«Սասնա ծռերն» ու Ղարաբաղյան հակամարտությունը

Երեւանում հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումը տեղի ունեցավ Ղարաբաղյան հակամարտության բանակցային կարգավորման վճռորոշ փուլի ֆոնին:

Երեւանյան իրադարձություններին նախորդող ժամանակահատվածում Ղարաբաղյան կարգավորման մասնակիցների, մասնավորապես, Հայաստանի, Ադրբեջանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների ղեկավարների եւ արտգործնախարարների մակարդակով տեղի էին ունեցել ինտենսիվ բանակցություններ, իսկ հնչած արձագանքներից ու հայտարարություններից ընդհանուր տպավորությունն այնպիսինն էր, որ Հայաստանի ղեկավարությունը կանգնած է փակուղու առջեւ: Ռուսաստանը, որը ստանձնել է հակամարտության կարգավորման գլխավոր միջնորդի նախաձեռնությունը, հայակական եւ ադրբեջանական կողմերի հետ հանդիպումներից հետո բանակցային սեղանին է դրել այնպիսի առաջարկներ-պահանջներ, որոնք չեն կարող հայանպաստ համարվել: Խոսքը այսպես կոչված «Լավրովի պլանի» մասին էր, համաձայն որի, հայկական կողմը Ադրբեջանին պետք է հանձնի ԼՂՀ հինգ շրջաններ, անորոշ ժամանակում եւ տարածքում Ղարաբաղում հանրաքվե անցկացնելու եւ Ղարաբաղին մինչ այդ որոշակի կարգավիճակ տրամադրելու դիմաց:

Երեւանում, սակայն, առաջին պլան դուրս եկած  «Սասնա ծռերը» փոխեցին հայաստանյան ներքին իրավիճակը, ի թիվս այլի, իշխանություններից պահանջելով հստակ դիրքորոշում հայտնել Ղարաբաղյան հարցում:

Նման համատեքստում «Սասնա ծռերի» գործողությունները, փաստացի ձեռնտու չէին Մոսկվային, քանի որ «Լավրովյան պալանին» համաձայնվելու դեպքում լուրջ ընդվզում էին խոստանում Հայաստանում: ՌԴ դժգոհությունը առաջին հերթին արտահայտվեց «Սասնա ծռերի» նկատմամբ Ռուսաստանի արտգործնախարարության դիրքորոշմամբ: Մասնավորապես, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ի տարբերություն ԱՄՆ եւ ԵՄ կառույցների ներկայացուցիչների, որոնք կոչ էին անում զսպվածության եւ խաղաղ հանգուցալուծման, ասաց, որ ՀՀ իշխանությունները պետք է ամեն գնով վերջ տան զինված խմբի գործողություններին: Երեւանում, սակայն, «Սասնա ծռերի» ստեղծած իրավիճակը հանգուցալուծվեց մի փոքր այլ կերպ, քան դա պահանջում էր Մոսկվան:

Զենքերը վայր դնելով եւ հանձնվելով, «Սասնա ծռերի» անդամները, փաստացի, կարողացեն ձեւավորել հասարակական այնպիսի տրամադրվածություն եւ մթնոլորտ, որը ուղղակիորեն ճնշում է գործադրում ՀՀ իշխանությունների վրա եւ կաշկանդում նրանց գործողությունները Ղարաբաղի շուրջ բանակցություններում, ռուսական առաջարկ-պահանջներին համաձայնվելու մասով: Մյուս կողմից սակայն, օգտագործելով Հայաստանում հասարակական ընդվզման հավանականությունը եւ գոյություն ունեցող ճնշումը, ՀՀ իշխանությունները Ղարաբաղյան բանակցություններում փորձելու են դա օգտագործել որպես խաղաթուղթ, ցույց տալով Ռուսաստանին, որ չեն կարող հենց այնպես գնալ տարածքների զիջումների:

Սակայն, Ղարաբաղի շուրջ տեղի ունեցած վերջին ամենաբարձր մակարդակով բանակցությունները ցույց են տալիս, որ Ռուսաստանը հիշեցնում է Հայաստանին «Սասնա ծռերի» նկատմամբ ի դիրքորոշման մասին, այդպիսով, փաստացիորեն, պնդելով, որ չի ընդունում այդ թեմայի շահակումը բանակցությունների ընթացքում:

Մասնավորապես, օգոստոսի 10-ին Կրեմլում Սերժ Սարգսյանի հետ բանակցություններից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնեց, որ անընդունելի է հակասահմանադրական գործողությունների օգնությամբ հարցեր լուծելը, նկատի ունենալով «Սասնա ծռերի» ակցիան: Բացի սա, Վլադիմիր Պուտինը նշեց, որ Ռուսաստանն ամենասկզբից դատապարտել է, ինչպես ինքն է ասում, «զինյալների գործողությունները Երեւանում»:

Ռուսաստանի նախագահի այս հայտարարություններից կարելի է ենթադրել, որ Կրեմլը շարունակում է Հայաստանի իշխանություններին պարտադրել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր տարբերակը, այն է, «Լավրովի պլանը», հաշվի չառնելով, հայաստանյան հասարակության կողմից իշխանությունների նկատմամբ ճնշումը: Մոսկվայի այս դիրքորոշումը պայմանավորված է, թերեւս, նրանով, որ ավտորիտար ռեժիմները սովոր չեն հաշվի նստել հասարակական ճնշման հետ:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Վահե Ղուկասյան

Առնչվող