Անդրանիկ Մանուկյանի հարցազրույցը Tert.am-ին

Հայաստանից դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների արտահանումը 70 տոկոսով աճել է, որովհետև ՀՀ տարածքով Ռուսաստան են արտահանվել թուրքական ապրանքներ: Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ փորձագետ Անդրանիկ Մանուկյանը:

ՌԴ կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուց հետո թուրքական մի շարք ապրանքատեսակները, որոնք այլևս չէին ներկրվում ռուսական շուկա, ըստ Մանուկյանի, ներկրվել են Հայաստանից:

ՀՀ-ից ԵՏՄ արտահանման կտրուկ աճը, Անդրանիկ Մանուկյանի խոսքով, կատարվել է այն ապրանքների հաշվին, որոնք Հայաստանն ինքն է ներկրում: «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ արտահանման աճ տեղի է ունեցել այնպիսի ապրանքատեսակների հաշվին, որոնց գծով Հայաստանն ինքը հանդիսանում է ներմուծող երկիր և որոնց արտադրությունը Հայաստանում ոչ այնքան լավ վիճակում է: Մասնավորապես, 2016թ. առաջին կիսամյակում քսանապատիկ աճել է տոմատի արտահանումը, քառապատիկ ավելացել է՝ պանրի և կաթնաշոռի արտահանումը, նաև  խավիարի և պատրաստի ձկան արտահանումը: Նույն ժամանակահատվածում ավելի քան 9,6 անգամ աճել է պատվաստանյութերի արտահանումը, 5,8 անգամ՝ տարբեր բանջարեղենների, 8,3 անգամ՝ կավի, իսկ 3,6 անգամ ջեռուցման համակարգերի, օդափոխիչների դետալների, հեռակառավարման վահանակների և այլ սարքավորումների արտահանումը»,- մանրամասնեց տնտեսագետը:

Մանուկյանն ասաց, որ Հայաստանն, օրինակ, այնքան կարողություններ չունի տոմատի մածուկի արտահանման համար, որ կարողանա մի ողջ ռուսական շուկա ծածկել:

Տնտեսագետն ասաց, որ ապրանքներ կան, որոնք Հայաստանը նախկինում երբեք չի արտահանել, իսկ հիմա դարձել է մեծ ծավալով արտահանող, ինչը նվազագույնը տարօրինակ է:

«Տեղի է ունեցել Թուրքիայից Հայաստան ներկրվող ապրանքների պարզ վերաարտահանում դեպի Ռուսաստան: Չի կարելի իհարկե ասել, որ ամբողջ 70 տոկոսի արտահանումը կատարվել է թուրքական ապրանքների հաշվին, բայց մոտավորապես 50 տոկոսը Թուրքիայից Հայաստան ներկրվող ապրանքների վերաարտահանումն է»,- շեշտեց Անդրանիկ Մանուկյանը:

Նա նաև նկատեց, որ Հայաստանից Ռուսաստան ավանդաբար արտահանվող ապրանքների ծավալներն այս տարի նվազել է։

Առնչվող