Քաղաքացիական ինքնագիտակցության վերելքը Հայաստանում՝ 2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին

Վերջին երկու ամիսներին Հայաստանում տեղի ունեցող սրընթաց ներքաղաքական իրադարձությունները ամենատարբեր մեկնաբանությունների են արժանացել։ Ավելին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից 6 շաբաթ անց և Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց 4 շաբաթ անց հնչում են սկեպտիկ տեսակետներ առ այն, որ ոչինչ չի փոխվել։ Մի կողմ դնելով այն, որ հիմնահատակ բարեփոխումների համար անհրաժեշտ են ժամանակ և խորհրդարանական մեծամասնություն, անդրադառնանք մի քանի ուշագրավ պահերի, որոնք արդեն իսկ առանց որևէ կասկածի փոխվել են և փոխվել են դեպի լավը։

Քաղաքացիական ինքնագիտակցության վերելք

Վերջին երկու ամիսների ընթացքում ՀՀ քաղաքացիները թերևս առաջին անգամ մասսայաբար հասկացան, որ իրենք հստակ ազդեցություն ունեն երկրի քաղաքական գործընթացների վրա։ Այս գիտակցությունն ի հայտ եկավ ՀՀ քաղաքացիների բոլոր տարիքային խմբերի մոտ՝ սկսած փողոց փակող դպրոցականներից մինչև երեկոյան տների պատուհաններից շերեփներով կաթսաներին հարվածող տարեց կանայք։

Քաղաքացիական ինքնագիտակցության վերելքը շարժման ողջ ընթացքում քաջալերվում էր դրա ղեկավարների հռետորաբանության մեջ։ Այսպես, օրինակ, ապրիլի 16-ին Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում հայտարարել էր․ «Հայաստանի Հանրապետությունում կան քաղաքացիներ, որոնք գիտեն, որ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դո՛ւ ես: Եվ այդ մեկ մարդը դո՛ւ ես: Եվ այդ մեկ մարդը դո՛ւ ես»։ Այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանը կրկնեց գրեթե բոլոր հանրահավաքների ընթացքում, ընդ որում «և այդ մեկը դու ես» նախադասությունն ամեն անգամ արտաբերելիս Փաշինյանը ձեռքով ցույց էր տալիս շրջապատում գտնվող տարբեր քաղաքացիների։

Ավելին՝ այս մոտեցումը կայուն կերպով առկա է Նիկոլ Փաշինյանի ելույթներում նաև վարչապետ ընտրվելուց հետո։ Սարդարապատում՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հարյուրամյակի կապակցությամբ կազմակերպված տոնակատարությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Սա է մեր ժողովրդի հաղթանակի բանաձևը՝ մենք հաղթել ենք և հաղթելու ենք բոլոր այն դեպքերում, երբ որոշենք հաղթել, երբ մեր հույսը դնենք մեր և ոչ թե ուրիշների վրա, երբ չընկրկենք որևէ դժվարության առաջ, երբ սիրենք, անսահման սիրենք մեր հայրենիքն ու միմյանց, երբ չփորձենք մեր նեղ անձնական շահերը կապել սեփական ժողովրդի և պետության վզին, երբ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի, որ տեր է սեփական երկրում, ոչ թե հպատակ, երբ տիրոջ այդ զգացումն իրավունք չէ միայն, այլև պարտականություն, այլև պարտավորություն․․․»։ Նմանատիպ հայտարարությունների օրինակները բազմաթիվ են։ Ապրիլ-մայիսին արված Փաշինյանի և նրա թիմի հայտարարությունների մեջ կարմիր թելի նման առկա է քաղաքացիների՝ պետության առջև ունեցած պատասխանատվության և պետության որոշումների վրա ազդելու նրանց իրավունքի թեման։

Քաղաքական ապատիայի վերացում

Շարժումը նաև վերացրեց Հայաստանում առկա քաղաքական ապատիայի մթնոլորտը։ 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները համապարփակ քաղաքական անտարբերության մթնոլորտում էին անցել։ 2017 թվականի մայիսին այդպիսի պայմաններում անցան նաև Երևանի ավագանու ընտրությունները, որոնց վերաբերյալ Եվրոպայի խորհրդի զեկույցը ևս շեշտադրել էր Հայաստանում քաղաքական ապատիայի աճը։

2018 թվականի ապրիլ-մայիսին, սակայն, Հայաստանում տիրում էր բացարձակապես հակառակ պատկերը։ Այս պահին քաղաքականության հանդեպ հետաքրքրությունը համատարած բնույթ է կրում Հայաստանում։ Տարբեր քաղաքական հարցերի վերաբերյալ հանրային քննարկումներ են ընթանում անընդմեջ և բոլոր հնարավոր հարթակներում։ Դրա ապացույցն է նաև այն, որ կենդանի ռեժիմով հրապարակվող Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան տեսանյութերը ունենում են միջինում կես, իսկ երբեմն ընդհուպ մինչև մեկ միլիոն դիտում ու բազմահազար մեկնաբանություններ։

Անվտանգայնացման դիսկուրսի վերացում

Հայաստանի Հանրապետության գոյության տարիներին երկրի ներքաղաքական կյանքում տեղի ունեցած բոլոր իրադարձությունները իշխող ուժի կողմից մշտապես ներկայացվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կոնտեքստում։ Այսպես, օրինակ, զանգվածային ցույցերի անցկացումը տասնամյակներով ներկայացվել է որպես սպառնալիք Հայաստանի արտաքին անվտանգության համար։ Այս մոտեցումը, որը քաղաքագիտության մեջ հայտնի է որպես «անվտանգայնացում», սովորաբար նպատակ ունի լեգիտիմացնել հակաժողովրդավար գործողությունները։ 2018 թվականի ապրիլ-մայիսը ցույց տվեցին, որ ներքաղաքական գործողությունները կարող են ունենալ բացառապես ներքաղաքական բնույթ՝ անկախ արտաքին կոնֆլիկտի առկայությունից, և որ արտաքին կոնֆլիկտից վախը չպետք է խանգարի քաղաքացիներին իրենց իրավունքները պաշտպանելիս։

Այս գործընթացները անկասկած արմատապես փոխել են ՀՀ քաղաքացիների քաղաքացիական ինքնագիտակցությունը՝ նրանց մոտ ստեղծելով նոր մտածելակերպ, որն աննախադեպ ազդեցություն է թողնում Հայաստանում ժողովրդավարական արժեհամակարգի ձևավորման գործընթացի վրա։

 

Աննա Փամբուխչյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող