Տնտեսական նոր մոդելի պահանջ

Նախաբան

Թեև Հայաստանի տնտեսությունն անկախությունից ի վեր բավական փոփոխություններ է կրել, ներկայում այն  կանգնած է հիմնովին վերափոխման բարդ մարտահրավերների առջև։ Դեռևս չեն հաղթահարվել արդեն երկու տասնամյակից ավելի  անցումային շեմը բոլորած վերափոխումային գործընթացներին ներհատուկ այնպիսի մարտահրավերներ, ինչպիսիք են` բնակչության ցածր կենսամակարդակն ու եկամուտների գերբևեռացումը, գործազրկությունը, մենաշնորհն ու կլանայնությունը, կոռուպցիոն ռիսկերը, բնակչության միգրացիան, տնտեսության ստվերայնության բարձր աստիճանը:

Հետճգնաժամային շրջանում Հայաստանի ՀՆԱ-ի մասնաբաժինն աշխարհի ՀՆԱ-ում դեռևս չի վերականգնել 2008 թ. մակարդակը (0.018%)` 2016 թվականի դրությամբ հասնելով ընդամենը 0.014% -ի:

Իրավիճակ

Ճգնաժամը, որում հայտնվել է Հայաստանը, պահանջում է անցում զարգացման նոր մոդելի: Մինչ այսօր, ինչպես և նախկինում, գերակշռում է սպառման գերակայությամբ պայմանավորված տնտեսական աճի մոդելը. եկամուտների ավելացումը (ինչպես աշխատավարձերի բարձրացման, այնպես էլ տրանսֆերտների հաշվին) հանգեցնում է պահանջարկի աճին, ինչն իր հերթին մեծացնում է արտադրության կամ ներմուծումների ծավալները։ Նման մոդելի գոյության պայմաններն են դրամի կայուն փոխարժեքը, բարձր տոկոսադրույքները, բանկային պահուստների բարձր մակարդակը, արտահանման նկատմամբ ներմուծմանը գերապատվություն տալը, աշխատուժի արտահանումը (շատ տրանսֆերտներ ստանալու համար) և դրա հետ կապված մարդկանց արտագաղթը, ներքին խնայողությունները ներդրումների վերածելու մեխանիզմների ու ինստիտուտների բացակայությունը, ներդրումային բանկերի ու ֆոնդերի բացակայությունը, տնտեսության մեջ դինամիկ կառուցվածքային փոփոխությունների անհնարինությունը, անուղղակի հարկերի գերակայությունը, հարստության կենտրոնացումը (ավելի արագ, քան եկամուտների կենտրոնացումը) և այլն։

Մոդելին բնորոշ գծերից է մասնավոր սպառման բարձր տեսակարար կշիռը ՀՆԱ-ում։ Առանձին տարիներին սպառումը նույնիսկ գերազանցել է ՀՆԱ-ն։

Խնդիրներ

ա/ Տնտեսության համարյա բոլոր ճյուղերում կառավարման, ինչպես նաև զարգացման հեռանկարների առումով շարունակվող անորոշություն,

բ/ Ցածր արտադրողական աշխատանք, երկար փողերի բացակայություն,

գ/ 4 սահմանափակումներ, որոնք զսպում են երկարաժամկետ և կայուն տնտեսական աճը՝

1. Մարդկային կապիտալի ցածր որակ: Քանակական առումով Հայաստանը կրթված մարդկանց պակաս չունի: Աշխատուժի հետ կապված խնդիրներն արմատապես կապված են որակի հետ: Տնտեսության կողմից պահանջվող և ներկայիս կրթական համակարգի կողմից փաստացի առաջարկվող աշխատուժի որակների միջև էական ճեղքվածք կա:

2. Անկատար մրցակցային միջավայր: Անարդար մրցակցային դաշտը և ստվերային տնտեսությունը ստեղծում են բազմաշերտ անբարենպաստ ազդեցություններ և՛ ընկերությունների, և՛ երկրի մակարդակով: Մրցակցային դաշտի առողջացումն ու բոլոր ընկերությունների համար հավասար դաշտի ստեղծումը կխթանեն Հայաստանում ձեռներեցության զարգացումը:

3. Հնարավորությունների բացահայտման պակաս: Հայաստանի աճի հեռանկարներն անխուսափելիորեն կապված են արտահանման հետ: Արտահանման և ներդրումների ներկա կառուցվածքը չեն նպաստում արտահանման նոր հնարավորությունների բացահայտմանը և նորարարությունների խթանմանը։ Արդյունավետ արդյունաբերական քաղաքականությունը պետք է միտված լինի նմանատիպ հնարավորությունների ստեղծմանը։

4. Միաչափ ֆինանսական համակարգ: Աճի հիմնական խոչընդոտը ֆինանսական համակարգի միակողմանիությունն է: Վերջինս թույլ չի տալիս ունենալ տնտեսության տարբեր հատվածների կարիքներին հարմարեցված բազմատեսակ գործիքներ: Տնտեսության աճը սպասարկելու համար անհրաժեշտ է ունենալ արդյունավետ և դիվերսիֆիկացված ֆինանսական համակարգ:

Առաջարկություններ

Տնտեսական հեղափոխությունը և նրա հաջողությունն ամբողջովին պայմանավորված են  լինելու վարքագծային վերափոխումներով:

Նախ`

– կարիք կա կանոնակարգելու նոր գաղափարախոսության հիմնադրույթները-պահանջները, հրատապ անհրաժեշտություն կա, հստակ ձևակերպելուց զատ, տնտեսական կյանքի մասնակիցներին տեղ հասցնել նոր սկզբունքները, կանոնակարգերը,

– պետք է առանց հապաղելու սկսել նոր ինստիտուտների` նոր իրենց էությամբ և բովանդակությամբ, ձևավորման գործընթացները:

Կառավարությունն ու ԿԲ-ն պետք է անցնեն նոր տնտեսական քաղաքականության։ Պետք է խրախուսել ներդրումները։

Ժամանակակից ներդրումային տնտեսական քաղաքականության պայմաններում ներդրումները հիմնվում են ոչ թե օրենքների, այլ ինստիտուտների վրա։ Արևմուտքում լայն տարածում են գտել այնպիսի ներդրումային ինստիտուտներ (փոխադարձ հիմնադրամներ, ներդրումային գրասենյակներ, դրամական շուկայի փոխադարձ ֆոնդեր, կուտակային կենսաթոշակներ), որոնց պարագայում մարդը, ներդրում կատարելով, սպառում է և սպառելով ներդնում է։ Սրանք ներդրումային վարքի յուրահատուկ ինստիտուտներ են, որտեղ բարեհաջող լուծում է գտնում  ներդրումների և սպառման միջև առկա հավերժական հակասությունը։

Կարիք կա օրենսդրորեն սահմանել ներդրումներ հասկացությունը:

Ունիվերսալ բանկային համակարգից անցնել մասնագիտացված (ըստ գործունեության ոլորտների ու ճյուղերի) բանկային համակարգի։

Պետական արժեթղթերի վաճառքը քաղաքացիներին, անհատներին (ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս) իրականացնել ինչպես բանկերի միջոցով, այնպես էլ անմիջականորեն։

Գործարկել ՀՀ ֆոնդային բորսան: Վերացնել սահմանի վրա ԱԱՀ գանձելու պրակտիկան։ Սա ներդրողների համար կհանգեցնի հարկային բեռի հավասարաչափ բաշխմանը ժամանակի մեջ։ Մտցնել եկամուտների և գույքի համատարած հայտարարագրում բոլորի համար։

Հետայսու բացառել արտաքին փոխառությունների ու վարկերի հաշվին սպառմանն ուղղված միջոցառումների, վերանորոգումների, շրջանառու միջոցների համալրման և այլն ֆինանսավորումը։ Պետության կողմից կամ պետական երաշխիքների հաշվին արտաքին պարտքի ավելացումը թույլատրել բացառապես նոր հիմնական կապիտալի տարրերի ֆինանսավորման և/կամ տեխնոլոգիաների տրանսֆերտի դեպքերում։

Արտապատվիրել՝ աութսորս անել հնարավորիս շատ պետական ծառայություններ, օրինակ՝ ջրային ռեսուրսների կառավարումը, ֆինանսական վերահսկողությունը:

Ընդունել Հայաստանի Հանրապետության օրենքը պետություն-մասնավոր գործընկերության մասին:

Առաջարկներ ուղղված միջազգային կառույցներին՝ ՀԲ, Արժույթի միջազգային հիմնադրամ

Բարեփոխումների, տնտեսական հեղափոխության իրականացման մարտավարության, քայլերի հերթականության մշակում: Այդ նպատակով անհրաժեշտ է՝

ա/ ինստիտուցիոնալ բարեփոխումների աջակցում,

բ/ ենթակառուցվածքների ֆինանսավորում և կառավարման փորձի աջակցություն:

Կառուցվածքային բարեփոխումների իրականացում, մասնավորապես՝

գ/ կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության կառավարման արմատական փոփոխության աջակցություն,

դ/ գյուղատնտեսության կառավարման ժամանակակից մեթոդների, տեխնոլոգիաների կիրառման աջակցություն,

զ/  էներգետիկայի զարգացման նոր ռազմավարության մշակման աջակցություն:

ՀԳ. Տնտեսական հեղափոխությունն իրականացնելու հաջողության նախապայմաններից շատ կարևոր է, որ այն ընկալելի լինի մարդկանց համար: Շատ բարեփոխումներ իրենց նպատակին չեն հասել հենց այն պատճառով, որ մարդկանց չի ներկայացվել իրականացվող քայլերի նշանակությունը, դրանց բովանդակային և կիրառական մանրամասները:

Առաջարկությունների փաթեթի ամբողջական տարբերակը կարդացեք այստեղ։

Վահագն Խաչատրյան 

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող