Ներառական կրթության խնդիրները Հայաստանում․ մշտադիտարկման արդյունքներ

2019 թվականից ՀՀ Տավուշի, Լոռու, Սյունիքի և Արմավիրի մարզերն անցում են կատարել համընդհանուր ներառական դպրոցական համակարգի, սակայն, ինչպես ցույց են տալիս կատարված հետազոտության արդյունքները, այդ ոլորտում առկա են բազմաթիվ արմատական խնդիրներ։

Մասնավորապես, 2018 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության արած մշտադիտարկման արդյունքները վկայում են այն մասին, որ շատ դպրոցներում համընդհանուր ներառական համակարգի ներդրումը սահմանափակվել է միայն կրթական հաստատությունների մուտքերի մոտ թեքահարթակների տեղադրմամբ։

Ի՞նչ է ներառական կրթական համակարգը

Ըստ Հանրային քաղաքականության ինստիտուտի ձևակերպման, ներառական կրթությունը նշանակում է, որ բոլոր աշակերտները (ուսանողները)՝ անկախ իրենց ֆիզիկական և մտավոր կարողություններից, հաճախում են իրենց տարածքային դպրոց, տարիքին համապատասխան, սովորական դասարան և իրենց աջակցում են սովորել և մասնակցել դպրոցական կյանքի բոլոր ասպեկտներում: Ըստ ՀՀ կառավարության 2019 թվականի ծրագրի, նախատեսվում է «անցնել համընդհանուր ներառական հանրակրթությանը հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում մինչև 2023 թվականը»։

Համընդհանուր ներառական կրթական համակարգը ենթադրում է կրթության էկոլոգիայի և աշխատաոճի արմատական փոփոխություն։

Որո՞նք են ներառական կրթության համակարգի խնդիրները Հայաստանում

Վերոնշյալ ուսումնասիրության հեղինակների կարծիքով, Հայաստանում ներառական կրթության համակարգի ներդրման խնդիրներից ամենաելակետայինն այն է, որ այդ համակարգի ներդրումը կապվել է պետությունից լրացուցիչ գումար ստանալու ակնկալիքի հետ։ «Շատ դպրոցներ ընդգրկվեցին ծրագրում լրացուցիչ գումարներ, ռեսուրսներ ստանալու ակնկալիքով։ Վերջին տարիներին բացահայտվեցին մի շարք դեպքեր, երբ դպրոցներում արձանագրվել էին չարաշահումներ, յուրացումներ, ներառական կրթության համար հատկացված ռեսուրսներն այլ նպատակներով օգտագործելու դեպքեր։ Պետությունից լրացուցիչ գումարներ կորզելու նպատակով երեխաները ընդգրկվել էին ներառական կրթության համակարգում»,- ասվում է ուսումնասիրության մեջ:

Բացի սա, մշտադիտարկման ընթացքում կատարված դիտարկումների արդյունքում պարզ է դարձել, որ դպրոցների ֆիզիկական միջավայրը շատ հեռու է ներառական կրթության համար անհրաժեշտ պայմաններից։ Միակ բանը, որը գրեթե բոլոր դպրոցներում կա, մուտքի թեքահարթակն է։ Մնացած առումներով ենթակառուցվածքները չեն համապատասխանում ներկայացվող պահանջներին։ Մարզադահլիճների, հանդիսությունների դահլիճների, զուգարանների հասանելիության հարցը մնում է անլուծելի։

Ի թիվս ոլորտում առկա մյուս խնդիրների, առանձնապես մտահոգիչ է ուսուցիչների վերապատրաստումը, որը համակարգման և որոշակիության կարիք ունի։

Ինչ վերաբերում է հատուկ կարիքներ ունեցող երեխաների անհատական ուսումնական պլաններին, ապա ուսումնասիրության ընթացքում բացահայտվել է, որ դպրոցներում դա համարում են ձևական գործիք, որն ընկալվում է որպես գրավոր փաստաթուղթ, թղթավարության մաս։ Ընդհանուր առմամբ, շատ խնդրահարույց է երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթացը։ Ըստ մշտադիտարկման արդյունքների, երեխաների գնահատման գործընթացը շատ կարճ է տևում, ինչը հնարավորություն չի տալիս երեխային տեսնել ավելի ամբողջական, տարբեր իրավիճակներում և ճիշտ գնահատել։ Արդյունքում՝ կան մտահոգություններ, որ երեխաների խնդիրները «մեղմ» են գնահատվում, ինչի հետևանքով երեխան չի համարվում կրթության առանձնահատուկ պայմանի կարիք ունեցող, իսկ որոշ երեխաների խնդիրներն էլ թեթև են գնահատվում։

Նույն խնդիրը դրսևորվում է նաև երեխաների առաջադիմության գնահատման համակարգում։ Մասնավորապես, շատ դեպքերում կրթական ծրագրերը երեխայի ընդունակություններին համապատասխան չեն, բարդ են, իսկ առանձին դեպքերում էլ կա հակառակ երևույթը՝ որոշ երեխաների հնարավորությունները, կարողությունները թերագնահատվում են, ինչի արդյունքում երեխայի մոտ հետընթաց է արձանագրվում:

Առաջարկությունները

Եզրափակելով ուսումնասիրության արդյունքները՝ հեղինակները հանդես են եկել մի շարք առաջարկություններով, որոնք կօգնեն իրական ներառականություն ապահովել հայաստանյան դպրոցներում։

Ուսումնասիրության հեղինակները, ըստ այդմ, առաջարկում են ուսուցիչների վերապատրաստման գործում ուսումնասիրել և կիրառել միջազգային լավագույն փորձը, կազմել վերապատրաստողների թիմ, ստեղծել վերապատրաստումների մի քանի թեմատիկ մոդուլներ, նորընտիր տնօրենների, փոխտնօրենների համար նախատեսել պարտադիր դասընթացներ ներառական կրթության վերաբերյալ։

Առաջարկվում է նաև մանկավարժական համալսարաններում ներառական կրթությունը դասավանդել ոչ միայն որպես առանձին առարկա կամ թեմա, այլև դիտարկել որպես դասավանդվող բոլոր առարկաների մաս՝ շեշտը դնելով ներառականություն ապահովող մեթոդների ուսուցման վրա։

Ըստ ուսումնասիրության հեղինակների, անհրաժեշտ է նաև կատարել ներառական կրթության իրականացման ֆինանսական հաշվարկ՝ հասկանալու համար, թե որքան է անհրաժեշտ պայմաններ ապահովելու և արդյունավետ ծառայություններ մատուցելու համար։

Ընդհանուր առմամբ, հարկ է նշել, որ ներառական կրթության համակարգը կարևորագույն քայլ է ավելի առողջ, հանդուրժող ու հոգատար հասարակություն ունենալու ճանապարհին։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։

Առնչվող