Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ընթացակարգը պետք է բարելավել

Հայաստանում տասնամյակներ շարունակ բազմաթիվ պաշտոնատար անձինք ապօրինաբար հարստացել են և գույք ձեռք բերել։ 2018 թվականի ապրիլ-մայիսյան թավշյա հեղափոխությունից հետո սկսվել է կոռուպցիայի դեմ պայքարի նոր փուլ, որի առանցքային բաղադրիչներից է ապօրինի ձեռք բերված գույքի վերադարձը պետությանը։

Այս նպատակով Արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» մասին ՀՀ օրենքի նախագիծ, որը, սակայն, կարիք ունի որոշակի փոփոխությունների և բարելավումների։

Մասնավորապես, այդ օրենսդրական նախագծի խոցելի կետերից են օպերատիվության բացակայությունը, ապօրինի ձեռք բերված գույքի տնօրինման և իրավական որոշ ձևակերպումների հետ։

Ինչպես ասվում է օրինագծի կապակցությամբ քաղհասարակության հեղինակավոր կազմակերպությունների ներկայացրած առաջարկությունների փաթեթում, ԱՆ ներկայացրած նախագծով, օրինակ, նախատեսվում են բազմաթիվ ժամանակատար գործողություններ, տարաբնույթ փորձաքննությունների իրականացումը։

Քաղհասարակության առաջարկած փոփոխություններով նախատեսվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման քաղաքականությունն իրացնել՝ առաջնորդվելով այդ գործընթացը քաղաքացիական դատավարության ընթացակարգով հայցի հարուցում «գույքի դեմ» սկզբունքով։ Սա թույլ կտա բռնագրավել ապօրինի ծագում ունեցող գույքը, եթե դատարանում ապացուցման բեռը կրող 51 տոկոսով ապացուցի իր պնդումները։

Բացի սա, քաղհասարակությունն առաջարկում է վերցնել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի ընթացակարգ նախաձեռնելու մենաշնորհը գլխավոր դատախազությունից և նման իրավասություն տալ նաև ստեղծվելիք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում։

Ինչ վերաբերում է ապօրինի ձեռք բերված գույքի ճակատագրին՝ բռնագանձվելուց հետո, ապա քաղհասարակությունն այս դեպքում էլ բացեր է տեսնում ԱՆ մշակած օրինագծում։

Այսպես, ըստ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» մասին ՀՀ օրենքի նախագծի, դատարանը կարող է մասնակիորեն կասեցնել գույքի բռնագրավումը, եթե խոսքը գնում է մասնագիտական և ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու դեպքերի մասին։ Այսինքն, ապօրինի ծագում ունեցող գույքը, որը, ենթադրենք, որևէ ձեռնարկատիրական հիմնարկ է, կարող է շարունակել շահույթ բերել իր տիրապետողին, քանի դեռ ընթանում է դատական գործը։ Քաղհասարակության կազմակերպությունները, ըստ այդմ, առաջարկում են շտկել այս բացը՝ բռնագրավման կասեցման հիմքերի շարքից հանելով մասնագիտական կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու դեպքերը։

Իսկ արդեն բռնագրավված գույքի դեպքում վերոնշյալ փաթեթով առաջարկվում է նախագծում ամրագրել, որ դատական վարույթի արդյունքում բռնագանձված գույքի 95 տոկոսը պետք է ուղղվի պետական գանձապետարան: Մնացյալից 2.5 տոկոսը անհրաժեշտ է հատկացնել տվյալ վարույթում ներգրավված համապատասխան աշխատակցին/աշխատակիցներին՝ որպես խրախուսում, իսկ մնացած 2.5 տոկոսը՝ փախանցել այն կառույցի բյուջե, որին ներկայացնում է աշխատակիցը/աշխատակիցները:

Նշենք, որ սույն առաջարկությունների հեղինակներն են «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։

Առնչվող