրերը՝ գնահատելով և՛ հավաքների բնույթը, և՛ պետության գործողությունները։ Եթե վերլուծենք ճանապարհները փակելու համաչափության վերաբերյալ ՄԻԵԴ-ի դիրքորոշումներն ու մոտեցումները, կարող ենք սահմանել, որ այդ կանոնները օբյեկտիվ փաստերի վրա հիմնված գնահատողական կատեգորիաներ են։

Այսպես, ՄԻԵԴ-ի համար կարևոր են եղել հավաքի անցկացման նպատակը, այդ նպատակին հասնելու համար կիրառվող եղանակները, միջոցները, գործիքները, հավաքի (երթի, ցույցի, ճանապարհներ փակելու) տևողությունը, վայրը. այսինքն էական նշանակություն ունի, թե ինչպիսի ճանապարհներ են փակվում՝ միջպետական մայրուղինե՞ր, թե՞ փոքր ներհամայնքային չծանրաբեռնված ճանապարհներ, այդ գործողություններով որքա՞ն անձանց իրավունքներ են սահմանափակվում, մասնավորապես՝ ազատ տեղաշարժման իրավունքը, ի՞նչ վնաս են տալիս ֆիզիկական և իրավաբանական անձանց, համայնքներին և պետությանը, որքա՞ն անձանց քաղաքական կամ քաղաքացիական իրավունքների պաշտպանությանն է ուղղված այդ հավաքը և որքա՞ն անձ է մասնակցում այդ հավաքներին:

Եվ, իհարկե, կարևորագույն նշանակություն ունի այն, թե արդյո՞ք հավաքները խաղաղ բնույթ են կրում, թե՞ ոչ։ ՄԻԵԴ-ն իր որոշումներում բազմիցս արտահայտել է իր մոտեցումը հավաքների մասնակիցների քանակի և ոչ բռնի լինելու անհրաժեշտության մասին, այդ թվում՝ նաև 2008 թ. մարտի 1-ի գործով Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով։ Տվյալ գործով նույնպես ՄԻԵԴ-ը մի քանի անգամ անդրադարձել է հավաքի մասնակիցների մեծաքանակ լինելուն և հավաքի խաղաղ բնույթին, որոնք էական նշանակություն են ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածների շրջանակներում Հայաստանի Հանրապետության իշխանությունների գործողությունները գնահատելիս։

Բնականաբար, բոլոր դեպքերում պետության կողմից հավաքների ազատության իրավունքի սահմանափակումը, այդ թվում՝ հարկադրանքի միջոցների կիրառումը, պետք է տեղի ունենա հայտնի սկզբունքների պահպանմամբ՝ լինի օրենքով նախատեսված, ունենա իրավաչափ նպատակ, անհրաժեշտ լինի ժողովրդավարական հասարակությունում և լինի համաչափ։ Համաչափությունը, իր հերթին, ենթադրում է, որ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով պետության կողմից հարկադրանքի կիրառումը պետք է համաչափ լինի կատարված իրավախախտման բնույթին, ինչը նշանակում է, որ պետական ծառայողը, օրինակ, չի կարող անհարկի ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն կիրառել (նման դեպքերում ոստիկանների գործողություններին պետք է տրվի քրեաիրավական գնահատական)։

Միաժամանակ, եթե իրավախախտ անձը կատարում է «դատապարտելի արարք» (reprehensible act), այն է՝ գործադրում է բռնություն կամ բռնության սպառնալիք, հավաքին ներկայանում է զենքով և որպես զենք օգտագործվող առարկայով, կատարում է ՀՀ «Հավաքների ազատության մասին» կամ այլ օրենքներով նախատեսված այլ իրավախախտումներ, ինչպես նաև ոստիկանության ծառայողի օրինական պահանջով չի դադարեցնում իրավախախտումը, ապա ոստիկանը կարող է հարկադրանք կիրառել, իսկ ֆիզիկական դիմադրության դեպքում՝ նաև լեգիտիմ համաչափ բռնություն (այնպիսի բռնություն, որը անհրաժեշտ և բավարար է իրավախախտումը դադարեցնելու և անձին բերման ենթարկելու համար)։

Հատկանշական է, որ նշվածի վերաբերյալ իր հայտարարության մեջ անդրադարձ է կատարել նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը՝ ամրագրելով ինչպես ոստիկանության աշխատողների կողմից առկա խախտումները (որոնք նվազագույնը ծառայողական քննության առարկա պետք է հանդիսանան), այնպես էլ հստակ նշելով հնարավոր կարմիր գծերը՝ «դատապարտելի արարք» (reprehensible act) հավաքի մասնակիցների կողմից։

Վերջում, հարկ է նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սահմանել են այն նվազագույն նշաձողը, որին պետք է ձգտեն անդամ պետությունները, սակայն ինչպես Սերժ Սարգսյանի օրոք գործող իշխանությանը, այնպես էլ ներկայում գործող իշխանության հանդուրժողականությունը շատ ավելի բարձր է սահմանված նշաձողից։

Վաղարշ Աղաբեկյան,

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող