Ադրբեջանի մարդը ԵՄ-ում. Հունգարիայի վարչապետը և Ալիևը

Հունգարիան 2010 թվականից ղեկավարվում է վարչապետ Վիկտոր Օրբանի և նրա պահպանողական «Ֆիդես» կուսակցության կողմից։ Օրբանի ղեկավարության տարիներին Հունգարիան դարձել է ավելի պակաս ժողովրդավար և հաճախ համարվում է Եվրամիության անդամ երկրներից ամենաավտորիտարը։

Ըստ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության, Օրբանը քաղաքականացրել է Հունգարիայի դատարանները, թուլացրել անկախ մամուլը և քաղաքացիական հասարակությունը, վերջ դրել ակադեմիական ազատությանը և խրախուսում է այլատյացությունը (քսենոֆոբիա)։ Օրբանն ինքը Հունգարիան բնութագրել է որպես «ոչ լիբերալ ժողովրդավարություն» (illiberal democracy)։ Ըստ The Economist Intelligence Unit-ի (EIU) ժողովրդավարության 2019-ի ինդեքսի, Հունգարիան «թերի ժողովրդավարություն» (flawed democracy) է և ԵՄ անդամ երկրների շարքում զբաղեցնում է ամենացածր դիրքերից մեկը։

Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2020-ի զեկույցի, մամուլի ազատության առումով ևս Հունգարիան ԵՄ երկրների ցանկում վերջից երկրորդ տեղում է (աշխարհում՝ 89-րդը), միայն Բուլղարիայում (111-րդ տեղը) է մամուլի ազատությունը ավելի վատ վիճակում։ Օրբանի իշխանությունը նաև երկրից հեռացրել է Եվրոպայի առաջատար համալսարաններից մեկը՝ Կենտրոնական եվրոպական համալսարանը (CEU), որը քաղաքական ճնշումների պատճառով 2019-ին տեղափոխվեց Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտից Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա։

Քաղաքացիական հասարակության դեմ արշավը Օրբանի կառավարության կողմից ևս բավականին ուժգին է։ Այն, բռնապետական երկրների պես, ինչպիսիք են Թուրքիան և Ադրբեջանը, ճնշում է գործադրել Ջորջ Սորոսի հիմնած «Բաց հասարակության հիմնադրամների» վրա, որի հետևանքով այն դադարեցրել է գործունեությունը Հունգարիայում։

Օրբանի արտաքին կապերը

Արտաքին քաղաքականության մեջ Օրբանը մտերիմ կապեր է հաստատել մի քանի երկրների ավտորիտար ղեկավարների հետ, ինչպիսիք են Թուրքիանի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրանց շարքում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Օրբանը նաև լավ հարաբերություններ ունի Թյուրքական խորհրդի հետ։ 2019-ի հոկտեմբերին Օրբանը Բաքվում մասնակցեց Թյուրքական խորհրդի գագաթնաժողովին, որտեղ հայտարարեց, որ Հունգարիան կարող է ծառայել որպես կամուրջ թյուրքական երկրների և ԵՄ-ի միջև։ Թուրքիայի հետ մտերիմ կապերի պատճառով Օրբանի Հունգարիան 2020-ի հոկտեմբերին և դեկտեմբերին երկու անգամ դեմ արտահայտվեց ԵՄ-ի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու Հունաստանի նախաձեռնությանը:

Օրբան-Ալիև կապերը

Հունգարիան, ինչպես շատ այլ եվրոպական երկրներ, Ադրբեջանն առաջին հերթին դիտարկում է որպես բնական գազի աղբյուր։ Հունգարիայի վարչապետի պաշտոնում Օրբանը մի քանի անգամ այցելել է Ադրբեջան։ Առաջին անգամ՝ 2010-ի սեպտեմբերին, Օրբանը Բաքվում մասնակցեց Ադրբեջան-Վրաստան-Ռումինիա գազատարի նախագծի համաժողովին։ Երկրորդ անգամ Օրբանը Ադրբեջան այցելեց 2012-ի հունիսին և դեմ-առ-դեմ հանդիպում ունեցավ Ալիևի հետ։ 2014-ի հոկտեմբերին Ալիևը և Օրբանը ստորագրեցին ռազմավարական գործընկերություն մասին փաստաթղթեր։ Օրբանը Ադրբեջան է այցելել նաև 2016-ի մարտին և 2019-ի հոկտեմբերին։

Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը և հնարավոր շարժառիթները

Ադրբեջանի և Հունգարիայի միջև կապերը միջազգային ուշադրության արժանացան 2012-ի օգոստոսի 31-ին, երբ 2004-ին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելով սպանած Ռամիլ Սաֆարովը գաղտնի կերպով Հունգարիայից արտահանձնվեց Ադրբեջան։ Այս քայլն արժանացավ միջազգային դատապարտման, իսկ այն ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը խզում է դիվանագիտական կապերը Հունգարիայի հետ։ «Դա տեղի է ունեցել, քանի որ Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիայի իշխանությունները գործարքի մեջ են մտել Ադրբեջանի իշխանությունների հետ»,- այն ժամանակ ասել էր Սարգսյանը։

Ալիևի աշխատակազմի արտաքին կապերի վարչության ղեկավար Նովրուզ Մամադովը հաստատել էր, որ Սաֆարովի արտահանձնումը իրականացել է գաղտնի բանակցությունների միջոցով, որոնք վարվել են Ալիևի հսկողության ներքո և արտահանձման վերջնական որոշումը կայացվել է Օրբանի՝ Ադրբեջան այցելության ժամանակ։

Սաֆարովի արտահանձման պատճառով Օրբանը քննադատության արժանացավ հունգարական ընդդիմության կողմից, և ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը պահանջեց նրա հրաժարականը։ Օրբանը զղջում չհայտնեց և ավելին՝ հայտարարեց, որ Սաֆարովի արտահանձնումը «ճիշտ և իրավացի» որոշում էր։ «Հունգարիան պետք է հետապնդի սեփական, այլ ոչ թե Հայաստանի կամ Ադրբեջանի շահերը»,- ասել էր նա։

Իր այս խոսքում Օրբանը, հավանաբար, նկատի ուներ Ադրբեջանից ստացած ֆինանսական միջոցները, որոնք, ենթադրաբար, ազդել են Սաֆարովին արտահանձնելու որոշման վրա։ 2017-ին հետաքննող լրագրողները պարզեցին, որ Սաֆարովի արտահանձման ժամանակաշրջանում Ադրբեջանից 7 մլն դոլար է փոխանցվել հունգարական MKB բանկ։ Բանկային հաշիվը, ըստ հետաքննության, պատկանում է Ադրբեջանի փոխվարչապետի որդուն։ Արտահանձման որոշման վրա, հավանաբար, ազդել է նաև Ադրբեջանի պատրաստակամությունը՝ գնել Հունգարիայի 2-3 մլրդ եվրո արժողությամբ պարտատոմսեր։

Աջակցություն Ադրբեջանին՝ Արցախի հարցում, և խորացող տնտեսական կապեր

44-օրյա պատերազմի ժամանակ Հունգարիան ԵՄ անդամ միակ երկիրն էր, որն անթաքույց կողմնակալ վերաբերմունք ցույց տվեց։ 2020-ի հոկտեմբերի 1-ին Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնեց, որ այդ երկիրը աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը՝ որպես միջազգային իրավունքի հիմնական սկզբունք։ Նմանատիպ հայտարարություն Հունգարիայի ԱԳՆ-ն արել էր նաև ավելի վաղ՝ 2020-ի հուլիսի կեսերին, Տավուշում սահմանային բախումների ժամանակ։

Պատերազմի ավարտից երկու ամիս անց Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Ադրբեջանի սոցիալական հարցերի նախարարի հետ զրույցից հետո հայտարարեց, որ հունգարական ընկերությունները պատրաստ են մասնակցել պատերազմից տուժած տարածքների վերակառուցմանը։ «Հունգարիան միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և աջակցել հակամարտությունների բանակցային լուծմանը»,- ասել էր Սիյարտոն և հավելել, որ Հունգարիայի կառավարությունը 25 հազար եվրո դրամաշնորհ է տրամադրել Ադրբեջանին ականազերծման աշխատանքների համար։

2021-ի հունվարին Հունգարիայի Exim բանկը 100 մլն դոլար արժողությամբ վարկային գիծ բացեց Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններում վերակառուցման ծրագրերում հունգարական ընկերություններին աջակցելու նպատակով։

Հունգարիայի և Ադրբեջանի միջև առևտուրը, սակայն, բավականին համեստ ծավալների է։ Ըստ Հունգարի վիճակագրական գործակալության, 2021-ին երկու երկրների միջև առևտուրը կազմել է ընդամենը 38 մլն դոլար և գրեթե ամբողջովին միակողմանի է։ Նախորդ տարի Հունգարիայից Ադրբեջան է արտահանվել 37․2 մլն դոլարի ապրանք։

Միաժամանակ, Հունգարիան հույս ունի առաջիկայում սկսել Ադրբեջանից գնել բնական գազ։ Արտգործնախարար Սիյարտոն դեռ 2021-ի մարտին հայտարարել էր, որ Հունգարիան հետաքրքրված է միանալու Տրանսադրիատիկ գազատարին, որը գազ է հասցնում Կասպից ծովից Իտալիա։ Սիյարտոն հայտնել է, որ Հունգարիան բանակցում է Ադրբեջանից արդեն 2023-ի վերջին գազ գնելու շուրջ։ Նա նաև հույս է հայտնել, որ Ադրբեջանը կդառնա Եվրոպայի համար գազի մատակարարող հիմնական երկիրը։

Մեղքերի քավու՞մ

Արդեն տասը տարի է անցել, ինչ Սաֆարովի արտահանձնումից հետո Հայաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Սակայն վերջին շրջանում Հունգարիայի կառավարությունը որոշ քայլեր է իրականացրել Հայաստանի հետ հարաբերությունների շտկման ուղղությամբ։

Նախ, 2020-ի նոյեմբերին Հունգարիայի՝ Հալածյալ քրիստոնյաների օգնության և hունգարական աջակցության ծրագրի պետքարտուղար Տրիստան Ազբեյը հայտարարեց, որ Հունգարիան մեկ միլիոն դոլար է նախատեսում նվիրաբերել Մերձավոր արևելքում Հայ-առաքելական եկեղեցուն։ Մասնավորապես, Հունգարիան աջակցել է Սիրիայում Հայ-առաքելական եկեղեցու վնասված դպրոցի վերականգնմանը, Իրաքի Զախո քաղաքի հայկական եկեղեցու վերականգնմանը և օգնություն է տրամադրել Լիբանանում հայ կաթոլիկ ընտանիքներին։

2021-ի դեկտեմբերին Հունգարիան երկու նշանակալից քայլով աչքի ընկավ։ Նախ, դեկտեմբերին 29-ին Հունգարիայի միջնորդությամբ 5 հայ ռազմագերի վերադարձավ Ադրբեջանից։ Իսկ հաջորդ օրը հայտնի դարձավ, որ Հունգարիան 100 հազար դեղաչափ պատվաստանյութ է նվիրաբերել Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում։

Հատկանշական է, որ հինգ հայ ռազմագերիների վերադարձի մասին հայտնող գրառման մեջ Հունգարիայի արտգործնախարար Սիյարտոն չի վարանել գովաբանել Ադրբեջանին: «Այսօր Ադրբեջանը որոշել է ազատ արձակել հինգ հայ զինվորների՝ դրանով իսկ ապացուցելով իր հավատարմությունը տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը»,- գրել է նա:

Հովհաննես Նազարեթյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող