Ընտրություններից մեկ տարի առաջ Երևանում քարոզարշավն սկսվել է, լինելու է բավականին դաժան մրցակցություն. Դանիել Իոաննիսյան

Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որ պաշտոնից հեռացվեց անցած տարվա դեկտեմբերին, «Քաղաքապետը» վերնագրով մոնոներկայացմամբ վերադառնում է բեմ։ Սեպտեմբերից մինչև նոյեմբերի կեսը պլանավորված 11 ներկայացումների գրեթե բոլոր տոմսերը սպառվեցին 1 օրվա ընթացքում։

Մարությանը վերադառնում է թատրոնի՞, թե՞ նաև քաղաքական բեմ, այս հարցի պատասխանը նրա գրասենյակից չհաջողվեց ստանալ, սակայն ներկայացման անոնսում նա խոստանում է թեմային անդրադառնալ Սունդուկյանի բեմից։ Որպես «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու հաղթած, ապա ավագանու կողմից անվստահության միջոցով պաշտոնից ազատված Մարությանը, իր էջում անդրադառնալով տոմսերի կայծակնային արագությամբ վաճառքին, գրել է, որ «անչափ զգացված է դրական արձագանքի համար»:

Երևանի առաջիկա ընտրություններն անցկացվելու են 2023 թվականին, իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» դեռ այս տարվա մարտին է հայտարարել, որ իրենց թեկնածուն նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է։ Վերջինս իր ֆեյսբուքյան էջում արդեն անդրադառնում է քաղաքային կյանքի խնդիրներին, կիսվում իր գործունեության մասին տեղեկություններով, տեղադրում հարցազրույցներ և այլն։

Մամուլում հրապարակումներ կան, որ ընդդիմության թեկնածուն էլ կարող է լինել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը: Վերջինս ոչինչ չբացառեց, սակայն ասաց, որ այդ հարցում որոշում դեռ չունեն։

«Ես այս պահին նման որոշում չունեմ ընդհանրապես, մեր թիմը, նաև քաղաքական թիմը այդ հարցը չի քննարկել», – ասաց նա:

«Բնական է, որ պոտենցիալ թեկնածուները փորձում են արդեն քարոզարշավով զբաղվել»

Արդյո՞ք տարբեր քաղաքական ուժեր արդեն սկսել են թաքնված քարոզարշավը։

«Ես կասեի, որ բնական է, որ քաղաքական ուժերը, պոտենցիալ թեկնածուները փորձում են արդեն քարոզարշավով զբաղվել, իրենց հեղինակությունը, ռեյտինգը բարձրացնել, կողմնակիցներ հավաքել: Դա բավականին նորմալ պրոցես է», – նշեց տարիներ շարունակ ընտրություններին ու նախընտրական արշավներին հետևած Դանիել Իոաննիսյանը:

Նրա կարծիքով՝ ոչ միայն Ավինյանը, այլև մյուս թեկնածուներն են սկսել նախընտրական արշավն ընտրություններից ավելի քան 1 տարի առաջ. «Ի վերջո, մենք պետք է արձանագրենք, որ նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածը ոչ թե այն ժամանակահատվածն է, որից դուրս արգելվում է նախընտրական քարոզչություն անել, այլ դա այն ժամանակահատվածն է, երբ նախընտրական քարոզչության կանոնները խիստ կանոնակարգված են»:

Ժողովրդավարական աշխարհում տարածված միտում է հաջորդ ընտրությունների քարոզարշավը սկսել նախորդ ընտրությունների հենց հաջորդ օրվանից, ասում է Իոաննիսյանը։

«Այո, մինչև 18 թվականը մենք ունեինք մի իրավիճակ, երբ ընտրությունների արդյունքները բավականին կանխատեսելի էին, և չկար իրական մրցակցություն: Հիմա մենք տեսնում ենք, որ կա իրական մրցակցություն, և այդ մրցակցությունն ամեն ինչ խոստանում է, որ լինելու է բավականին դաժան մրցակցություն: Ես հուսով եմ, որ այն կլինի մաքսիմալ օրինականության տրամաբանության մեջ, բայց առաջին ինչ-որ առումով աննախադեպ իրավիճակն է, որ մի տարի առաջ գիտեինք, որ մի տարուց լինելու են ընտրություններ, այդ ընտրությունները լինելու են մրցակցային, այդ ընտրությունների արդյունքներն այդքան էլ միարժեք չեն` մեղմ ասած», – շեշտեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Առնչվող