ԱՄՆ նոր համանախագահի նշանակումը վկայում է, որ Արցախի ժողովուրդը չի թողնվելու բախտի քմահաճույքին․ քննարկում

Միացյալ Նահանգներն այս նոր նշանակումով վերահաստատում է իր հավատարմությունը Մինսկի խմբի գործընթացին և այդ գործընթացի շրջանակներում ձևավորված Արցախյան խնդրի կարգավորման ճարտարապետությանը, «Ազատության» հետ զրույցում ասաց «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը՝ նկատելով՝ դա նշանակում է, որ Արցախի ժողովուրդը չի թողնվելու բախտի քմահաճույքին։

1991 թվականին, երբ Հայաստանին Արցախի միացման գաղափարը տեղափոխվեց ինքնորոշման գաղափարի, դա նշանակում է, որ այստեղ ոչ թե Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու-չճանաչելու հարցն է, այլ Արցախի բնակչության կամարտահայտության հարցն է։

«Հիմա այն կարող է փոխարինվել «անջատում՝ հանուն փրկության» սկզբունքով, ոնց որ Կոսովոյի դեպքում եղավ և Ալբանիան, չեմ կարծում, որ Սերբիայի հարցում ինչ-որ տարածքային պահանջներ ուներ, բայց արդյունքում Կոսովոն անջատվեց Սերբիայից», – ասաց Խուրշուդյանը՝ հույս հայտնելով, որ Հայաստանի և Արցախի իշխանությունները ևս էդ ճանապարհով կգնան՝ նկատելով՝ այդտեղ տարածքային ամբողջականության ճանաչել-չճանաչելու հարցն արդեն երկրորդական է դառնում։

Որքան էլ Ադրբեջանը հիմա շատ ավելի ազդեցիկ է դառել Եվրոպայում նրա հաշվին, որ սկսել է Եվրոպային գազ մատակարարել, պետք է Եվրոպային բացատրել, որ իրենք չեն կարող ծախել արցախցիներին գազի կամ այլ տնտեսական բարիքների դիմաց, ասում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը։

«Իրենք չեն կարող ծախել արցախցիներին գազի կամ այլ տնտեսական բարիքների համար։ Այստեղ մեր դիվանագիտությունը պետք է կարողանա շատ էֆեկտիվ գործել։ Ինչ վերաբերում է ակնկալիքներին Բրյուսելից, ամեն դեպքում ես ակնկալում եմ, որ միգուցե Ադրբեջանի վրա ճնշում կլինի և Ադրբեջանը կգնա ինչ-որ կարգավորման, ինչ-որ նորմալիզացիայի ուղղությամբ», – ասաց Իոաննիսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող