Մշակույթի նախարարության օտարերկրյա գրանտները

«Իրազեկ քաղաքացիների միավորմումն» արդեն ներկայացրել էր գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի ստացած միջազգային դրամաշնորհները: Շարունակելով շարքը՝ ներկայացնում ենք մշակույթի ոլորտին հատկացված միջազգային դրամաշնորհները:

Մեր հարցմանն ի պատասխան ՀՀ մշակույթի և ֆինանսների նախարարություններից տրամադրած տեղեկությունները վկայում են, որ 2005-2014թթ. այլ պետությունների պետական, Եվրամիության մարմիններից և միջազգային կազմակերպություններից Մշակույթի նախարարության ենթակայության կազմակերպությունները ստացել են մի շարք դրամաշնորհներ, որոնց հանրագումարը կազմել է 4.060.180 ԱՄՆ դոլար:

Ըստ ծրագրերի

Ստացած ֆինանսական աջակցությամբ առաջին տեղում է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը, որը տարբեր երկրներից ավելի քան 3 միլիոն եվրոյի աջակցություն է ստացել թվով 10 կինոնկարների նկարահանման համար:

1. «Արահետ» ֆիլմի նկարահանման համար (ռեժ.` Ռ. Քոչար) ԱՄՆ, «Blue Lion Entertainment» 2006թ. 570.000 ԱՄՆ դոլար
2. «Թշնամիները» ֆիլմի նկարահանման համար (ռեժ.` Դ. Մաթևոսյան) Շվեյցարիա, AVANTI ծրագիր, 2006թ. 5.000 եվրո
3. «Բարի գնալուստ» ֆիլմի նկարահանման համար (ռեժ.` Վ. Խաչատրյան) Նիդերլանդների Թագավորություն, «Օբելիսկ» ընկերություն 2008թ. 200.000 եվրո
4. « Խճճված զուգահեռներ» ֆիլմի նկարահանման համար (ռեժ.` Հ. Գալստյան) Շվեյցարիա` AVANTI ծրագիր, Նորվեգիա` «Ֆիլմ ֆոնդ» և «Օրիգինալ ֆիլմ»,

Ֆրանսիա` «Քուզըր Փիկչերս»

2009թ. 50.000 եվրո
5.« Ժաննան և ձայները» ֆիլմի նկարահանման համար (ռեժ.` Մ. Վաթինյան) Շվեդիա` Գյոթեբորգի ՄԿՓ 2011թ. 32.000 եվրո
6.«Այդ ես չեմ» ֆիլմի նկարահանման համար (ռեժ.` Մ. Սահակյան) Ռուսաստանի Դաշնության մշակույթի դեպարտամենտ, Ֆրանսիա` Les Films du requin, և Գերմանիա 2012թ. Ռուսաստան – 300.000 ԱՄՆ դոլար, Ֆրանսիա – 10.000 եվրո, Գերմանիա – 60.000 եվրո
7. « Կաթնեղբայր» ֆիլմի նկարահանման համար (ռեժ.`Վ. Մխիթարյան) Լեհաստան, «Էյջ Ուայ Փիքչրս» ՍՊԸ, «Վայդա ստուդիո» 2013թ. 57.890 ԱՄՆ դոլար
8.« Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմի նկարահանման համար (ռեժ.` Ա. Շահբազյան) Ֆրանսիա` Ազգային կինոյի զարգացման հիմնադրամ CNC, Ռուսաստանի Դաշնություն 2013թ. CNC –   152,170 եվրո Ռուսաստան – 51.939 եվրո
9. «Փարաջանով» ֆիլմի նկարահանման համար (ռեժ.` Ս. Ավետիքյան,  Օ. Ֆետիսովա) Ֆրանսիա, Ուկրաինա, Վրաստան 2013թ. Ֆրանսիա – 426.733 եվրո, Ուկրաինա – 1.157.267 եվրո, Վրաստան – 198.000 եվրո
10. «Չնչիկ» ֆիլմի նկարահանման համար (ռեժ.` Ա. Շահբազյան) Շվեյցարիա` AVANTI ծրագիր, Նիդերլանդների Թագավորություն` «Hubert Bals Fund», Գերմանիա` «WFC» անավարտ 50,000 եվրո

 

2009թ. «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ» ՊՈԱԿ-ը ստացել է 3.600.000 ՀՀ դրամ Ամերիկայի Միացյալ Նահանգների «Ջինիշյան հիշատակի հիմնադրամից» «Հերոսական բալլադի» խորեոգրաֆիկ բեմադրական ծախսերի համար:

2013թ. «Դուետ» թատերական միջազգային փառատոնի և «Գյումրին ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք» միջոցառումների համար «Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ին Ռուսաստանի Դաշնության կողմից հատկացվել է 501.140 ՌԴ ռուբլի (շուրջ 16 հազար դոլար):

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը 2008-2014թթ. Իտալիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Լատվիայից, «Բաց հասարակության հիմնադրամ – Հայաստանից» և «Եվրասիա» հիմնադրամից տարբեր համերգների կազմակերպման և իրականացման համար ստացել է 21.177.600 ՀՀ դրամ ընդհանուր գումարի դրամաշնորհներ:

Աղմուկ հանած Գառնի համայնքի վարչական տարածքում գտնվող միջնադարյան «Կամուրջ» հուշարձանի վերականգնումը և ամրակայումն իրականացվել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն 2011թ. հատկացրած 32.423.368 ՀՀ դրամով: Գումարը հատկացվել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2012թ. «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին հատկացվել է 8.000 ԱՄՆ դոլար «Մշակութային քաղաքականություն և քաղաքականություն մշակույթի համար: Մշակույթ և զարգացում» խորագրով միջազգային տարածաշրջանային 2-րդ գիտաժողովի կազմակերպման համար: Իսկ ահա 2014թ. Եվրոպական Միությունից ստացվել է 9.500 եվրո դրամաշնորհ «Եվրոպական ժառանգության օրեր» հաղորդակցման պլատֆորմի զարգացման և ԵԺՕ հաղորդակցման պլատֆորմին ազգային կայքէջի ինտեգրման համար:

2011թ. «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը Եվրոպայի խորհրդի կողմից ստացել է 8.440 եվրո «Հայաստանի պատմական քաղաքների մշակութային ժառանգության վերականգնում» ծրագիրն իրականցնելու համար:

Հայաստանի ազգային պատկերասրահը 2010-2013թթ. Իտալիայից և Ճապոնիայից ստացել է 126.664.604 ՀՀ դրամի նյութեր և սարքավորումներ:

Ռուսական արվեստի թանգարանը 2012թ. ՌԴ-ից ստացել է 2.722.917 ՀՀ դրամ թանգարանային առարկաների վերականգնման և տպագրական աշխատանքների իրականացման համար:

Տարբեր մարզային գրադարաններ 2010-2012թթ. ստացել են դրամաշնորհներ «Սիվիլիթաս» հիմնադրամից, Նիդերլանդների թագավորությունից և ԱՄՆ-ից: Դրամաշնորհները, որոնց ընդհանուր գումարը կազմել է 19.700.700 ՀՀ դրամ, օգտագործվել են նոր գրքերի և սարքավորումների ձեռք բերման նպատակով:

Ըստ երկրների

Այսպիսով, հանրագումարում Հայաստանի մշակույթի ոլորտին վերջին 10 տարում եվրոպական կառույցները և երկրները հատկացրել են ավելի քան 1,4* մլն ԱՄՆ դոլար, Ուկրաինան՝ մոտ 1.3 միլիոն ԱՄՆ դոլար, ԱՄՆ-ն՝ ավելի քան 700 հազար ԱՄՆ դոլար, Ռուսաստանը՝ մոտ 360 հազար ԱՄՆ դոլար, Վրաստանը՝ մոտ 230 հազար ԱՄՆ դոլար և Ճապոնիան՝ ավելի քան 100 հազար ԱՄՆ դոլար:

Այսպիսով, ստացվում է, որ ամենաշատը Հայաստանի մշակույթի ոլորտը աջակցություն է ստանում Եվրոպայից:

Բացի այդ, զավեշտալի է, որ թեև սա ներկա դրությամբ մեր կողմից հայտնաբերված միակ ոլորտն է, որը ֆինանսական աջակցություն է ստանում Ռուսաստանից, սակայն այդ աջակցությունը ավելի քան եռապատիկ քիչ է Ուկրաինայից ստացած դրամաշնորհներից և ընդամենը մի փոքր ավել է հարևան Վրաստանից ստացված դրամաշնորհներից:

Mshak Arm

* – Եվրոպական, ուկրաինական, վրացական և ռուսական դրամաշնորհների թվերը՝ արտահայտված ԱՄՆ դոլարով, կարող են մի քանի տոկոսով տարբերվել՝ փոխարժեքների տատանումների պատճառով:

 

Տաթևիկ Վարդանյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող