Հայաստանում ազատվում են արեւմտամետ քաղաքական գործիչներից

Երեւանում հուլիսի 17-ից զարգացող իրադարձությունների արդյունքում անազատության մեջ են հայտնվել Հայաստանի այն քաղաքական ու հանրային գործիչները, որոնք իրենց դիրքորոշմամբ եւ քաղաքական հայացքներով պատկանում էին քաղաքական դաշտի այսպես կոչված արեւմտամետ թեեւին: Գրավված ՊՊԾ գնդի շուրջ ծավալվող զարգացումների արդյունքում Հայաստանի քաղաքական այն ուժերը, որոնք հիմնականում հանդես են գալիս ՀՀ-ում Ռուսաստանի ազդեցության սահմանափակման օգտին, հայտնվել էին բողոքի զանգվածային ալիքի առաջնագծում եւ փաստացի, իրենց վրա են ընդունել ՀՀ իշխանությունների ոչ ադեկվատ գործողությունների հետեւանքները:

Ինչպես հայտնի է, հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը գրավել էր ՀՀ ոստիկանության Խորենացի փողոցում գտնվող ՊՊԾ գունդը եւ պատանդ վերցրել այնտեղ գտնվող բարձրաստիճան ոստիկաններին, պահանջելով Սերժ Սարգսյանի հրաժարականը: Նրանք նաեւ պահանջում էին ազատ արձակել ձերբակալված քաղաքական գործիչ Ժիրայր Սեֆիլյանին և հստակ դիրքորոշում էին հայտնում Ղարաբաղյան հարցում: ՊՊԾ գնդի գրավմանը զուգահեռ, Երեւանում սկսվեցին հանրահավաքներ, որոնց մասնակիցներն իրենց աջակցությունն էին հայտնում զինված խմբի անդամներին:

ՊՊԾ գնդի գրավումից հետո Երեւանում թափ առած բողոքի ալիքը իր գագաթնակետին հասավ հուլիսի 25-ին եւ հաջորդ օրերին: Այս օրերին Երեւանի փողոցներում ի աջակցություն «Սասնա ծռերի» անցկացվող երթերի եւ հավաքների առաջնագծում հանդես էին գալիս այնպիսի քաղաքական եւ հասարակական գործիչներ, որոնք մշտապես ներկայացրել են քաղաքական դաշտի «արեւմտյան թեեւը»: Մասնավորապես, ցույցերի համակարգումը ստանձնում են հիմնականում ընդգծված արեւմտյան դիրքորոշում ունեցող «Ժառանգություն» կուսակցությունը, ինչպես նաեւ «Քաղաքացիական պայմանագիրը», որը հստաակորեն հանդես է գալիս ՀՀ-ում ՌԴ-ի ազդեցությունը նվազեցնելու օգտին:

Հավաքելով թափ եւ գնալով ծավալվելով, բողոքի ցույցերը լուրջ վտանգ էին հանդիսանում ՀՀ իշխանությունների համար, եւ վերջիններիս արձագանքը երկար սպասել չտվեց: Հուլիսի 29-ին տեղի ունեցած խաղաղ ցույցի ժամանակ ոստիկանությունը դիմեց չափազանց մեծ ուժային գործողությունների, որոնց հետեւանքով մարմնական վնասվածքներ ստացան տասնյակ խաղաղ ցուցարարներ եւ լրագրողներ: Հայաստանում, ի տարբերություն ԱՊՀ գոտու այլ երկրների, մամուլն աչքի է ընկնում անկախությամբ եւ ռուսական քարոզչությանը չտրվելու ունակությամբ: Լրագրողների, մասնավորապես, «Ազատություն» ռադիակոյանի թղթակիցների, «Ա1+»-ի եւ մի շարք այլ լրատվականների լրագրողների նկատմամբ կիրառած բռնությամբ ՀՀ իշխանությունները ասես մարտահրավեր նետեին Արեւմուտքին եւ Հայաստանի կողմից որդեգրված արեւմտյան արժեքներին:

Հուլիսի 29-ի գիշերը բերման ենթարկվեցին տասնյակ ցուցարարներ, ակտիվիստներ և  ընդդիմության ներկայացուցիչներ՝ ենթարկվելով ծեծի:

Մասնավորապես, այս պահին ոչ միայն բերման են ենթարկվել, այլև կալանավորվել են հետևյալ հայտնի քաղաքական գործիչները՝

  • Արմեն Մարտիրոսյանը (ընդգծված պրոեվրոպական «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ),
  • Անդրիաս Ղուկասյանը (Ժիրայր Սեֆիլյանի նախաձեռնած «Նոր Հայաստանի» ղեկավարներից, հայտնի է հակառուսական դիրքորոշմամբ),
  • Դավիթ Սանասարյանը («Ժառանգության» անդամ, հայտնի է Երեւանում կազմակերպած բազմաթիվ ակցիաներով՝ այդ թվում կապված Լավրովի այցի հետ, իսկ ՌԴ դեսպանատան մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ հենց Սանասարյանն էր ձու նետել դիվանագիտական ներկայացուցչության շենքի ուղղությամբ),
  • Հովսեփ Խուրշուդյանը («Ժառանգություն» անդամ, ԵՄ Արևելյան Գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար մարմնի անդամ)

Այդպիսով, ՀՀ իշխանությունները փաստացի հեռացրեցին քաղաքական իրադարձություններից այն գործիչներին, որոնք ստանձնել էին բողոքի ալիքը ղեկավարելու պատասխանատվությունը եւ նաեւ հայտնի են իրենց արեւմտամետ դիրքորոշմամբ:

Հատկանշական է, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը, զենքերը վայր դնելուց եւ ՊՊԾ գնդից դուրս գալուց լրագրողներին ասաց, որ իրենց պայքարն ուղղված է եղել ընդդեմ ռուսական գաղութարարությանը: «Այսօր բոլոր պրոցեսները ուղղակիորեն կառավարվում են դրսից: Ես Ռուսաստանի մասին եմ խոսում: Հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարը ճնշելու և մեզ լիկվիդացնելու պրոցեսը կառավարվում է ոչ Հայաստանից: Այս բոլոր ճնշումները Ռուսաստանի արտաքին կառավարման ներքո են»,- մասնավորապես, ասել էր Ավետիսյանը:

Վահե Ղուկասյան,

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող