«Անկախ դիտորդի» հայտարարությունը 2022 թ․ սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ

2022 թ. սեպտեմբերի 25-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց Ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերի 18 համայնքներում, որոնցից 17-ը՝ համամասնական ընտրակարգով, իսկ մեկը՝ մեծամասնական։ Ընտրությունների տարածքը ներառում էր 282 բնակավայր:

2022 թ․ սեպտեմբերի 25-ին համամասնական ընտրակարգով անցկացվող ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել էին 11 դաշինք և 16 կուսակցություն։ Գեղարքունիքի Ճամբարակ և Կոտայքի Ջրվեժ համայնքներում առաջադրվել էր միայն մեկ ուժ։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» չի առաջադրվել միայն Ճամբարակ համայնքում։ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում թերի ներկայացված փաստաթղթերի պատճառով մերժվել է «Նժդեհյան ցեղակրոն» կուսակցության գրանցումը։

Այսպիսով, 17 համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար գրանցվել են 11 դաշինք և 15 կուսակցություն։ Գյուլագարակ համայնքում առաջադրված «Հանուն ժողովրդի» դաշինքի 19 թեկնածուների ինքնաբացարկի արդյունքում դաշինքի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվել։

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը 17 համայնքներում (բացի Ճամբարակից) հետևել է ընտրությունների ընթացքին նախընտրական քարոզչության ընթացքում, իսկ քվեարկության օրը 48 շրջիկ խմբերի միջոցով դիտարկել է ընտրությունները բոլոր համայնքներում։

Դիտորդական առաքելությունն իրականացվել է 17 երկարաժամկետ դիտորդների, շուրջ 98 կարճաժամկետ դիտորդների, 5 իրավաբանների և 20 հոգանոց ուսուցանող, համակարգող ու հաղորդակցության թիմերի կազմով:

Այս ընտրությունների դիտարկման ընթացքում կիրառվել է նոր մեթոդաբանություն և գործիքակազմ։

Քարոզչության փուլի և մասնակցող ուժերի վերաբերյալ «Անկախ դիտորդը» ներկայացրել է միջանկյալ զեկույց։

Քվեարկության օրվա դիտարկումների ամփոփում 

Հանձնաժողովի առավոտյան նիստ (7:00-8:00)

Հանձնաժողովի առավոտյան նիստը դիտարկվել է 314 տեղամասերից 69-ում։

Դիտարկված տեղամասերի 20.2%-ում նիստը մեկնարկել է 15-30 րոպե ուշացումով՝ հանձնաժողովի անդամների ներկա չլինելու կամ տեխնիկական պատճառներով: Երկու տեղամասերում նիստը մեկնարկել էր մինչև ժամը 7:00-ն:

Տեղամասերի 13%-ում հանձնաժողովի նախագահն ինքնուրույն չէր իրականացնում իր գործառույթները: 17.3%-ում հանձնաժողովի նիստի ընթացակարգերը մասամբ են պահվել, իսկ 2 դեպքում դրանք չեն պահպանվել:

Նիստին հետևելու համար «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչներից բացի ԶԼՄ-ներկայացուցիչները ներկա են եղել 4 տեղամասերում, այլ դիտորդներ՝ 2 տեղամասերում, ընտրություններին մրցակցող մեկից ավել կուսակցությունների/դաշինքների վստահված անձինք ներկա են եղել 28 տեղամասերում (ևս 20-ում եղել է միայն մեկ ուժի վստահված անձ): 19 տեղամասերում նիստին ներկա են եղել միայն Դաշինքի դիտորդները:

Տեղամասերը բացվել են ընտրողների քվեարկության համար ժամը 8:00-ին, բացառություն են կազմել աննշան ուշացումով բացված 2 տեղամասերը:

Մատչելիություն, հանձնաժողովի կարգապահություն և աշխատանքային պայմաններ

Քվեարկության օրվա ընթացքում մատչելիության տեսանկյունից գնահատվել են 248 տեղամասային կենտրոններ (ՏԿ):

Քվեարկության սենյակներն առաջին հարկում տեղակայված չեն եղել 11.2%-ում, որոնցից մեկը գտնվել է նկուղային հարկում, մյուսները՝ 2-րդ հարկում։ Այս տեղամասային կենտրոններում անարդյունավետ են դառնում մատչելիությանն ուղղված նույնիսկ խիստ սահմանափակ հարմարեցումները: Այս խնդիրն առավել տարածված էր Սիսիան համայնքում:

Տեղամասային կենտրոն /ՏԿ/ հասնելու ճանապարհին առկա էին խոչընդոտներ ՏԿ-ների 47.9%-ի դեպքում, ՏԿ-ների 57.2%-ի մուտքը, ունենալով աստիճաններ, կահավորված չէր թեքահարթակով կամ ուներ այնպիսի թեքահարթակ, որը չի կարող օգտագործվել ըստ նպատակի: Ողջունելի է, որ դիտարկված տեղամասերի 18.9%-ն ունեցել է թեքահարթակ, որը հարմար էր գնահատվել:

Համամասնական ընտրակարգով ընտրություններին չտեսնող կամ վատ տեսողություն ունեցող ընտրողների ինքնուրույն քվեարկելու հնարավորությունը ապահովելու նպատակով 2021 թ. ԱԺ ընտրություններից սկսած օգտագործվում են Բրայլյան այբուբենով  հատուկ պատրաստված կաղապարները, որոնք, սակայն, տրամադրվել էին միայն Թալին քաղաքի բոլոր ՏԸՀ-ներին և 28 ԸԸՀ-ների սպասարկման տակ աշխատող Ակունք և Բյուրեղավան համայնքների ՏԸՀ-ներին:

Քվեարկության սենյակում լուսավորությունը անբավարար էր համարվել՝ 17, քվեարկության խցիկում՝ 16, իսկ թե սենյակում, թե խցիկում միաժամանակ 12 տեղամասերում (4.8%):

Հաշմանդամություն ունեցող անձանց քվեարկությունը կազմակերպելու գիտելիքները դիտորդների կողմից անբավարար են գնահատվել հանձնաժողովների 36.2%-ում: Չնայած այդ խնդիրն առավելապես բնորոշ էր Տաշիր և Ալավերդի համայնքներին, հարկ է նշել, որ այս ընտրություններից առաջ որևէ հանձնաժողով չէր անցել ոչ հատուկ, ոչ էլ ընդհանուր վերապատրաստում՝ բավարարվելով նախորդ տարվա ԱԺ ընտրություններին ընդառաջ իրականացված դասընթացներով:

Հարկ է նշել, որ նաև անբավարար են եղել հանձնաժողովի աշխատանքային պայմանները։ Քվեարկության սենյակի ջերմաստիճանն անբավարար կամ անընդունելի են գնահատվել տեղամասերի 7.2%-ում և հատկապես՝ Տաշիր և Սիսիան համայնքներում, 8.8%-ում անբավարար կամ անընդունելի փոքր է եղել աշխատանքային տարածքը՝ մասնավորապես Ծաղկահովիտ համայնքում: Տեղամասային կենտրոնների 21.7%-ում ընդհանրապես չի եղել կամ անբավարար, անընդունելի վիճակում է եղել սանհանգույցը. հիշեցնենք, որ ՏԿ են նշանակվում հիմնականում դպրոցները, մանկապարտեզները, մշակութային տները: Առավել վատ էր վիճակը Թալին համայնքում:

Չբացառելով հենց աշխատանքային պայմանների բացասական ազդեցությունը, որը նկատելիորեն փոխկապակցված է պարտականությունների բարեխիղճ կատարման հետ՝ հարկ է նշել, որ 7.6% ՏԸՀ-ների կողմից ընթացակարգերի վերաբերյալ գիտելիքները դիտորդների կողմից գնահատվել են ոչ բավարար․ մասնավորապես, այդպիսի հանձնաժողովներ հաճախ էին հանդիպում Սիսիան համայնքում: Ընթացակարգերի ու վերջին փոփոխությունների չիմացությունն ու վերապատրաստման դասընթացի բացակայությունը հավանաբար էական ազդեցություն են ունեցել հանձնաժողովների վարքի վրա՝ արտացոլվելով խախտումների վերացմանն ուղղված քայլեր ձեռնարկելու դժկամությամբ, որն արձանագրվել էր տեղամասերի 9.6%-ում: Խնդիրն ըստ էության բնորոշ է եղել բոլոր համայնքներին, սակայն կրել է սահմանափակ բնույթ:

Տեղամասերի 2․2%-ում դիտորդները նկատել են, որ ինքնուրույն քվեարկելու կարողություն չունեցող ընտրողներին օգնողների տվյալները պատշաճ չեն գրանցվել։ Վստահված անձանց ցուցակների վարումը ոչ պատշաճ է գնահատվել տեղամասերի 6․6%-ում։ Խնդրահարույց հանձնաժողովները հաճախ գրանցել են միևնույն ուժի մեկից ավելի վստահված անձ, երբեմն իրենց գործողությունն արդարացնելով նրանով, որ այդ անձինք հերթով են գտնվում քվեարկության սենյակում, մինչդեռ երկրորդ վստահված անձինք օրենքի նորմերի խախտմամբ հիմնականում շարունակում էին գտնվել տեղամասային կենտրոնում կամ հարակից տարածքում՝ 50 մետր շառավիղով հեռավորության վրա։

Հանձնաժողովները նաև պատճառաբանում էին, որ 1 վստահված անձի սահմանափակումը նոր կարգավորում է, մինչդեռ ՏԻՄ համամասնական ընտրությունների դեպքում միշտ գործել է յուրաքանչյուր ուժից միայն 1 վստահված անձի ներկայության սահմանափակումը։

Քվեարկության ընթացքում արձանագրած խախտումների վիճակագրություն, միջադեպեր և ամփոփումներ

Ընդհանուր առմամբ, դիտորդները քվեարկության ընթացքում այցելել են 314 տեղամասերից 273-ը և խախտում արձանագրել այդ տեղամասերից 84-ում, ինչը կազմում է 30.7%-ը: Գումարային արձանագրվել է 176 խախտում, որոնց բաշխվածությունը ըստ տեսակների և համայնքների կարող եք տեսնել ստորև: Հաճախ նույն խախտումները կրկնվում էին նույն տեղամասերում հանձնաժողովի և ոստիկանության ծառայողների անգործության պատճառով:

Արձանագրված խախտումների համամասնությունը դիտարկված տեղամասերում.

1-ական խախտման դեպքերից է Չարենցավան համայնքում գտնվող մեկ շտաբի և մոտակա բնակելի շենքի տակ գտնվող երկու շտաբների («Քաղաքացիական պայմանագիր» և «Միասնական համայնք») միջև ընտրողների շարժի ու հավանական ուղղորդման արձանագրումը, իսկ երկրորդը՝ վերստին Չարենցավան համայնքում, տեղամասային կենտրոնից քվեաթերթիկների դուրս բերման մի քանի փորձերը։

Արձանագրվել են քվեաթերթիկների խոտանման 2 դեպք և տեխնիկական սարքով անձնագիրը կրկնակի անցկացնելու 2 դեպք։ Մասնավորապես, Բյուրեղավանի Ջրաբեր համայնքում քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամը չիմացության պատճառով դրոշմանիշերը փակցրել է ծրարի և ոչ թե քվեաթերթիկի վրա։ Անձնագիրը կրկնակի անցկացնելու դեպքերը կապված են եղել օգնողների սխալ ուղղորդման հետ, երբ իրենց գրանցամատյանում գրանցելու փոխարեն փորձել են գրանցվել տեխնիկական սարքի միջոցով։

Քվեարկության արդյունքների ամփոփումը դիտարկվել է 58 տեղամասերում:

Բոլոր տեղամասերում ձայների հաշվարկին ներկա են եղել որևէ կուսակցության/դաշինքի վստահված անձինք, և միայն 2 դեպքում ներկայացված էին միայն մեկ ուժի ներկայացուցիչները: Այլ կազմակերպությունների դիտորդներ ներկա են եղել տեղամասերից 12-ում, ԶԼՄ ներկայացուցիչներ՝ 8 տեղամասերում:

Ձայների հաշվարկի ընթացքում որպես հիմնական խնդիր արձանագրվել է  ընտրական գործընթացների իրականացման օրենսդրական կարգավորումների ոչ պատշաճ իմացությունը հանձնաժողովների անդամների կողմից։

Մասնավորապես, հանձնաժողովների անդամները չգիտեին, որ քվեարկության արդյունքների ամփոփման նիստին ներկա լինելու իրավունք ունեցող անձինք կարող են ցանկացած պահի ժամանել և մասնակցել նիստին։ Մի շարք տեղամասերում փորձել են արգելել թե՛ դիտորդների, թե՛ թեկնածուների մուտքը քվեասենյակ։

Էական ոչ ընթացակարգային միջադեպ տեղի է ունեցել միայն Սիսիանի 34/6 տեղամասում, որտեղ ՔՊ վստահված անձը վնասել է «Աշխատանք և արդարություն» դաշինքին կողմ քվեարկված քվեաթերթիկները, ինչի մասին կազմվել է արձանագրություն:

Եթե դիտորդների դեպքում հարցը կարգավորվել է իրավաբանների ու վերադաս հանձնաժողովների միջամտությամբ, ապա թեկնածուների դեպքում նրանց կողմից սեփական իրավունքների վերաբերյալ անտեղյակության պատճառով վերջիններս  առանց վիճարկման հեռացել են տեղամասից՝ հանձնաժողովի պահանջով։ Ընդ որում, գրանցվել են նաև դեպքեր, երբ հանձնաժողովը թեկնածուների հեռացումը պատճառաբանել է միևնույն ուժի՝ մեկից ավելի թեկնածուի ներկա գտնվելու արգելքով։ Նման արգելքը, սակայն, կիրառվում է թեկնածուների վստահված անձանց նկատմամբ, իսկ թեկնածուների հանդեպ նման սահմանափակում չկա։

Վերջաբան

2022 թ․ սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ընտրությունները արտահայտում են տեղամասերում քվեարկությանը մասնակցած ընտրողների որոշումը: Սակայն այդ որոշումների վրա ազդող հանգամանքների, նաև ոչ իրավաչափ մեթոդների օգտագործման ազդեցության չափի գնահատումը, նաև իրարից էականորեն տարբերվող համայնքներում ընտրությունների գնահատումը պահանջում են երկարաժամկետ դիտորդության վերջնական ամփոփում, ինչպես նաև դիտորդների կողմից արձանագրված խախտումների հանգամանքների և նկարագրությունների ուսումնասիրություն:

Դաշինքը հանդես կգա համայնքներում ընտրությունների որակի գնահատման և արդյունքների վերլուծության առանձին հրապարակմամբ:

«Անկախ դիտորդ» առաքելություն, ի դեմս՝

  • Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
  • «Իրազեկ քաղաքացիների միավորում»
  • «Ուղղակի ժողովրդավարություն»
  • «Գյումրու առաջընթաց»
  • «Ռեստարտ Գյումրի» /Գյումրու «Ռեստարտ» նախաձեռնությունների կենտրոն ՔՀԶ ՀԿ
  • Կանանց իրավունքների տուն
  • Մարդու իրավունքների եզդիական կենտրոն

Դիտորդական առաքելությունն իրականացվում է Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի և Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի ֆինանսավորմամբ «Անկախ դիտորդ – տեղական ընտրություններ 2022» ծրագրի շրջանակներում:

Այս հրապարակման բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի ֆինանսավորող կազմակերպության տեսակետները։

Առնչվող