Խուլ փակուղի և մշուշոտ մեկնարկ ղարաբաղյան բանակցություններում

2016 իրադարձություններից և բանակցային գործընթացում նկատված որոշակի ակտիվացումից հետո, սակայն, ղարաբաղյան հակամարտության կողմերը 2017 թվականը սկսում են խուլ փակուղում, որտեղ բանակցությունների հնարավարությունները ծայրահեղ սահմանափակ են։

2016 թվականի ապրիլին Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև տեղի ունեցած հանդիպումները՝ Վիենայում և Սանկտ-Պետերբուրգում, մեծ հաշվով, մնացել են անարդյունք, քանի որ հիմնական պայմանավորվածությունները, որ ձեռք էին բերվել այդ հանդիպումների ընթացքում, մինչ օրս կատարված չեն․ հակամարտության շփման գոտում միջադեպերի հետաքնման մեխանիզմներ չկան, ԵԱՀԿ նախագահի ներկայացուցչի առաքելությունն ընդլայնված չէ։

Սրա հետ մեկտեղ, հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները, մասնավորապես՝ հայկական կողմից տարածքային աստիճանական զիջումների, Արցախին միջանկյալ կարգավիճակի տրամադրման վերաբերյալ, նույնպես առկախվել են օդում՝ պայմանավորված Վիենայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների չկատարմամբ։

Բացի սա՝ անհրաժեշտ է նկատել, որ բանակցային գործընթացը վերոնշյալ կետերի շուրջ դադարեց նաև Հայաստանում տեղի ունեցած հուլիսյան իրադարձությունների պատճառով, երբ ՀՀ իշխանություններ ազդակ ստացան այն մասին, որ կարգավորման՝ տարածքային զիջումներ ենթադրող տարբերակը ոչ միանշանակ է ընկալվում հասարակության կողմից։ Հայկական կողմը, միաժամանակ, միջնորդների հետ բանակցություններում մատնացույց արեց նախագահների պայմանավորվածությունների անկատարությունը՝ դրանով փակելով կարգավորման հնարավոր խողովակներն այդ փուլում։

Բանակցային գործընթացի երկար դադարը հանգեցրեց 2016 թվականի տարեմուտին՝ դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձին Հայաստանի հետ սահմանին՝ Տավուշի մարզում։ Այս միջադեպին արդեն 2017 թվականի հունվարին անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ շեշտելով, որ միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման հարցը պետք է շուտափույթ լուծում ստանա։ Միևնույն ժամանակ, սակայն, համանախագաների զեկույցում խոսվեց ադրբեջանցի զինծառայող Զինգիզ Ղուրբանովի մարմնի վերադարձման մասին։ Ինչպես հայտնի է, ադրբեջանական ուժերը, նահանջելով, հայկական դիրքերի մոտ թողեցին իրենց զինծառայողի մարմինը, որը հայկական կողմը մինչ այժմ չի վերադարձրել և դա դառնում է տարբեր աստիճաններով դիվանագիտական քննարկման թեմա և նույնպես կարող է լրացուցիչ խոչընդոտ հանդիսանալ բանակցային գործընթացի մեկնարկի համար։

Այսպիսով՝ արձանագրենք, որ բանակցային գործընթացում ունենք 2016 թվականից մնացած անմիխաթար ու սառած վիճակ, որն ավելի անհույս է դարձել տարեվերջի միջադեպով և հետագա զարգացումներով։

Սրանից զատ, սակայն, հարկավոր է նշել, որ 2017 թվականի ապրիլին Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ, ուստի կարելի է վստահությամբ պնդել, որ հակամարտության կարգավորման շուրջ որևէ լուրջ քայլ մինչ այդ չի կատարվի, քանի որ բացի ընտրապայքարով զբաղված լինելը, հայաստանյան քաղաքական ուժերը, այդ թվում իշխող ՀՀԿ-ն, ջանում են շրջանցել բանակցությունների առարկա տարածքների հնարավոր զիջման, փոխզիջման և փոխզիջման պայմանների մասին հասարակության հետ քննարկումներից։

Ամփոփելով՝ փաստենք, որ 2017 թվականը խոստանում է դժվար լինել բանակցային գործընթացի առնվազն մեկնարկի համար, որը կարող է տրվել լավագույն դեպքում սպասվող ԵԽԽՎ նստաշրջանից հետո՝ փետրվարին կամ ՀՀ խորհրդարանական ընտրություններից հետո՝ ապրիլ-մայիսին, կամ, վատագույն դեպքում, այդպես էլ ստանալ արդյունավետ շարունակություն ու կանգնեցնել էսկալացիայի աճի ավելի շոշափելի վտանգի առջև։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

Վահե Ղուկասյան

Առնչվող