ՊՊԾ գնդի գրավման միջազգային արձագանքը

«Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավումը, դրան հաջորդած հայաստանյան քաղհասարակության դեմ ոստիկանական զանգվածային բռնությունների և դրանց արդյունքում բողոքի ակցիաների էլ ավելի լայնածավալ դառնալու ֆոնին հարկ ենք համարում անդրադառնալ Հայաստանում ազդեցիկ դերակատարություն ստանձնած երեք հիմնական քաղաքական ուժերի արձագանքին՝ ԵՄ, ԱՄՆ և Ռուսաստանի Դաշնության արձագանքին:

Դիրքորոշումները

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մարք Թոները հուլիսի 19-ին՝ երեքշաբթի օրը Վաշինգտոնում անցկացվող մամուլի բրիֆինգի ժամանակ հայտարարել էր,- «Մենք խստորեն դատապարտում ենք քաղաքական նպատակներով բռնությունների օգտագործումը Հայաստանում կամ ցանկացած այլ վայրում»: Այնուհետև նա կոչ էր արել հայկական իշխանություններին իրավիճակին մոտենալ հարկ եղած զսպվածությամբ: Բացի այդ՝ Թոները ցավակցություն էր հայտնել զոհված ոստիկանի ընտանիքին:

Մի քանի ժամ անց ԱՄՆ դեսպանը ՀՀ-ում գրեթե նույնությամբ կրկնել էր Թոների խոսքերը, սակայն հավելել. «Այժմ պետք է, որ բոլոր հայաստանցիները հարգեն օրենքը, որպեսզի իրավիճակը կարգավորվի խաղաղ ճանապարհով, ինչը, կարծում եմ, բոլոր հայաստանցիների ցանկությունն է»: Դեսպան Միլզը նաև հայտնել էր, որ միջադեպից հետո ՀՀ կառավարության և ԱՄՆ-ի միջև քննարկում չի եղել:

ԵՄ պատվիրակությունը Հայաստանում իր հերթին դատապարտել էր ուժի կիրառումը, ցավակցել զոհված գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքին, արագ ապաքինում մաղթել Էրեբունու բաժանմունքում տեղի ունեցած դեպքերից տուժողներին, և ապա մտահոգություն հայտնել անհամաչափ ուժի կիրառման և ոստիկանության կողմից իրականացված զանգվածային ձերբակալությունների մասին զեկույցների վերաբերյալ: ԵՄ պատվիրակությունը ցուցարարներին հորդորել է «ձեռնպահ մնալ բռնի գործողություններից՝ իրենց քաղաքացիական իրավունքների իրացման ընթացքում», և դատապարտել ոստիկանության կողմից իրավախախտումները, ինչպես, օրինակ, նրանց կողմից ոչ պատշաճ վերաբերմունքը բերման ենթարկվածների հանդեպ, և վերջիններիս բուժօգնություն և իրավապաշտպան տրամադրել մերժելը:

ՌԴ-ի հայտարարությունը, ի տարբերություն ԱՄՆ և ԵՄ հայտարարությունների շատ ավելի միակողմանի է: Եթե ԱՄՆ և ԵՄ պաշտոնական ներկայացուցիչները դատապարտել էին երկկողմանի բռնությունն ու կոչ արել օրենքի պահպանմանը, ապա ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հուլիսի 21-ին իր երկրի անունից արել էր հստակ միակողմանի հայտարարություն՝ խստիվ դատապարտելով ՊՊԾ գնդի գրավումը, այն անվանելով «կրիմինալ դրսևորում», ապա՝ սատարել ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող գործողություններին: Զախարովան նաև հայտարարել էր, որ ՌԴ-ն հույս ունի, որ ՀՀ իշխանությունները կարճ ժամանակում կկարողանան «ապաշրջափակել իրավիճակը, ազատ արձակել պատանդներին, անցկացնել միջադեպի սպառիչ հետաքննություն եւ պատժել պատասխանատու անձանց»:

Իհարկե, միամտություն կլիներ հուսալ, որ իր իսկ երկրում մարդու իրավունքների խախտման գործընթացում աննախադեպ «ձեռքբերումներ» գրանցած ՌԴ կառավարությունը կդատապարտեր նաև անհիմն և օրենքի խախտմամբ բերման ենթարկված, դաժան ծեծի ու ստորացումների ենթարկված ու միջադեպի կազմակերպման հետ առանձնահատուկ կապ չունեցող հարյուրավոր մարդկանց հանդեպ բռնությունները Հայաստանում:

Սակայն ՌԴ կառավարությունը էլ ավելի հեռու գնաց և Հայաստանի ներքին պայթյունավտանգ իրավիճակն օգտագործեց Եվրամիության հետ «լեզվակռիվ» տալու համար:

Հուլիսի 22-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ՌԴ ԱԳՆ-ն համարում է, որ ԵՄ հայտարարությունում տարօրինակ կերպով «տեղ չի գտնվել հանցավոր գործողությունների` ոստիկանության ստորաբաժանման շենքի վրա զինված հարձակման, ոստիկանի սպանության, պատանդառության առնչությամբ ուղիղ և հստակ քննադատության համար»: Մինչդեռ նախապես հրապարակված ԵՄ պատվիրակության հայտարարության մեջ հստակ տեքստով նշված են բոլոր այդ կետերը:

Ռուսաստանի խնդիրը

Այսպիսով՝ կամ ՌԴ ԱԳՆ-ն չունի անգլերենից և հայերենից ռուսերեն որակյալ թարգմանություններ անող կադրեր, որոնք կթարգմանեին ԵՄ հայաստանյան ներկայացուցչության հայտարարությունն առանց աղավաղումների կամ էլ պարզապես մանիպուլիացիաներ է անում՝ հօգուտ սեփական շահերի:

ՌԴ ԱԳՆ հայտարարության վերջում նշվում է, որ «դժվար է ձերբազատվել այն զգացողությունից, որ ՀՀ-ում ԵՄ պատվիրակները բացահայտ խրախուսում են այդ ուժերին, որոնք ձգտում են ցնցել ներքաղաքական իրավիճակը»:

Եթե հաշվի առնենք, որ զգացողությունները խոշոր պետության ԱԳՆ-ի համար պաշտոնական դիվանագիտական տեսակետ հայտնելու հիմք երբեք չպետք է հանդիսանան, ապա առնվազն կարելի է անլուրջ համարել ՀՀ-ում նմանօրինակ աննախադեպ և վտանգավոր իրավիճակի վերաբերյալ ՌԴ դիրքորոշման հիմքում զգացողություններ դնելը:

Ավելին, հարկ է արձանագրել, որ Ռուսաստանը հերթական անգամ Հայաստանում զուտ ներքաղաքական գործընթացում փորձում է տեսնել «արևմուտքի հետքը»: Սա, թերևս կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ բողոքի ալիքը բարձրացել է Ռուսաստանի ճնշումների ներքո Արցախյան հարցում հայկական կողմի զիջումների հեռանկարով, իսկ այս բողոքները, անկախ հանգուցալուծումից, կօգտագործվեն ճնշումներին հակազդելու համար:

Աննա Փամբուխչյան,

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող