ԻՔՄ-ն՝ ի պատասխան ՌԴ դեսպանատան մեղադրանքների

Այսօր Երևանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մամուլի ծառայությունը հանդես եկավ հրապարակմամբ, որով անդրադարձավ «Իրազեկ քաղաքացիների միավորման» հիմնած Sut.am կայքի հրապարակումներին:

Մասնավորապես, դեսպանատանը դժգոհությունն է առաջացրել «Դեսպանը ՌԴ-ին է վերագրում Հայաստանի ու ՄԱԿ-ի՝ դպրոցական սննդի ծրագիրը» և «Դեսպան Վոլինկինը ստեց զենքերի մատակարարման մասին» հրապարակումները: Դեսպանատունը դրանք ու հեղինակներին անվանում է «սուտ», «30 արծաթով գնված», «պատվիրված», «թարմ Պսակի» (ենթադրաբար նկատի ունենալով ԱՄՆ պետքարտուղարության նախկին խոսնակ Ջենիֆեր Պսակիին) և այլն:

Ավելին, դեսպանատանը պնդում են, որ ՄԱԿ-ի՝ Հայաստանի դպրոցական սննդի ծրագրի հիմնական ֆինանսավորողը Ռուսաստանն է՝ 18 միլիոն դոլարով (չբերելով որևէ կոնկրետ հղում, բացի ոմն DLMN news կայքից): Sut.am-ի թիմը, իր հերթին հղվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ Գևորգ Եղինյանին, ով հերքել է ՌԴ-ի կողմից այդ ծրագրի ֆինանսավորումը (աուդիոձայնագրությունը՝ այստեղ):

Իսկ ահա 200 միլիոն դոլարի զենքի վարկի նյութի հետ կապված դեսպանատունը առաջարկում է դիմել ՀՀ ՊՆ, կամ, պարզապես, դիտել սեպտեմբերի 21-ի ռազմական շքեթը: Այնինչ, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» այս հարցով դիմել է թե՛ ՊՆ և թե՛ Ֆինանսների նախարարություն: ՊՆ-ից չստանալով պատասխան մենք հրապարակել ենք ֆին. նախ-ի պատասխանը, որից հստակ երևում է, որ վարկային պայմանագրով զենքերի մատակարարումներ չեն եղել: Նշված գրության սքանը հրապարակվել է Sut.am-ի խնդրո առարկա նյութի մեջ:

Sut.am-ի թիմը առաջնորդվում է ստացված պաշտոնական նյութերով և չի կարող երաշխավորել, որ հրապարակումները դուր գան բոլորին: Առավելևս, երբ հաճախ չի հաջողվում մեկնաբանություն կամ տեղեկատվություն ստանալ ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունից:

Չփորձելով անդրադառնալ դեսպանատան հայտարարության քաղաքական մասին՝ նշենք, որ դրանում տեղ գտած նյութերի անոնիմության ու դրանց «հետևում կանգնած հեղինակների» անունները հայտնի լինելու մասին պնդումներն անընդունելի են: Sut.am-ի նյութերը հետաքննական բնույթի են, դրանց վրա սովորաբար աշխատում է մի ամբողջ թիմ և, ինչպես և նշված է կայքում, դրանց հեղինակը «Իրազեկ քաղաքացիների միավորումն» է։ Sut.am-ի նյութերի տակ որևէ կոնկրետ մարդու անուն գրելու կարիք չկա, ինչպես և չկա դեսպանատան խնդրո առարկա մամուլի հաղորդագրության տակ:

«Իրազեկ քաղաքաղացիների միավորում»

Առնչվող