Ընտանեկան բռնություն․ անընդունելի արդարացումներ և ծանրացնող հանգամանքներ

Հայաստանում իրավապահ մարմինները հաճախ միջամտում են ընտանեկան բռնությանն առնչվող գործերին՝ փորձելով հաշտեցնել տուժողին հանցանքը կատարած անձի հետ։ Նման միջամտությունը հիմնավորվում է ընտանեկան արժեքների և ընտանիքում ու հասարակության մեջ կնոջ ավանդական դերի ընկալմամբ, ինչը, սակայն, հանգեցնում է ընտանեկան բռնության դեպքերով մեղմ դատավճիռների։

Բացի սա, կանանց նկատմամբ բռնությունների գործերի քննության կամ վերջնական որոշում կայացնելու հարցում դատավորների և քրեական հետապնդման մարմինների վրա մեծ ազդեցություն ունեն նաև կարծրատիպերը:

Այս մասին ասվում է «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայով սահմանված չափանիշների տեսանկյունից ՀՀ քրեական օրենսդրության վերլուծությունում։

Անընդունելի արդարացումներ և մեղմացնող հանգամանքներ

Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան հրապարակվել է 2011 թվականին, իսկ 2017 թվականին դրա ստորագրումն արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը։

Կոնվենցիան սահմանում է հստակ արգելք կանանց նկատմամբ բռնության, այդ թվում՝ ընտանեկան բռնության, պատմականորեն օգտագործված արդարացումների մասին: Կոնվենցիայի մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն միջոցներ` ապահովելու, որպեսզի մշակույթը, սովորույթը, կրոնը, ավանդույթը կամ, այսպես կոչված, «պատիվը» չդիտվեն որպես կանանց նկատմամբ բռնությունն արդարացնող հանգամանքներ։

ՀՀ օրենսդրությունը, թեև պատվի կամ կրոնի հիմքով արդարացումներ չի նախատեսում, այնուամենայնիվ, նախատեսում է որոշ մեղմացնող հանգամանքներ՝ հղում կատարելով տուժողի կողմից ցուցաբերված դրդող վարքագծին: Մասնավորապես, ՀՀ ՔՕ 62-րդ հոդվածը նախատեսում է մեղմացնող հանգամանքներ, որոնց շարքում ներառված է տուժողի վարքագծի հակաօրինականությունը կամ հակաբարոյականությունը:

Այսինքն, պատկերավոր ասած, եթե ամուսինը սպանել է կնոջը դավաճանության համար, ապա ՀՀ քրեական օրենսգիրքը կարող է դա ընդունել որպես մեղմացնող հանգամանք, ինչը, սակայն, հակասում է ԵԽ կոնվենցիային։

Ըստ այդմ, վերլուծության հեղինակները նշում են, որ Հայաստանը չպետք է դիտարկի տուժողի հակաբարոյական վարքագիծը՝ որպես պատասխանատվությունը կամ պատիժը մեղմացնող հանգամանք։

Ծանրացնող հանգամանքներ

Հակառակ արդարացումների և մեղմացնող հանգամանքների, Եվրոպայի խորհրդի կոնվենցիայով նախատեսվում են ընտանեկան բռնության դեպքերի ծանրացնող հանգամանքներ, այնինչ ՀՀ օրենսդրությունն այս հարցում ունի լուրջ բացեր։

Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածը, որը նախատեսում է պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքները, չի նախատեսում այնպիսի դեպքեր, երբ սպանությունը կատարվում է ամուսնու, զուգընկերոջ կամ ընտանիքի այլ անդամների կողմից, երբ հանցագործությունը կատարվում է երեխաների ներկայությամբ, երբ հանցագործությունը կատարվում է զենքի գործադրմամբ։

Հայաստանում կնասպանության վերաբերյալ «Ընդդեմ կանանց նկատմամբ կոալիցիա» հասարակական կազմակերպության զեկույցի համաձայն, 2010-2015 թվականներին Հայաստանում գրանցվել է 30 դեպք, երբ կանայք սպանվել են ամուսնու, զուգընկերոջ կամ ընտանիքի այլ անդամի կողմից։ Ընդ որում, առնվազն յոթ դեպքում սպանության ականատես են եղել երեխաներ։

Ըստ այդմ, «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայով սահմանված չափանիշների տեսանկյունից ՀՀ քրեական օրենսդրության վերլուծությունում նշվում է, որ ընտանեկան բռնության գործերով Հայաստանը պետք է ապահովի, որ որոշում կայացնելիս հաշվի առնվեն կնոջ կամ ամուսնու, զուգընկերների, ընտանիքի այլ անդամների կամ համատեղ բնակվողների նկատմամբ ուղղված հանցագործությունները, երեխայի ներկայությամբ կատարված հանցագործությունները, զենքի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով կատարված հանցագործությունները։

Նման ծանրացնող հանգամանքները թույլ կտան խուսափել ընտանեկան բռնության գործերով անպատժելիությունից։

Հ․Գ․ «Ընդդեմ կանանց նկատմամբ կոալիցիա» հասարակական կազմակերպության «Կնասպանությունը Հայաստանում» զեկույցում նշվում է, որ 2010-2015 թվականներին գրանցված կնասպանության 30 դեպքերից 16-ի դեպքում 2016 թվականի դրությամբ դեռևս չեն եղել դատավճիռներ։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։

Առնչվող