Քննարկումներ ՀՀ արտաքին անվտանգային սպառնալիքների և Զինված ուժերի բարեփոխումների վերաբերյալ

2022 թ․ հունիսի 21-ին տեղի ունեցան Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի և «Իրազեկ քաղաքացիների միավորման» համատեղ կազմակերպած իրար հաջորդած երկու հանրային քննարկումներ՝ «ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ», ապա և «ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ» թեմաներով: Քննարկումներին մասնակցում էին Հայաստանի քաղհասարակության շուրջ 50 ներկայացուցիչներ, այդ թվում՝ փորձագետներ, հանրային կարծիքի ձևավորողներ:

Առաջին քննարկման բանախոսն էր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նա ներկայացրեց վերջին շրջանում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, Արցախյան խնդրի կարգավորմանն ուղղված ջանքերը, Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական ուղենիշները, ապա և պատասխանեց մասնակիցներին հուզող հարցերին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում անցկացնել ևս մեկ նմանատիպ հանդիպում-քննարկում:

Երկրորդ քննարկման բանախոսներն էին ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ներքին գործերի, անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը և ռազմական կրթության մասնագետ Վազգեն Ղազարյանը:

Նրանք ներկայացրեցին ռազմական բարեփոխումների ընթացքը, ծագող խոչընդոտներն ու դժվարությունները, առանցքային հիմնախնդիրները: Վերջում բանախոսները պատասխանեցին մասնակիցների հացերին:

Հանրային քննարկումները իրականացվում են ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի նախաձեռնած՝ ՀՀ գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների և ՏԻ մարմինների հետ կառուցվածքային երկխոսության շրջանակներում: Միջոցառումները տեղի ունեցան առանց հղումների՝ «Չէթըմ հաուս» ձևաչափով: Դրանք մոդերացնում էր ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող, «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը:

ԱլԳ ՔՀԳ Հայաստանի ազգային պլատֆորմի լրատվական ծառայություն

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող