Սիրիայի մասին ԱԳՆ հայտարարությունը նոր իրավիճակ է ստեղծում Հայաստանի համար

Վերջին օրերին Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող զարգացումները և դրանց վերաբերյալ Հայաստանի արձագանքը կարող է էականորեն մեծացնել տարածաշրջանում Հայաստանի դերը՝ որպես ինքնիշխան և ինքնուրույն խաղացողի։

Իրադարձությունները Սիրիայում

Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հայտարարեց Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին, Թուրքիան ռազմական գործողություններ սկսեց Սիրիայի հյուսիսում՝ ընդդեմ այնտեղ ապրող քրդերի։ Ըստ թուրքական պաշտոնական դիրքորոշման, Սիրիայի հյուսիսում բնակվող քրդերը և նրանց զինված խմբավորումները Թուրքիայի կողմից ահաբեկչական հռչակված Քրդական աշխատավորական կուսակցության մաս են կազմում։ Սիրիայի քրդերը, սակայն, սիրիական պատերազմի ողջ ընթացքում ԱՄՆ աջակցությամբ պայքար են մղել ընդդեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, իսկ պատերազմի ակտիվ փուլի ավարտից հետո լայն ինքնավարություն ստացել Սիրիայի հյուսիսում։ Այդտեղ Թուրքիայի ծավալած ռազմական գործողությունը կոչվում է «Խաղաղության աղբյուր», և դրա նպատակը, ըստ պաշտոնական Անկարայի, թուրք-սիրիական սահմանին քրդական ուժերից ազատ գոտու ստեղծումն է, որտեղ կվերաբնակեցվեն Սիրիայից Թուրքիա տեղափոխված փախստականները։

Պաշտոնական Դամասկոսը, թեև տեղյակ է պահվել Անկարայի կողմից ռազմական գործողության մասին, այնուամենայնիվ, տեղի ունեցողը համարում է իր ինքնիշխանության ոտնահարում և ագրեսիա։ Միևնույն ժամանակ, սակայն, Սիրիայի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ քրդերը պետք է վերադառնան պաշտոնական կառավարության վերահսկողության տակ։ Այսինքն, ըստ ամենայնի, ստեղծված իրավիճակը սիրիական իշխանություններն ուզում են օգտագործել քրդական ինքնավարությունն իրենց ենթարկելու համար։

Միջազգային արձագանքը

Թեև ԱՄՆ-ն, Սիրիայից դուրս բերելով իր զորքերը, փաստացի, քարտ բլանշ տվեց Թուրքիային «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունն իրականացնելու համար, այնուամենայնիվ, ռազմական գործողության մասին հայտարարությունից հետո շտապեց սպառնալ Թուրքիային, որ պատժամիջոցներ կկիրառի Անկարայի նկատմամբ այդ հարձակման համար։ Թուրքիայի գործողությունների կապակցությամբ իրենց մտահոգությունն են հայտնել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը։ ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին կոչ է արել Թուրքիային անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Թուրքական գործողությանը բացասական են վերաբերվում նաև Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Լեհաստանը և Բելգիան, որոնց նախաձեռնությամբ տեղի է ունենալու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ։ Սիրիա թուրքական ներխուժմանը դեմ են արտահայտվում նաև տարածաշրջանի երկրները, մասնավորապես՝ Իրանը, Իրաքը և Եգիպտոսը։ Ճապոնիան և Կանադան, իրենց հերթին, մտահոգություն են հայտնել, որ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունները կարող են հանգեցնել նոր միգրացիոն ճգնաժամի։

Հայաստանի արձագանքը եւ դրա նշանակությունը

Սիրիայի տարածքում Թուրքիայի ծավալած ռազմական գործողությունների կապակցությամբ Հայաստանի արձագանքն ուշագրավ է ոչ միայն տարածաշրջանում Հայաստանի դերակատարման տեսանկյունից, այլ հետաքրքրական է այս հարցի շուրջ ՀՀ դաշնակից Ռուսաստանի դիրքորոշման համատեքստում։

Այսպես, հոկտեմբերի 10-ին Հայաստանի ԱԳՆ-ն հանդես եկավ բավական խիստ հայտարարությամբ՝ նշելով, որ Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո մարդասիրական նոր ճգնաժամի։ Բացի սա, ՀՀ ԱԳՆ-ն հատկապես ընդգծեց, որ այս ռազմական ներխուժումը ստեղծում է նաև ինքնության հիմքով մարդու իրավունքների ծանր և զանգվածային խախտումների անմիջական վտանգ՝ նախ և առաջ նկատի ունենալով հանգամանքը, որ Սիրիայի նշված շրջաններում առկա է հայկական բնակչություն։

Այստեղ ուշագրավ է, որ սիրիական հակամարտության ողջ ընթացքում՝ սկսած 2011 թվականից, Հայաստանը հնարավորինս զերծ է մնացել ճգնաժամի վերաբերյալ հայտարարություններ տարածելուց։ Բացառություն էին կազմում, թերևս, 2014 թվականի ապրիլին Սիրիայի հայաբնակ Քեսաբ բնակավայրի շուրջ ծավալվող իրադարձությունները, երբ Թուրքիայի տարածքից մուտք գործած զինված խմբավորումները հարձակվել էին հայաբնակ այդ շրջանի վրա։ Այդ կապակցությամբ հայտարարություն էր արել այն ժամանակվա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հիշեցնելով պատմության այն դեպքերը, երբ այդ շրջանների հայ բնակչությունը ենթարկվել է տարհանումների։

Այս օրերի հայկական արձագանքը, սակայն, բոլորովին այլ երանգներ ունի՝ տարածաշրջանում ուժերի ներկա դասավորվածության համատեքստում։ Նախ և առաջ, խոսքը գնում է ռուս-թուրքական հարաբերությունների և Սիրիայում թուրքական ռազմական գործողության նկատմամբ ռուսական դիրքորոշման մասին։ Նախ՝ հարկ է նշել, որ մինչ ռազմական գործողության սկիզբը՝ հոկտեմբերի 9-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում քննարկվել էր հենց սիրիական հակամարտությունը։ Բացի սա, հոկտեմբերի 8-ին հեռախոսազրույց էր տեղի ունեցել ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարների միջև, որի ընթացքում ևս քննարկվել էր Սիրիայի հարցը։ Բացի սա, հարկ է նշել, որ վերջին շրջանում ռուս-թուրքական հարաբերությունները որակապես նոր մակարդակ են ստացել՝ հատկապես այն բանից հետո, երբ Թուրքիան, ի հեճուկս ԱՄՆ-ի, ձեռք բերեց ռուսական հակաօդային պաշտպանության Ս-400 համակարգերը։ Վերը թվարկվածը, ինչպես նաև հանգամանքը, որ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների մեկնարկից հետո Մոսկվան հանդես չի եկել դրանք դատապարտող հայտարարությամբ, վկայում են, որ ՌԴ-ն առնվազն դեմ չէ Սիրիայում Թուրքիայի ծավալած գործողություններին և տեղյակ է Անկարայի պլաններից։

Հայաստանն այս համատեքստում հայտնվել է իր համար բավական նոր իրավիճակում։ Հանդես գալով թուրքական ներխուժումը դատապարտող հայտարարությամբ՝ Հայաստանը, փաստացի, հանդես է գալիս միջազգային հանրության հետ համահունչ, այնինչ ՀՀ ռազմավարական դաշնակիցն այլ մոտեցում ունի այս հարցում։ Միևնույն ժամանակ, Հայաստանն այն սակավաթիվ երկրներից է, որն աջակցում է Սիրիայում ռուսական ռազմական ներկայությունը և մարդասիրական խումբ է ուղարկել Սիրիա՝ ՌԴ հովանավորության տակ գտնվող սիրիական իշխանությունների խնդրանքով։ Ստեղծված իրավիճակը, անշուշտ, Հայաստանից պահանջելու է միջազգային հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ-ում, ճկուն քաղաքականություն դրսևորել, սակայն միաժամանակ բարձրացնելու է Հայաստանի դերը՝ որպես ինքնիշխան և տարածաշրջանում որոշակի կշիռ ունեցող խաղացողի։

Վահե Ղուկասյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող