Իոաննիսյան. 16 միլիոն դոլարը կգտնվի, եթե ցանկություն լինի (Azatutyun.am)

Հայաստանում ընտրություններ դիտարկելու բազմամյա փորձ ունեցող կազմակերպությունները վստահ են՝ ցանկության դեպքում իշխանությունները կարող են գտնել պահանջված 16 միլիոն դոլարը, իրենց ձևակերպմամբ, քիչ թե շատ թափանցիկ ընտրություններ կազմակերպելու համար։

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը պատրաստ է մատնացույց անել, թե պետական բյուջեի որ հատվածներից կարելի է կրճատումներ անել։ «Բացարձակ անընդունելի է մարդու իրավունքը և ընտրական իրավունքի արդար կիրառումը կանխման մեջ դնել օտարերկրյա փողերից։ 15 կամ 16 միլիոն եվրոն այն թիվը չէ, որ իշխանությունն ուզենա իր գրպանները քրքրել, ու չգտնել։ Հեշտությամբ բյուջեի միջից ինքը կարող է վերցնել, օգտագործել՝ մի քիչ իր շռայլությունները նվազեցնելով», – «Ազատության» հետ զրույցում ասաց Բարսեղյանը։

4+4+4 ձևաչափով բանակցություններին մասնակցած «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը համակարծիք է՝ 16 միլիոն դոլարը հանուն ավելի թափանցիկ ընտրությունների կգտնվի, եթե ցանկություն լինի։ «Իշխանությունը փող ունի Դիլիջանում ֆինանսական ոլորտի վրա թանկ-թանկ հյուրանոցներ կառուցելու համար, իշխանությունը փող ունի շքեղ մեքենաների համար», – ասաց Իոաննիսյանը։

Երկարատև բանակցությունների արդյունքում փոփոխված Ընտրական օրենսգրքի ընդունումից ժամեր առաջ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կրկին պնդում են՝ նոր Ընտրական օրենսգիրքը ոչ թե առաջընթաց, այլ հետընթաց է արձանագրում։

Ըստ ընդունված փոփոխությունների, ընտրությունները ընտրատեղամասերում կտեսանկարահանվեն, կներդրվի մատնահետքերի էլեկտրոնային գրանցման համակարգ, ընտրելու համար կկիրառվեն միայն նույնականցման քարտեր, իսկ ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակները պահանջի դեպքում կտրվեն վստահված անձանց։

«Մտահոգությունները մեծ չափով պայմանավորված են նրանով, որ հանրային վերահսկողության լծակները շատ ավելի թուլացել են, և երաշխիքները դիտորդների իրավունքների իրացման համար շատ փոքրացել են, և մենք չենք տեսնում հնարավորություն այդ պայմաններում լավ ընտրություններ իրականացնելու համար», – «Ազատության» հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի փոխտնօրեն Սոնա Այվազյանը։

Այվազյանի խոսքով՝ դիտորդների ու ԶԼՄ-ների իրավունքների սահմանափակումից բացի լուրջ խնդիր է, այսպես կոչված, տարածքային ցուցակների հարցը, որի փոփոխման մասին իշխանությունները բանակցությունների ընթացքում լսել անգամ չէին ցանկանում։ «Համառությունը, որով որ պաշտպանվում էր այդ դրույթը, ըստ էության, ապացուցում էր, որ դա շատ կարևոր գործիք է լինելու ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն գործելու համար», – ասաց Այվազյանը։

Իոաննիսյանի խոսքով՝ քաղհասարակության ներկայացուցիչների շրջանում մտավախություն կա, որ տարածքային ցուցակների պատճառով ընտրողները լուրջ չեն վերաբերվի Հայաստանում հինգ տարին մեկ անցկացվող միակ համապետական ընտրությանը։

Անկախ այն բանից՝ 16 միլիոնը կհայթայթվի, թե ոչ, երեկ Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն ասաց, որ հասարակական կազմակերպությունների պահանջով կվերացվեն դիտորդների համար պարտադիր քննությունները։

Իոաննիսյանը պնդում է՝ գուցե այս և մի քանի այլ դրական փոփոխությունները հնարավորություն կտան ավելի լավ վերահսկել ընտրությունը, սակայն, ըստ նրա, միևնույն է՝ սահմանադրական փոփոխություններից հետո ներդրված նոր ընտրական համակարգը համարյա անհնար կդարձնի իշխանափոխությունը Հայաստանում։

«Եթե նախկինում մենք ունեինք նորմալ ընտրական համակարգ, կար համամասնական ընտրակարգ, կար մեծամասնական ընտրակարգ, կար նախագահի ընտրություններ, հիմա էդ ամեն ինչը ոչ միայն դուրս է գալիս, այլև մտնում է ռեյտինգային համակարգ», – ասաց Իոաննիսյանը։

Առնչվող