Էլեկտրոնային ընտրական համակարգերը չեն նվազեցնում մարդկային գործոնը

Ինչպես հայտնի է, առաջիկայում ընդունվելիք նոր Ընտրական օրենսգրքի նախագծով կառավարությունը առաջարկում է ներմուծել ընտրական տեղամասում ընտրողների գրանցման էլեկտրոնային համակարգ:

Նախագիծը ենթադրում է, որ ընտրական տեղամաս եկած ընտրողը նախ անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր կամ նույնականացման քարտ) մոտենում է էլեկտրոնային համակարգի մասնագետին, ով համակարգի միջոցով գրանցվում է ընտրողին: Համակարգը, իր հերթին, համոզվում է, որ տվյալ ընտրողը ներառված է այդ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում և առաջին անգամ է քվեարկում (չկա կրկնաքվեարկության փորձ), որից հետո տպում և ընտրողին է տալիս քվեարկության կտրոնը:

Ու թեև առաջին հայացքից և իշխանությունների հայտարարություններից այս համակարգը նվազեցնում է մարդկային գործոնը, սակայն իրականում դա այդպես չէ:

Բանն այն է, որ ըստ Ընտրական օրենսգրքի նախագծի 66-րդ հոդվածի 2-րդ մասի․ «…ներկայացված փաստաթուղթը սարքավորման կողմից չի ընթերցվում, ապա մասնագետը ստեղնաշարով ներմուծում է այդ փաստաթղթում ամրագրված անձնագրի կամ նույնականցման քարտի համարը ընտրողների ինքնությունը ստուգող տեխնիկական սարքավորման մեջ»:

Այսինքն, եթե էլեկտրոնային համակարգի մասնագետը ունենա որևէ բացակա ընտրողի անձնագրային տվյալները, ապա կարող է հանգիստ գրանցել այդ ընտրողին ու առանց անձը հաստատող փաստաթղթի քվեարկել վերջինիս փոխարեն: … Այդպես կարելի է կատարել կրկնաքվեարկություն ընտրական տեղամաս չեկած բոլոր քաղաքացիների փոխարեն, եթե տեղամասը գոնե ինչ-որ կարճ ժամանակահատվածով դուրս մնա քաղաքացիական հասարակության կամ ընդդիմության վերահսկողության տիրույթից:

Իսկ եթե հաշվի առնենք, որ Ընտրական օրենսգրքի նախագծով դիտորդներին, լրագրողներին ու վստահված անձանց ընտրական տեղամասից դուրս հանելու նոր մեխանզմներ են ներդրվում, ապա ընտրական հանձնաժողովի անդամների հանցավոր համաձայնության դեպքում լայնածավալ կրկնաքվեարկությունները առանձնապես մեծ դժվարության հարց չի լինի:

Այստեղ հարկ է նաև ընդգծել, որ էլեկտրոնային համակարգը վերցնելու է նաև ընտրողի մատնահետքը, որպեսզի հետագայում ստուգմամբ պարզվի, թե արդյո՞ք նույն մատնահետքը այլ ընտրական տեղմասերում չի երևացել: Հետևապես մատնահետքերի համակարգը որևէ կերպ չի կանխի կեղծիքները, քանի որ հանցագործները կարող են ամեն անգամ կրկնաքվեարկել այլ մատով (մարդ ունի 10 ձեռքի մատ), կամ մատնահետքը դարձնել անընթեռնելի:

Այլ կերպ ասած, ընտրողների գրանցման էլեկտրոնային համակարգը որևէ կերպ չի բացառում մարդկային գործոնը, և ընտրական հանձնաժողովում համապատասխան հանցավոր համաձայնության պարագայում չի կանխում այլ անձի փոխարեն քվեարկությունները: Ավելին, եթե հաշվի առնենք, որ նախկինում Կենտրոնական ընտրական հանձնաժողովում էլեկտրոնային այլ համակարգերի կիրառումը որպես կանոն հանգեցրել է իշխող կուսակցության օգտին անհասկանալի արդյունքների (տես «ԿԸՀ-ում «նկարվել» են էլեկտրոնային վիճակահանության արդյունքները»), կարելի է արձանագրել, որ այդ համակարգերի ներդրումը որևէ կերպ չի ավելացնի ընտրությունների նկատմամբ հանրային վստահությունը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող