Իրավապաշտպաններն ահազանգում են ատելության քարոզի և ոստիկանության անգործության մասին

Հայաստանում շարունակվում են «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի» մասին քննարկումները, որոնք, սակայն, ուղեկցվում են կեղծ թեզերի շահարկումներով և ատելության խոսքով։

Չնայած այն հանգամանքին, որ վերոնշյալ կոնվենցիայի (հայտնի է նաև որպես «Ստամբուլյան կոնվենցիա»` այն պատճառով, որ ընդունվել է Ստամբուլ քաղաքում) վերաբերյալ եղել են բազմաթիվ բացատրող ու պարզաբանող հրապարակումներ, այնուամենայնիվ, որոշ քաղաքացիներ և քաղաքական ուժեր շարունակում են դրա շուրջ հանրությանը մոլորեցնող հայտարարություններով հանդես գալ։

Այսպես, արդեն ամիսներ շարունակ մի խումբ անձինք, չունենալով համապատասխան թույլտվություն քաղաքապետարանից, Ազգային ժողովի դարպասների մոտ և Հյուսիսային պողոտայում իրականացնում են Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ուղղված ակցիա, որի ընթացքում պարբերաբար հնչեցնում են ատելության խոսք։

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան», որի մաս են կազմում տասը կազմակերպություններ, հանդես է եկել հայտարարությամբ, որով ահազանգում է տեղի ունեցող անօրինությունների մասին։

«Երեք ամիս շարունակ Երևանի կենտրոնական փողոցներում՝ Հյուսիսային պողոտայում և Ազգային ժողովի շենքի դիմաց սեղանիկներ տեղադրած և դրանց շուրջ կանգնած մարդիկ, որոնք հավաքում են ստորագրություններ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ, ագրեսիվ բառապաշարով և բռնության կոչերով են ուղեկցում այդ տարածքներում հայտնվող իրավապաշտպաններին ու իրենց կարծիքը չկիսող անցորդներին»,- ասվում է կոալիցիայի հայտարարության մեջ, որտեղ նշվում է նաև այդ անձանց կողմից երկու ուսանողների նկատմամբ իրականացված բռնության մասին։

Իրավապաշտպանները հայտարարությունում նաև մտահոգություն են հայտնում, որ չնայած այդ քաղաքացիների իրականացրած ապօրինությունների մասին ոստիկանություն ներկայացրած դիմումներին, ոչ մի քայլ այդ ուղղությամբ դեռևս չի ձեռնարկվել։

«Դեռևս երկու ամիս առաջ՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը  պաշտոնապես դիմել էր Երևան քաղաքի Կենտրոնի ոստիկանության բաժին, պահանջելով անհապաղ հեռացնել առանց համայնքի ղեկավարի թույլտվության տեղադրված սեղանները, որոնց շուրջ հավաքված մարդիկ քաղաքում հանգիստ ու հրապարակային ոտնահարում են երևանցիների և Երևան ժամանած օտարերկրյա քաղաքացիների արժանապատվությունը: Նման դիմումները ՀՀ ոստիկանության կողմից մնացել են  անպատասխան և պարարտ հող նախապատրաստել հանրային վայրերում տարբեր խմբերի նկատմամբ, այդ թվում՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի երեք ուսանողի նկատմամբ ֆիզիկական բռնություն կիրառելու համար»,- ասվում է կոալիցիայի հայտարարությունում։

Իրավապաշտպանները արձանագրում են, որ որոշ ծայրահեղական խմբավորումներ՝ ազգային արժեքների պաշտպանության քողի ներքո, Երևանի կենտրոնում իրականացնում են ատելության ակնհայտ քարոզչություն և բռնության թիրախավորված գործողություններ, որոնք սպառնում են ՀՀ քաղաքացիների անվտանգությանն ու առողջությանը։

Ըստ այդմ, կոալիցիան իր հայտարարությամբ կոչ է անում ոստիկանությանը իրականացնել գործողություններ, որոնք կբացահայտեն անցած երեք ամիսների ընթացքում կատարված ակնհայտ ապօրինի գործողությունների հանցավորությունը։

Բացի սա, կոալիցիան պահանջում Երևանի քաղաքապետարանից պարզաբանել, թե ինչպես է տվյալ խումբը Երևանի կենտրոնում սեղանիկներ տեղադրել և մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին հակասող գործունեություն, այդ թվում նաև բռնության քարոզ իրականացնում թույլտվության բացակայությամբ։

Հայաստանը «Ստամբուլյան կոնվենցիային» միացել է 2018 թվականի հունվարին, իսկ ՀՀ նախկին կառավարությունը կոնվենցիան ստորագրելու հավանություն էր տվել դեռ 2017-ի դեկտեմբերի վերջին։  «Ստամբուլյան կոնվենցիայի» համաձայն, պետությունը պետք է պատասխանատու լինի կանանց նկատմամբ բռնության բոլոր ձևերի կանխարգելման, բռնության զոհերի պաշտպանության և բռնություն կատարողին պատասխանատվության ենթարկելու համար:

«Ստամբուլյան կոնվենցիայի» շուրջ շրջանառվող կեղծ թեզերի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել այստեղ։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։

Առնչվող