Ադրբեջանում բացակայում է կոնֆլիկտի, Հայաստանի ու հայերի մասին առողջ քննարկումը․ Դանիել Իոաննիսյանը՝ ԵԱՀԿ-ում

Վարշավայում շարունակվում է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափողականությունների կոնֆերանսը, որտեղ այսօր ելույթ է ունեցել «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում մեդիայի նկատմամբ պետական քաղաքականությանը։

Դանիել Իոաննիսյանի ելույթի տեսագրությունը և հայերեն տեքստը ներկայացնում ենք ստորև․

Այս դահլիճում երևի որևէ մեկի համար նորություն չէ, որ հակաժողովրդավարական քարոզչությունն ու մեդիամանիպուլյացիաները լուրջ մարտահրավեր են դառնում ԵԱՀԿ համարյա բոլոր անդամ պետություններում: Այս առումով նաև բացառություն չէ Հայաստանը, որտեղ որոշ տեղական ուժեր, ռուսական քարոզչամեքենայի հետ միասին, փորձում են ամեն կերպ արժեզրկել ժողովրդավարության գաղափարը:

Մեդիագրագիտության ցածր մակարդակի և անկախ մամուլի խիստ սակավության պայմաններում այդ ուժերը կարողանում են հասնել որոշակի արդյունքի, բայց որը, բարեբախտաբար, սահմանափակ է:

Անկախ լրատվամիջոցների սակավությունը նաև հանգեցնում է մեկ այլ խնդրի: Հանրության լայն շերտերն այլևս չեն արժևորում լրատվամիջոցները և երբեմն անգամ թշնամաբար են վերաբերվում բոլոր լրագրողներին: Այն թվում՝ անկախ և որակյալ լրատվություն արտադրող լրագրողներին:

Հարկ եմ համարում նաև հայտնել, որ մեր կողմից վերջին տարում արձանագրվել է 3 դեպք, երբ Ազգային անվտանգության ծառայության՝ պաշտոնյաների անվտանգության համար պատասխանատու ստորաբաժանման ծառայողները քաշքշել են լրագրողներին: Այդ դեպքերով «Իրազեկ քաղաքացիների միավորումը» վիդեոապացույցներով դիմումներ է ներկայացվել դատախազություն, բայց լրագրողների գործունեությունը խոչընդոտող որևէ սպա պատասխանատվության չի կանչվել:

Տիկնայք և պարոնայք,

Ես կուզեի խոսել հարևան Ադրբեջանում մեդիայի նկատմամբ պետական քաղաքականության մասին, որն իր բացասական ազդեցությունն է ունենում հակամարտության վրա:

Ադրբեջանը Եվրոպայի խորհրդում առաջատարն է անկախ մամուլի նկատմամբ ճնշումներով, և այդ երկրում, ցավոք սրտի, գործնականում չկա անկախ կամ, գոնե, ընդդիմադիր մամուլ: Ադրբեջանում բավականին ճնշված է բազմակարծությունը, և մեդիա դաշտում դոմինանտ է իշխանություններից կախված քարոզչությունը:

Իսկ պաշտոնական Բաքվի քարոզչությունը, ինչպես արձանագրվել է տարբեր հեղինակավոր կառույցների կողմից, արմենոֆոբ ու ուժի կիրառումը խրախուսող քարոզչություն է: Խոսքի ազատության ու բազմակարծության ճնշման ներքո Ադրբեջանում բացակայում է կոնֆլիկտի, Հայաստանի ու հայերի մասին առողջ քննարկումը:

Այսպես, օրինակ, սպտեմբերի 13-ին Հայաստանի վրա չպրովոկացված հարձակման հետևանքով զոհվեցին մոտ 200 հայաստանցի և մոտ 100 ադրբեջանցի զինծառայողներ: Եվ ադրբեջանական հասարակությունը չի կարողանում իր իշխանություններին հարցնել, թե հանուն ինչի՞ կատարվեց հարյուրավոր կյանքեր խլած այս քայլը:

Միաժամանակ, ուզում եմ նշել, որ Ադրբեջանը տարբեր ձևերով թիրախավորում է իրեն քննադատող օտարերկրյա լրագրողներին: Սկսած Թվիթերում կազմակերպված զանգվածային հարձակումներից և վերջացրած Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքում «ԳՐԱԴ» համազարկային կրակի համակարգի 40 հրթիռանի փաթեթով լրագրողների խմբի խոցումը մի վայրում, որտեղ մի քանի կիլոմետր շառավղով որևէ ռազմական օբյեկտ չկար»:

Առնչվող