Վրացական «Անտիսորոսի» համառոտ պատմությունը

Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո, երբ քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը մերժեց նախկին իշխանություններին ու ընդդիմության առաջնորդն արտահերթ ընտրությունների արդյունքում դարձավ երկրի վարչապետը, ակտիվացավ քարոզչական թեզը, թե հեղափոխության հետևում կանգնած էին ինչ-որ դավադիր ուժեր, մասնավորապես՝ Ջորջ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամները»: Նախորդ իշխանություններին սատարող որոշ քաղաքացիներ սկսեցին հանդես գալ «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի» գործունեության դեմ՝ նշելով, թե նրանք «երկիրը քանդելու նպատակ ունեն», իսկ հեղափոխությունից հետո իշխանության եկած քաղաքացիներից շատերին, ինչպես նաև քաղաքացիական հասարակության մեծ մասին սկսեցին անվանել «սորոսական»:

Իսկ բոլորովին վերջերս փաստաբաններ Տիգրան Աթանեսյանը և Մարգարիտա Գյուլումյանը դիմել են դատարան՝ «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպությունը լուծարելու հայցով:

Վրաստան

Այս երևույթը, սակայն, հատուկ չէ միայն Հայաստանին: Հակասորոսական պայքարները կարծես նույն մարդու սցենարով գրված լինեն աշխարհի մյուս երկրներում ևս: Օրինակ՝ Վրաստանում 2003-ի նոյեմբերին տեղի ունեցած «Վարդերի հեղափոխությունից» մոտ 2 տարի անց ստեղծվեց «Անտիսորոս» շարժումը, որը միավորեց մինչ այդ Սորոսի հիմնադրամի դեմ հանդես եկող տարբեր ուժերի, որոնք հիմնականում ուլտրաաջերից էին կազմված: Դրանց թվում էր նաև Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի այրի Մանանա Արչվաձե-Գամսախուրդիան: Նրանք պահանջում էին հիմնադրամի գործունեության դադարեցում:

Թեև Վրաստանում «Բաց հասարակության հիմնադրամների» գրասենյակի մոտ ցույցերը շատ ավելի վաղ էին սկսվել, սակայն 2005 թվականի հոկտեմբերի 3-ին ստեղծվեց նոր «հակասորոսական» շարժում՝ «Անտիսորոս»: Այս շարժման ներկայացուցիչները Սորոսին մեղադրում էին «Վրաստանը վաճառելու, անեքսիայի» մեջ: Շարժման առաջնորդներից մեկը` Թեմուր Ժորժոլիանին, այդ օրը հայտարարել էր, թե բոլոր այն պրոբլեմները, որոնք կան երկրում, կապված են Սորոսի հետ. «Կրթության համակարգի ոչնչացում, գիտությունների ակադեմիայի ոչնչացում, հոգևոր ճգնաժամ․ այս ամենը կապված է Սորոսի հետ»: Այս շարժման հիմնադիրները երկրորդ նախագահ Էդուարդ Շևարդնաձեի և Աջարիայի ինքնավար հանրապետության նախագահ Ասլան Աբաշիձեի համախոհներն ու գործընկերներն էին:

«Անտիսորոս» շարժման հիմնադիրներից մեկը Մայա Նիկոլեիշվիլին էր: Վերջինս նաև «Առաջ, Վրաստան» շարժման հիմնադիրն էր, որը միավորում էր հեղափոխության արդյունքում պաշտոնաթող եղած նախագահ Էդուարդ Շևարդնաձեի համախոհ քաղաքական գործիչներին: Մայա Նիկոլեիշվիլին նախկինում դրամաշնորհներ էր վերցրել «Բաց հասարակության հիմնադրամներից»: Շարժման հիմնադրման ժամանակ Նիկոլեիշվիլին հայտարարել էր, թե չի իմացել ինչ նպատակով են օգտագործվել իր ծրագրերը:

Սակայն պարադոքսն այն էր, որ «Անտիսորոս» շարժման իրական հիմնադիրը Վրաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Իգոր Գիորգաձեն էր, որը մեղադրվում էր Շևարդնաձեի դեմ ահաբեկչություն իրականացնելու մեջ և գտնվում էր Ռուսաստանում: Վրաստանում նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցված: Գիորգաձեն 1995 թվականից փնտրվում էր Ինտերպոլի կողմից: Այդ ընթացքում լուրեր էին շրջանառվում, որ Գիորգաձեն համագործակցում է ՌԴ հատուկ ծառայությունների հետ, ինչպես նաև, Վրաստանի իշխանությունները հայտարարում էին, որ Գիորգաձեին Ռուսաստանում ապաստան են տվել: Թեև 2002 թվականի ապրիլի 23-ին Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության փոխտնօրեն Վիկտոր Կամագորովը հայտարարել էր, որ իրենք Գիորգաձեի գտնվելու վայրը չգիտեն և որևէ կապ չունեն նրա հետ, սակայն ավելի ուշ` 2006 թվականին, Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալը Գիորգաձեին ապաստան էր առաջարկել: Վերջինս, չնայած հայտարարում էր, որ չի ուզում քաղաքական ապաստան ստանալ, բայց դե ֆակտո ստացել էր և հիմա էլ շարունակում է ապրել Ռուսաստանում: Նա Վրաստանում համարվում է ռուսական շահերը պաշտպանող անձ:

2006 թվականին Գիորգաձեին պատկանող «Արդարություն» կուսակցության 12 անդամներ ձերբակալվեցին: Նրանք մեղադրվում էին զինված հեղաշրջում, իշխանության տապալում և իշխանությանը բռնի տիրանալու նախապատրաստման մեջ: Նույն մեղադրանքով ձերբակալվեց նաև «Անտիսորոս» շարժման առաջնորդներից մեկը` Մայա Նիկոլեիշվիլին: Ավելի ուշ նա ճանաչեց իրեն առաջադրված մեղադրանքը և մնացածների դեմ ցուցմունք տվեց: Նիկոլեիշվիլիին ցուցմունքից հետո ազատ արձակեցին: Նրա համախոհներից մեկը` Կոկա Կվինիկաձեն, բանտից դուրս գալուց հետո հայտարարել էր, որ Նիկոլեիշվիլիի ամուսինը դատախազ է եղել: Նույն հարցազրույցում Կվինիկաձեն նաև հայտարարել էր, որ իրենք Ռուսաստանի հետ «ագրեսիվ քաղաքականություն վարելու» դեմ էին հանդես գալիս: «Հարկավոր էր ստեղծել շարժում, որը բոլորին ցույց կտար, թե ուր կարող է հասցնել իշխանությունների անգիտակից քաղաքականությունը»,- հայտարարել էր Կվինիկաձեն:

Հատկանշական է նաև այն, որ այս ամենը տեղի էր ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ, իսկ անվտանգության նախկին նախարար Գիորգաձեն Ռուսաստանից Վրաստանի իշխանություններին սպառնում էր «Եղինջե հեղափոխությունով»: Գիորգաձեն նաև պնդում էր, որ «Ռուսաստանի հետ համագործակցությունն իր առաջնահերթություններից մեկը կլինի»:

Ջորջ Սորոսի գործունեության դեմ Վրաստանում ցույցերն ավարտվեցին այսքանով: Գիորգաձեն մինչ այժմ գտնվում է Ռուսաստանում և հաճախ հանդես գալիս տարբեր հայտարարություններով: Նա 2018 թվականին հանդես էր եկել ԱՄՆ ֆինանսավորմամբ Վրաստանում գործող Լագուրի լաբորատորիաների դեմ՝ հայտարարելով, թե «մարդկանց վրա փորձեր են իրականացում և բիոլոգիական զենք պատրաստում»:

2012 թվականին Վրաստանում իշխանափոխություն տեղի ունեցավ: Երկրի պատմության մեջ առաջին անգամ իշխանությունը փոխվեց ընտրությունների արդյունքում: «Հակասորոսական» շարժման երկրորդ ալիքը սկիզբ առավ հենց նոր իշխանությունների՝ «Վրացական երազանքի» ժամանակ: 2017 թվականի ՏԻՄ ընտրություններից առաջ երկրում ստեղծվեց «Վրացիների քայլերթ» շարժումը, որը հանդես էր գալիս ապօրինի միգրանտների դեմ, իսկ այնուհետև սկսեց հոմոֆոբ ցույցեր կազմակերպել: Հատկանշական է, որ այս շարժումը նորից գործում էր նախկին իշխանությունների՝ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժման» դեմ: Այսպես, օրինակ, 2018 թվականի մարտի 19-ին շարժումը «մարդկանց կրոնական զգացմունքները վիրավորելու համար» ցույց կազմակերպեց ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաընկերության բակում:

Նույն թվականի սեպտեմբերին շարժումը ցույց էր կազմակերպել Վրաստանում «Բաց հասարակության հիմնադրամների» գրասենյակի մոտ, այնուհետև ցույցը տեղափոխվել էր նաև Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեի գրասենյակ: Ցուցարարները պահանջում էին արգելել Սորոսի գրասենյակի գործունեությունը Վրաստանում, ինչպես նաև իշխանություններից պահանջում էին գյուղատնտեսության համար նախատեսված հողերը չվաճառել օտարերկրացիներին: Թեև ցույցը նաև իշխող թիմի կարկառուն դեմքերից մեկի` Կախա Կալաձեի գրասենյակի մոտ էր տեղափոխվել, այնուամենայնիվ, ցուցարարները նրանից ընդամենը պահանջում էին հայտնել իր դիրքորոշումը: Հատկանշական է, որ իշխող թիմի անդամներից ոմանց «Վրացիների քայլերթը» անվանում էր «Սորոսի ստրուկներ»: Այդ թվում էր նաև խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեն:

Հետագայում «Վրացիների քայլերթը» բազմիցս հանդես եկավ ընդդիմության դեմ փողոցային պայքարում: Մասնավորապես, նրանք մի քանի հակաակցիա իրականացրեցին «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության դեմ: Այդ թվում նրանք հակաակցիա էին իրականացրել նաև հակաֆաշիստական ակցիաների ժամանակ:

Նորիկ Գասպարյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող