Ադրբեջանական ագրեսիան խաթարել էր ընտրական գործընթացը Հայաստանում․ Դանիել Իոաննիսյանը՝ ԵԱՀԿ-ում

Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափողականությունների կոնֆերանսին, որի երեկվա թեման ընտրություններն էին:

Դանիել Իոաննիսյանի ելույթի տեսագրությունը և հայերեն տեքստը ներկայացնում ենք ստորև․

«Այսօր, երբ մենք այստեղ քննարկում ենք ժողովրդավարության և ընտրությունների հետ կապված հարցեր, անդամ երկրներից մի քանիսն ակտիվորեն ջանքեր են գործադրում այդ արժեքները խարխլելու և վարկաբեկելու ուղղությամբ։

Առաջին հերթին նկատի ունեմ Ռուսաստանը։ Ուկրաինայի Զապորոժիեի, Խերսոնի, Լուգանսկի և Դոնեցկի շրջաններում հանրաքվեների իմիտացիան բազմաթիվ խնդիրներ է առաջացնում, որոնց թվում կցանկանայի նշել պլեբիսցիտի և ժողովրդի ինքնորոշման ինստիտուտների վարկաբեկումը։

Ինչ վերաբերում է Հայաստանին, որի քաղաքացին եմ ես, կցանկանայի նշել, որ երկար ժամանակ Ռուսաստանը և որոշ տեղական խմբեր ակտիվորեն քարոզչություն են իրականացրել ժողովրդավարական արժեքների և ժողովրդավարության դեմ։ Ըստ այդ քարոզչական արշավի թեզերի՝ Հայաստանում անվտանգության և այլ խնդիրների առաջացումը եղել է ժողովրդավարության հաստատման պատճառով։

Սակայն, հակառակ այդ քարոզչությանը, 2021 թվականին Հայաստանը կարողացավ ժողովրդավարական ընտրությունների միջոցով հաջողությամբ լուծել քաղաքական ճգնաժամը։

Այդուհանդերձ, ցավոք, Հայաստանում ընտրությունների հետ կապված ոչ բոլոր գործընթացներն են գոհացնող։

Մասնավորապես, անցյալ տարեվերջին ՏԻՄ ընտրություններում հաղթած ընդդիմության որոշ ներկայացուցիչների նկատմամբ եղել են քրեական հետապնդումների դեպքեր, որոնք, չնայած հիմնավորումներին, երբեմն ժամանակագրական առումով վտանգավոր կերպով համընկնում էին տվյալ անձանց՝ ընտրություններում հաղթելու հետ։

Մենք չենք բացառում, որ այդ անձինք իսկապես կատարել են այն հանցանքները, որոնց համար մեղադրվում են, սակայն կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին անձանց նկատմամբ քրեական հետապնդում սկսելու որոշումները չկառուցել քաղաքական նպատակահարմարության հիման վրա։

Տիկնայք և պարոնայք,

Այս կիրակի օրը Հայաստանի մի շարք համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ։ Այդ ընտրությունների բնականոն ընթացքի հիմնական խոչընդոտը Ադրբեջանի կողմից վերջերս իրականացված, առանց դրդապատճառի ագրեսիան էր Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի և հայկական քաղաքների ու գյուղերի դեմ։

Թեև ընտրական գործընթացի խաթարումը ադրբեջանական ագրեսիայի պատճառած ամենամեծ վնասը չէր, սակայն մեր երկարաժամկետ դիտորդներն արձանագրեցին, որ գրեթե բոլոր համայնքներում քաղաքական կուսակցությունները դադարեցրել էին քարոզարշավը և չէին կարողացել պատշաճ կերպով ներկայանալ ընտրողներին։

ՏԻՄ ընտրություններ են տեղի ունեցել նաև ադրբեջանական ագրեսիայի անմիջական թիրախում գտնվող Սիսիան համայնքում։ Այստեղ, բացի խաթարված քարոզարշավից, ադրբեջանական հարձակման ժամանակ տարհանվել էին երկու գյուղերի բնակիչներ, ինչը էական ազդեցություն ունեցավ ընտրությունների վրա»։

Առնչվող