Դանիել Իոաննիսյանը հույս ունի, որ կկարողանան նվազեցնել խախտումների քանակը. Ազատություն

Խորհրդարանական ընտրություններին դիտորդական կազմակերպությունները աննախադեպ թվով դիտորդներ կունենան, ավելի քան 3000 դասընթացներ անցած անձինք կհետևեն ապրիլի 2-ին ընտրության ողջ ընթացքին, հայտնում է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության համակարգող Արմեն Գրիգորյանը։ Բացի այդ, կներգրավվեն նաև Սփյուռքի ներկայացուցիչներ։

«150 հոգի Վրաստանից են գալու, եթե Սփյուռքն էլ կարողանա 400-500 քաղաքացի ներգրավի տարբեր երկրներից, մենք կունենանք մոտ 3700 դիտորդ: Մենք երկու դիտորդ ենք ունենում ընտրատեղամասում, ներկա կլինենք 1800 տեղամասերում, որը շատ մեծ թիվ է», – մանրամասնեց Գրիգորյանը:

Առավոտվա 7-ից մինչև քվեների հաշվարկի ավարտը դիտորդները, ովքեր հիմնականում երիտասարդներ են, սեփական հեռախոսներով և տեսախցիկներով կաշխատեն ընտրատեղամասերում։ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համեմատ այս անգամ հասարակական կազմակերպությունները կկարողանան դիտորդական առաքելություն իրականացնել եռակի ավելի տեղամասերում։ 2015-ի հանրաքվեի ժամանակ աշխատեցին միայն 1,000 դիտորդներ, բայց, ըստ Արմեն Գրիգորյանի, նրանք դրական ազդեցություն ունեցան քվեարկության գործընթացի օրինականության տեսանկյունից․ – «Սահմանադրականի ժամանակ այն ընտրատեղամասերում, որտեղ մենք դիտորդներ ենք ունեցել, 6.5 տոկոս «այո»-ն ավելի քիչ էր համեմատած այն ընտրատեղամասերին հետ, որտեղ դիտորդ չի եղել: «Ոչ»-ը 7 տոկոսով ավելի շատ էր, քան այն ընտրատեղամասերում, որտեղ դիտորդ չկար: Այսինքն՝ դիտորդների ազդեցությունը շատ տեսանելի է»:

Ըստ «Քաղաքացի դիտորդի» ներկայացուցիչների՝ հենց սահմանադրական հանրաքվեի ժամանակ դիտորդների ունեցած դերի պատճառով իշխանությունները ավելի ուշ խստացրին ընտրական օրենսգիրքը. նոր կարգի համաձայն հանձնաժողովի 2/3-ը կարող է քվեարկել ու տեղամասից դուրս հրավիրել դիտորդին։

«Բայց մենք դիտորդներին մանրամասն ինֆորմացիա կտրամադրենք, կաշխատենք մինիմալի հասցնել այս պրոցեսը, որպեսզի հանկարծ այնպես չլինի, որ իրենք կարողանան բոլոր դիտորդներին դուրս հրավիրել», – մեկնաբանեց Արմեն Գրիգորյանը:

Եվս 4 հասարական կազմակերպություններ առանձին դիտորդական առաքելությամբ հանդես կգան՝ համագործակցելով «Քաղաքացի դիտորդի» հետ։ Այս խումբը կունենա գրեթե 600 դիտորդ, որոնց զգալի մասը կաշխատի շրջիկ խմբերում, կտրամադրեն իրավաբանական խորհրդատվություն։ «Անկախ դիտորդի» համակարգող Դանիել Իոաննիսյանը հույս ունի, որ կկարողանան նվազեցնել տեղամասի ներսում խախտումների քանակը։

«Կարծում եմ, որ այս ընտրություններին մենք աննախադեպ ծավալով հասարակական դիտորդության ականատեսը կլինենք: Տեղամասում տեղի ունեցող խախտումների քանակը մենք կկարողանանք նվազեցնել», – վստահեցրեց Իոաննիսյանը՝ հավելելով․ – «Տեղամասից դուրս՝ ընտրակաշառքը, վարչական ռեսուրսի կիրառումը և այլ արտահայտումները ընտրակեղծիքների, ըստ էության տեղամասում դիտորդի կողմից չէ, որ պետք է բացահայտվեն և կանխվեն: Այստեղ ավելի շատ պետք են օպերատիվ-հետախուզական լիազորությունները, որոնցով օժտված են բացառապես իրավապահ մարմինները»:

«Անկախ դիտորդ» և «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունների ընդհանուր ֆինանսավորումը մոտ կես միլիոն եվրո է, որի առյուծի բաժինը հայկական հասարակական կազմակերպություններին տրամադրել է Եվրամիությունը: Բացի այդ՝ առանձին մի քանի եվրոպական երկրների և ԱՄՆ-ի կառավարությունները:

Առնչվող