Արմեն Աշոտյանը, «Եդինայա Ռոսսիյան» և քաղ. հասարակությունը

Վերջին օրերին ՀՀ արտաքին քաղաքականության ասպարեզում տեղի ունեցան երկու կարևոր իրադարձություններ, որոնք դուրս մնացին հայկական լրատվական «մեյնսթրիմից»: Այս երկու իրադարձություններն էլ կապված են ՀՀ կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանի հետ: Մայիսի 19-ին ԿԳՆ նախկին նախարարը ընտրվեց նորընտիր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, իսկ դրանից ուղիղ երկու օր անց մեկնեց Մոսկվա՝ «Միասնական Ռուսաստան» («Единая Россия») կուսակցության հրավերով՝ մայիսի 21-23 Մոսկվայում մասնակցելու «Կովկասյան տարածաշրջան. քաղաքացիական հասարակությունը հանուն անվտանգության և կայունության» երկկողմանի կլոր սեղան-քննարկմանը

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ

Նախկին ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանի նշանակումը Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնին հարց է առաջացնում, թե որքանո՞վ է այդ ընտրությունը համապատասխանում Հայաստանի շահերին: Հաշվի առնելով այն, որ Ազգային ժողովը այսուհետ լինելու է Հայաստանի կարևորագույն քաղաքական կառույցը՝ ցանկալի կլիներ, որպեսզի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը համապատասխան որակավորում ունենար: Ի տարբերություն Հանձնաժողովի նախկին նախագահի՝ Արտակ Զաքարյանի, ով ունի քաղաքագիտության ոլորտում կրթություն, լայն աշխատանքային փորձ միջազգային կապերի և քաղաքագիտության ոլորտում, ինչպես նաև մասնակցել է մի շարք միջազգային դասընթացների, Արմեն Աշոտյանի կրթությունն ու աշխատանքային փորձը այս ոլորտին շատ ավելի քիչ է համապատասխանում:

Ունենալով հիմնականում կրթություն և աշխատանքային փորձ բժշկության ոլորտում՝ Արմեն Աշոտյանը անցել է կարճ վերապատրաստման դասընթացներ քաղաքագիտության ոլորտում: 2005թ․ ավարտել է ԵԽ առընթեր Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը, իսկ 2007-ին վերապատրաստվել Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում: Այլ կերպ ասած, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ոլորտում Արմեն Աշոտյանը ռուսական դպրոցի հետևորդ է: Հաշվի առնելով Արմեն Աշոտյանի բժշկական (ավելի ճիշտ՝ դատաբժշկական) կրթությունն ու վերոնշյալ երկու ռուսական ուսումնական հաստատությունների միջազգային ցածր վարկանիշը՝ հարց է առաջանում արդյո՞ք Ազգային ժողովի հանրապետական խմբակցությունում չկար Արտաքին գործերի մշտական հանձնաժողովի համար համապատասխան որակավորում ունեցող նախագահի թեկնածու:

Առաջին պաշտոնական այց

Արմեն Աշոտյանի առաջին այցը նոր պաշտոնում կրկին դեպի Մոսկվա էր: Մայիսի 21-ից 23-ը Մոսկվայում նա մասնակցեց «Կովկասյան տարածաշրջան. քաղաքացիական հասարակությունը հանուն անվտանգության և կայունության» երկկողմանի կլոր սեղան-քննարկմանը: Թե´ ռուսական, և թե´ հայկական լրատվամիջոցներում չկա առանձնահատուկ տեղեկատվություն առ այն, թե ինչ են քննարկել կողմերը կլոր սեղանի շուրջ, բացի ընդհանուր դիվանագիտական բարիդրացիական աղոտ հայտարարություններից: Սակայն, այս այցն արդեն իսկ երկու կարևոր հաղորդագրություն է պարունակում:

Նախ և առաջ, Մոսկվան որպես առաջին այցի վայր ընտրելը թույլ է տալիս ենթադրել, որ ռուսական ուղղությունը առաջնային է լինելու ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նորընտիր նախագահի հետագա աշխատանքում: Այսպիսի սցենարի դեպում ՀՀ արտաքին քաղաքականությունը կդառնա էլ ավելի քիչ դիվերսիֆիկացված՝ Հայաստանին վերջնական կախման մեջ դնելով ՌԴ-ից:

Երկրորդ և թերևս առավել ցավալին դա կլոր-սեղան քննարկման թեման է: Զարմանալի է այն, որ Հայաստանը քաղհասարակության դերի վերաբերյալ քննարկումներ է անց կացնում Ռուսաստանի հետ, որտեղ քաղհասարակությունը զուրկ է տարրական իրավունքներից: Ի՞նչ կարող է սովորել Հայաստանը քաղհասարակության գործունեության վերաբերյալ մի երկրից, որը ժողովրդավարության տեսանկյունից շատ ավելի վատ վիճակում է գտնվում, քան Հայաստանը… Մի երկիրից, որտեղ իշխանություններին դուր չեկած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պարբերաբար հետապնդվում են որպես «օտարերկրյա գործակալներ», որտեղ ի սպառ բացակայում է խոսքի ազատությունը, իսկ օնլայն ասպարեզի վերահսկողությունը գնալով աճում է: Մինդեռ, Հայաստանում խոսքի ազատությունն ու ժողովրդավարության մակարդակը, չնայած անցած երկու տարիների նվազմանը՝ զգալիորեն ավելի լավ վիճակում է գտնվում քան Ռուսաստանում (ըստ «Ֆրիդոմ հաուսի»՝ Հայաստանի ժողովրդավարության ցուցանիշը 5,39 է, իսկ ՌԴ-ինը՝ 6,57 յոթ բալանոց համակարգում, որտեղ 7-ը ամենավատ ցուցանիշն է):

Հետևաբար, դժվար է պատկերացնել, թե ի՞նչ են քննարկել երկու երկրների իշխող կուսակցությունների անդամները: Հավանաբար, քաղաքացիական հասարակության տարածությունը սահմանափակելու մեխանիզմները: Համենայնդեպս, դա քաղհասարակությանը առընչվող միակ բանն է, որը երկու երկրների իշխանությունների մոտ բարեհաջող ստացվում է:

 

Աննա Փամբուխչյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

 

Առնչվող