Ի պատասխան ԱԳՆ-ի. ԵՏՄ-ն նաև քաղաքական է

Նոյեմբերի 24-ին կայացած ԱԺ լսումների ժամանակ Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ ԵՏՄ-ն բացառապես տնտեսական միավոր է: «Մեր արտաքին քաղաքական որոշումները մենք ենք կայացնում, չնայած արտաքին քաղաքականության ոլորտում նույնիսկ ամենահզոր հսկաներն են հաշվի առնում արտաքին անցուդարձը: Մենք ինքներս ենք որոշում մեր քաղաքականությունը՝ հաշվի առնելով մեր պետության շահերը», – նշել էր նա:

Սակայն, ինչքանով է նմանօրինակ պնդումը համապատասխանում իրականությանը: Այսօր որևէ լուրջ քաղաքագետ չի համարձակվի պնդել, որ որևէ պետության տնտեսությունը և քաղաքականությունը ենթակա են տարանջատման: Գրեթե բոլոր քաղաքական զարգացումները սերտորեն կապված են համապատասխան տնտեսական զարգացումների հետ, և հակառակը: Պնդել, որ տնտեսության ամբողջական ինտեգրացիան ԵՏՄ անդամների հետ չի հանգեցնելու որևէ քաղաքական հետևանքների պարզապես անհիմն է, հատկապես որ անցած ամիսների ընթացքում արդեն իսկ ականատես ենք եղել քաղաքական որոշակի փոփոխությունների:

Այսպես, օրինակ, արտաքին քաղաքականության ոլորտում Ռուսաստանի հետ սերտ տնտեսական դաշինքը չի կարող անհետևանք անցնել: Դեռևս այս տարվա մարտին Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի քվեարկության ժամանակ Հայաստանը այդ հանրաքվեի ճանաչմանը կողմ քվեարկեց, թեև քվեարկության նախորդ օրը ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտարարել էր, որ Հայաստանը ձեռնպահ կքվեարկի: Նմանօրինակ անսպասելի քվեարկությունը միանշանակ չի անցել առանց Մոսկվայի կողմից համապատասխան ճնշման: Ճնշում, որն էլ ավելի ակնհայտ դարձավ Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի ստորագրումից հետո, երբ Վլադիմիր Պուտինը հանդես եկավ հայտարարությամբ առ այն, որ ԵՏՄ անդամները պետք է միասնական դիրքորոշում արտահայտեն Ուկրաինայում կատարվող իրադարձությունների վերաբերյալ: Եթե ԵՏՄ անդամները պետք է որևէ կոնկրետ քաղաքական իրավիճակի վերաբերյալ միասնական դիրքորոշում արտահայտեն, ապա կառույցի զուտ տնտեսական բնույթի վերաբերյալ հայտարարությունները բացարձակ անտեղի են: ԵՏՄ անդամակցումը միանշանակ կտրուկ կփոխի Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Հաշվի առնելով Ռուսաստանի հակա-արևմտյան դիրքորոշումը` դժվար չէ պատկերացնել, թե ինչ աստիճանի միավեկտոր կդառնա ՀՀ արտաքին քաղաքականությունն այս անդամակցումից հետո:

Դժվար չէ նկատել նաև, որ ներքին քաղաքական դաշտում ևս անդամակցումն անհետք չի անցնի: Մասնավորապես, կարելի է ակնկալել, որ խնդիրներ կառաջանան ժողովրդավարական գործընթացների ասպարեզում: Դեռևս նախքան անդամակցումը՝ այս տարվա սեպտեմբերին ՀՀ կառավարությունը ԵՏՄ անդամների օրինակով հաստատեց մի հայեցակարգ, ըստ որի՝ ոչ կառավարական կազմակերպությունները պետք է մանրամասն տեղեկատվություն ներկայացնեն այն մասին, թե ումից, երբ, ինչքան գումար են ստացել և ինչի վրա են ծախսել: Նմանօրինակ որոշումն արդարացվում էր հասարակական կազմակերպությունների գործունեությունն առավել թափանցիկ դարձնելու ձգտումով, սակայն Ռուսաստանի Դաշնության օրինակը վկայում է, որ նմանօրինակ օրենքը հնարավորություն է տալիս ուժայիններին ցանկության դեպքում միջամտել ցանկացած հասարակական կազմակերպության գործունեությանը և անգամ վարկաբեկել ու փակել դրանք:

Վերջում, հարկ է նաև նշել, որ նույն Շավարշ Քոչարյանը մոտ մեկ տարի առաջ նախքան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը Արմնյուզ լրատվական հեռուստաալիքի հետ հարցազրույցում հստակ բացատրել էր, թե ինչու՞ ԵՄ հետ ասոցացումը վնաս չէ պետության սուվերենությանը, ապա հավելել «եթե դառնում ես մաքսային միության անդամ, դու արդեն սուվերեն չես»:

Առնչվող