Հայտարարություն ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ

Ս.թ. մայիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովն երրորդ ընթերցմամբ ընդունեց ընտրական օրենսգրքի նախագիծը: Ցավոք, ընդունված իրավական ակտում հաշվի չառնվեցին ինչպես քաղաքական ուժերի ու քաղաքացիական հասարակության կողմից ներկայացված առաջարկությունները, այնպես էլ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 2012թ. խորհրդարանական ու 2013թ. նախագահական ընտրություններից ու 2015թ. սահմանադրական հանրաքվեից հետո տրված հանձնարարականները և Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ամփոփ կարծիքում ներառված առաջարկությունների զգալի մասը:

Ընտրական օրենսդրության բարելավման վերաբերյալ բազմաթիվ կարծիքների անտեսման ֆոնին առանձնապես մտահոգիչ է ընտրությունների օրինավորության նկատմամբ հանրային հսկողության  հիմնական սուբյեկտների՝ դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների իրավունքների էական սահմանափակումը և արհեստական արգելապատնեշների ներմուծումը: Վերջին տարիներին Հայաստանում գրանցվել է ընտրական գործընթացների հանրային վերահսկողության արդյունավետության կտրուկ աճ, ինչը հատկապես դրսևորվեց 2015թ. դեկտեմբերին կայացած սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ, երբ դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների կողմից կանխարգելվեցին ու բացահայտվեցին հազարից ավել ընտրախախտումներ ու կեղծիքներ, որոնցից մոտ 70-ով առ այսօր իրականացվում է քննություն: Ընդունված նախագծով, տպավորությունն այնպիսին է, որ ընտրական օրենսգրքի հեղինակները ներդրել են բոլոր ջանքերը՝ նվազագույնի հասցնելու ընտրական գործընթացի արդյունավետ դիտարկման ու ընտրակեղծարարության բացահայտման հնարավորությունները: Մասնավորապես,

1. Նախագծով վերացվել է ընտրական մի շարք փաստաթղթերի (քվեաթերթիկներ, ելունդներ, ծրարներ) հատուկ հաշվառման պահանջը, որոնց անճշտությունների դիտարկման միջոցով հնարավոր էր բացահայտել լցոնումների և «կարուսել» քվեարկությունների դեպքերը:  Ի լրումն դրա, վերացվել է ընտրողների ցուցակներում քվեարկողների կողմից ստորագրելու պարտականությունը, որը հնարավորություն էր տալիս հայտնաբերել կեղծ ստորագրությունները, ստորագրությունների բացակայությունը և բազմակի քվեարկությունը: Դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների համար շարունակում է անհնարին մնալ քվեարկության ընթացքում, արդյունքների ամփոփման և/կամ վերահաշվարկի ժամանակ ընտրողների ցուցակների դիտարկման և ինքնուրույն դուրսգրումներ կատարելը (հոդված 32, մաս 1, կետ 3): Ի հեճուկս Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունների, օրենսգրքում այդպես էլ տեղ չգտան վերահսկողության նպատակով ընտրողների ստորագրած ցուցակների հասանելիության իրական մեխանիզմներ, փոխարենը` վերացվեցին գոյություն ունեցողները:

2. Տեղական դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվելու դեպքում ՀԿ-ի կանոնադրական նպատակները նվազագույնը մեկ տարի պետք է ներառեն ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր (հոդված 30, մաս 1, կետ 2), իսկ լրատվական գործունեություն իրականացնողը կարող է հավատարմագրել իր ներկայացուցիչներին, եթե առնվազն մեկ տարի իր անունից տարածում է լրատվության միջոց (հոդված 31 մաս 8): Ընդ որում, վերջին պահանջը չի վերաբերում վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող լրատվամիջոցներին:

Գործունեության տարիների փորձով պայմանավորված շեմային սահմանափակումները որևէ իրավաչափ նպատակ չեն հետապնդում, անհրաժեշտ չեն ժողովրդավարական հասարակությունում և խախտում են հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների արտահայտվելու  ազատությունը, տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը: Իսկ ԶԼՄ-ների առանձին խմբերի նկատմամբ կիրառվող տարբերակված մոտեցումը ակնհայտ խտրականություն է՝  հօգուտ վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ԶԼՄ-ների:

3. Տեղական ՀԿ-ները շարունակելու են դիտորդական առաքելություն իրականացնելու համար վկայական ստանալ ստուգարքի հիման վրա (հոդված 32, մաս 1, կետ 1), մինչդեռ միջազգային կազմակերպությունները բազմիցս անդրադարձել են այս հարցին՝ առաջարկելով վերացնել պարտադիր թեսթավորումը:

Դիտորդական առաքելության մտադրություն ունեցող ՀԿ-ների համար սա լուրջ խոչընդոտ է, քանի որ հավատարմագրման գործընթացը ենթադրում է լրացուցիչ վարչարարական, կազմակերպչական և ֆինանսական բեռ: Մյուս կողմից, դիտորդական առաքելության որակը կազմակերպության խնդիրն է և այն չպետք է պետության և ընտրական օրենսդրության կարգավորման առարկա դառնա:

4. ՀՀ ընտրական օրենսդրության զարգացման պատմության մեջ առաջին անգամ ԶԼՄ-ների կողմից ընտրությունները լուսաբանելու համար նախագծով սահմանվել է ԶԼՄ-ի հավատարմագրման ինստիտուտը (հոդված 31, մաս 8): Ընդ որում, բացի  գործունեության վերոնշված մեկ տարվա շեմից, նախատեսվել է մեկ այլ սահմանափակում, այն է՝  յուրաքանչյուր լրատվական գործունեություն իրականացնող կարող է  կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրել իր անունից տարածվող միայն մեկ զանգվածային լրատվության միջոցի ոչ ավելի, քան 50 ներկայացուցիչների:

Այն դեպքում, երբ հանրապետությունում առկա է մոտ երկու հազար տեղամաս, ԶԼՄ ներկայացուցիչների քանակի այսպիսի սահմանափակումը, փաստորեն, նշանակում է արհեստականորեն խոչընդոտել նույն ԶԼՄ-ի կողմից բոլոր տեղամասերը լուսաբանելու հնարավորությունը:

5. Նախագծով ընտրական հանձնաժողովին հնարավորություն է տրվում սահմանափակել տեղական դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների՝ տեղամասում միաժամանակ գտնվելու թիվը, որը սակայն չի կարող պակաս լինել 15-ից: Ընդ որում այս սահմանափակումը չի տարածվում վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստառադիոընկերությունների ներկայացուցիչների վրա (հոդված 65, մաս 8), ինչը ևս խտրականության կոպիտ դրսևորում է՝ ընտրական գործընթացը դիտարկող  ԶԼՄ-ների նկատմամբ:

Առավել լուրջ մտահոգության տեղիք է տալիս այդ սահմանափակման իրացման մեխանիզմը, որի համաձայն դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների քանակը սահմանափակվում է ընտրական հանձնաժողովը ձայների 2/3-ով կայացված որոշմամբ, իսկ այդպիսի որոշման անհնարինության դեպքում ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով այն իրականացվում է ոստիկանության օժանդակությամբ: Հարկ է նկատել, որ ընտրական հանձնաժողովի ձայների 2/3-ով որոշում կայացնելու իրավասությունն ակնհայտորեն ձևական է, քանի որ, ի վերջո, դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների քանակը սահմանափակելու իրավասությունը կարող է գործադրել հանձնաժողովի նախագահը՝ ոստիկանության միջոցով: Ընդ որում, սահմանված չեն այն սկզբունքներն ու չափորոշիչները, որով պետք է առաջնորդվեն հանձնաժողովները դիտորդներին և ԶԼՄ ներկայացուցիչներին ընտրատեղամասում թողնելու կամ տեղամասից դուրս հանելու հարցում, ինչը նշանակում է, որ այս սահմանափակումները կկիրառվեն  կամայականորեն:

Մյուս կողմից նման կարգավորումը նաև անտրամաբանական է այն առումով, որ կազմակերպությունները դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով անցնում են որոշակի գործընթաց և հավատարմագրվում պետական մարմնի կողմից, սակայն, փաստորեն, հավատարմագրումը դեռ բավարար երաշխիք չէ, որ դիտորդի կարգավիճակ ունեցող հասարակական կազմակերպության ներկայացուցիչ դիտորդը կարող է քվեարկության օրը մուտք գործել ընտրատեղամաս և իրականացնել իր առաքելությունը:

6. ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծը դիտորդին այլևս իրավունք չի տալիս ընտրախախտումը վերացնելու պահանջ կամ առաջարկություն ներկայացնել հանձնաժողովի նախագահին, նրա ուշադրությունը հրավիրել խախտումների վրա, ինչպես նաև հարցեր տալ:

Սա էական հետընթաց է ոչ միայն գործող օրենսդրությունից, այլև նախագծի նախնական տարբերակներից, ինչը նշանակում է դիտորդի դերի ու նշանակության չեզոքացում ընդհանրապես:

7. Նախագծով խիստ թուլացել են դիտորդի՝ ընտրատեղամասում գտնվելու դեպքում իրավական պաշտպանվածության երաշխիքները: Եթե գործող իրավակարգավորմամբ դիտորդին տեղամասից կարելի է դուրս հանել միայն  ձերբակալման կամ կալանավորման դեպքում, ապա, ըստ նախագծի, ընտրական հանձնաժողովի նախագահը կարող է դիտորդին հեռացնել հանձնաժողովի նիստից կամ քվեարկության սենյակից այն դեպքում, եթե ընտրական հանձնաժողովը ներկա անդամների ձայների 2/3-ով  գտնի, որ դիտորդն աջակցում է որևէ թեկնածուի կամ ընտրություններին մասնակցող կուսակցության կամ խախտում է ընտրական օրենսգրքի պահանջները (հոդված 31, մաս 5):

Սա ընտրական հանձնաժողովներին տրված անվերահսկելի լայն լիազորություն է, որը հաշվի առնելով հայաստանյան պրակտիկան կարող է չարաշահվել, և հանձնաժողովների կամայական որոշումներով տեղամասերից դուրս հանելով անցանկալի դիտորդներին՝ քվեարկության ընթացքը հնարավորինս հեռու պահել հանրային վերահսկողությունից: Հարկ է նկատել նաև, որ նախագծի ընդունված տարբերակով հանձնաժողովի այդ լիազորությունը տարածվում է նաև ԶԼՄ ներկայացուցիչների վրա: Այսինքն, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչը կարող է հեռացվել հանձնաժողովի նիստից կամ քվեարկության օրը տեղամասային կենտրոնից, եթե ընտրական հանձնաժողովը ներկա անդամների ձայների 2/3-ով  գտնի, որ վերջինս խախտել է ընտրական օրենսգրքի պահանջները:

Սույն հայտարարությամբ մենք՝ ներքոստորագրյալներս մեր խորը մտահոգությունն ենք հայտնում ԱԺ-ի կողմից ընդունված ընտրական օրենսգրքի նախագծի բովանդակության և մասնավորապես՝ հանրային վերահսկողությանն առնչվող իրավակարգավորումների վերաբերյալ:

Արձանագրում ենք, որ ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծն էապես սահմանափակում է դիտորդների ու ԶԼՄ ներկայացուցիչների՝ ՀՀ Սահմանադրության 29 և 42-րդ հոդվածներով, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով սահմանված իրավունքները, հակասում է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՄԻՀԳ կողմից տրված առաջարկություններին և զգալի հետընթաց է գործող օրենսդրությունից:

Գտնում ենք, որ շարունակելով քաղաքացիներին զրկել հանրային վերահսկողության հնարավորությունից, իշխանություններն ընդամենը խորացնում են նախատեսվող ընտրությունների օրինավորության նկատմամբ կասկածները և անվստահությունը: Հանրության օտարումն ընտրությունների վերահսկման գործընթացից ի սկզբանե կասկածի տակ է դնում ցանկացած ընտրության արդյունքների արժանահավատությունը և վերջնականապես խզվում է երկխոսությունը ժողովրդի և պետության միջև:

Ընտրական համակարգի նկատմամբ հանրության ակնկալիքները վերջնականապես ի չիք չդարձնելու նպատակով՝ պահանջում ենք անհապաղ փոփոխություններ կատարել ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծում՝ հաշվի առնելով համապատասխան միջազգային կառույցների և Հայաստանի քաղաքացիական հասարակության պահանջները՝ երաշխավորելով պատշաճ հանրային վերահսկողության ապահովում:

Շեշտում ենք, որ ընտրական գործընթացների նկատմամբ հանրային  լայն վստահությունը շահելու նպատակով անփոխարինելի է ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակումը և Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին ընտրությունների վերահսկողության գործընթացում ներգրավվելու հնարավորության ընձեռումը:

P.S. Հարկ ենք համարում հայտարարել, որ քաղաքացիական հասարակության սույն խմբի ներկայացուցիչներս որևէ քաղաքական ուժի և իշխանության մարմնի կամ դրանց ներկայացուցիչներին չենք լիազորել մեր անունից մասնակցել քննարկումների կամ բանակցությունների, համաձայնությունների հասնել կամ անել հայտարարություններ։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ

«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ

«Երևանի մամուլի ակումբ» ՀԿ

«Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ

«Ընդդեմ իրակավական կամայականությունների» ՀԿ

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

«Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ

«Իրավունքի գերակայություն» ՀԿ

Առնչվող