«Վանաձոր Ինֆոտուն» ՀԿ կենտրոնի «Բարեվարքության» կրթական ճամբարի մասնակիցներն այցելել էին ԻՔՄ գրասենյակ

Հոկտեմբերի 18-ին «Վանաձոր Ինֆոտուն» ՀԿ կենտրոնի «Բարեվարքության» կրթական ճամբարի մասնակիցներն այցելեցին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի գրասենյակ, որտեղ հանդիպեցին ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին, գործադիր տնօրեն Աշխեն Մուշեղյանին և կազմակերպության այլ ներկայացուցիչներին։

Դանիել Իոաննիսյանը երիտասարդներին ներկայացրեց ԻՔՄ գործունեության հիմնական ուղղությունները, ապա առավել մանրամասն քննարկում ծավալվեց Հայաստանում առկա կոռուպցիոն սխեմաների, դրանց բացահայտման և կանխման ուղղությամբ տարվող քայլերի ու բարեփոխումների օրակարգերի վերաբերյալ։

Ապա ԻՔՄ թիմի ուղեկցությամբ մասնակից երիտասարդները շրջեցին գրասենյակում, ծանոթացան «Փաստերի ստուգման հարթակի» (FIP) գործունեությանն ու մոտեցումներին։

Կրթական ճամբարի նպատակն է՝ նպաստել երիտասարդների շրջանում բարեվարքության գաղափարի ամրապնդմանը և ձևավորել նրանց շրջանում կոռուպցիայի հանդեպ անհանդուրժող մոտեցում։ Կրթական ճամբարին կարող են մասնակցել այն կամավորները, ովքեր նախկինում ունեցել են ակտիվ ներգրավվածություն ՀԿ Կենտրոնի գործունեության ընթացքում։

Սույն այցը կազմակերպվում է «Վանաձոր ԻնֆոՏուն․ վերաիմաստավորելով» ծրագրի շրջանակներում։

Ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։

«Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ։

Առնչվող